Kickstarter-ում գրանցված նախագծերի թիվը հատել է 100 հազ-ի սահմանը

Կրեատիվ նախագծերի ֆինանսավորմամբ զբաղվող ամերիկյան Kickstarter ընկերությունում գրանցված նախագծերի թիվը հատել է 100 հազ-ի սահմանը, հաղորդում է BusinessInsider-ը:
Ընկերությունը ֆինանսավորում է տարատեսակ նախաձեռնություններ, ինչպես օրինակ ֆիլմերի, կոմիքսների, տեսախաղերի, երաժշտության, ապրանքների, սարքավորումների ստեղծում և այլն:
Kickstarter-ի ներկայացուցիչները նշում են, որ ֆինանսավորման հայտ ներկայացրածների մոտ կեսին` 43,96%-ին, հաջողվել է հավաքագրել պահանջվող գումարը: Ընկերության նախորդ 4 տարիների գործունեության ընթացքում օգտագործողները տարբեր ընկերություններում ներդրել են շուրջ $630 մլն, որից $535 մլն-ն օգտագործվել է տարբեր նախագծերի ֆինանսավորման նպատակով, իսկ $95 մլն-ը կա´մ վերադարձվել է ներդրողներին, կա´մ դեռ ներդրված է ակտիվ նախագծերի շարքում:
Ֆինանսավորում ստացած ամենաճանաչված նախագծերի թվում են ֆիլմերն ու տարատեսակ տեսանյութերը, որոնց հաջորդում են խաղերը, դիզայներական ու տեխնոլոգիական նախագծերը:
Հիշեցնենք, որ Kickstarter ստարտափը հիմնվել է 2009թ.: Յուրաքանչյուր նախագծի ֆինանսավորման համար հարկավոր է գրանցվել և տվյալ նախագծի նկարագրությունը տեղադրել ընկերության կայքում` նշելով նախագծի իրականացման ժամկետն ու հավաքագրման համար անհրաժեշտ նվազագույն միջոցները: Նշված ժամանակահատվածում գումարը չհավաքագրելու դեպքում միջոցները վերադարձվում են ներդրողներին: Միջոցները հավաքագրվում են Amazon Payments վճարային համակարգի միջոցով և միայն ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի բնակիչների շրջանում:
Թեմա
Civilnet










