Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովում մայիսի 29-ին` ժամը 15:00-ին, նախատեսված աշխատանքային քննարկումը` սպառողներին վաճառվող բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագների վերանայման վերաբերյալ, թեև մեկնարկեց նախատեսված ժամին, սակայն այդպես էլ մասնագիտական հարթություն չտեղափոխվեց:
Քննարկմանը ներկա հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու ակտիվիստները հանձնաժողովից պահանջեցին շենքի դիմաց հավաքված բոլոր անձանց թույլատրել մուտք գործել դահլիճ և մասնակցել քննարկմանը: ՀԾԿՀ նախագահի տեղակալ Շիրազ Կիրակոսյանը, իր հերթին, պատճառաբանեց, որ դահլիճի հնարավորությունները սահմանափակ են, ուստի քննարկմանը ոչ բոլոր ցանկացողները կարող են մասնակցել: Ակտիվիստները սակայն շարունակում էին հանձնաժողովից պահանջել ավելի ընդարձակ դահլիճի վարձակալում, ինչը կապահովեր բոլորի մասնակցությունը:
Քննարկման ընթացքում նախնական համաձայնություն ձեռք բերվեց ավելի ընդարձակ պայմաններում ևս մեկ քննարկում կազմակերպելու վերաբերյալ: Ուշագրավ է, որ ՀԾԿՀ-ի հրավիրած աշխատանքային քննարկումն ավելի շատ պետք է մասնագիտական բնույթ կրեր, սակայն ակտիվիստներն ավելի առաջնային համարեցին ընդարձակ դահլիճի ապահովման հարցը:
Հիշեցնենք, որ կառավարության նախորդ նիստին վարչապետ Տիգրան Սարգսյանը կոչ էր արել գազի սակագնի վերաբերյալ կազմակերպել մասնագիտական և աշխատանքային քննարկումներ:
Civilnet











