Լուսանկարը` Հայաստանի բանկերի միության
Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) խորհրդի մայիսի 24-ի նիստում կայացել է Հայաստանի բանկերի միության նախագահի հերթական ընտրությունը, որի արդյունքում միաձայն ՀԲՄ նախագահ է ընտրվել «Անելիք բանկ» ՓԲԸ վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը: Նա այդ պաշտունում փոխարինեց «Արարատբանկի» վարչության նախագահ, գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանին (ՀԲՄ նախագահ էր 2011թ. մարտից )։
Ըստ ՀԲՄ հաղորդագրության՝ Սամվել Ճզմաչյանը նախկինում ևս (2003 -2006 թվականներին) ղեկավարել է Հայաստանի բանկերի միությունը: «Ես շնորհակալ եմ Հայաստանի բանկերի միության խորհրդին բանկերի համար շատ կարևոր և մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում ՀԲՄ նախագահությունը կրկին ինձ վստահելու համար: Բանկային համակարգն ավանդաբար համարվում է Հայաստանի տնտեսության ամենամրցակցային և ամենակայացած ճյուղերից մեկը, և մենք բոլորս մեր ուժերի ներածի չափով, միշտ պետք է անենք հնարավորինս այն էլ ավելի ամուր և կայուն դարձնելու համար»,- ասել է Սամվել Ճզմաչյանը:
Նշենք, որ Բանկերի միության նախագահը, ըստ կանոնադրության, ընտրվում է խորհրդի կողմից երկու տարի ժամկետով, ընդ որում` միության նախագահի պաշտոնում նույն անձը չի կարող ընտրվել երկու անգամ անընդմեջ։ ՀԲՄ-ին անդամակցում է բանկային համակարգի 22 բանկերից 21-ը։
Civilnet











