Գլխավոր Լրահոս

Որոտանի ջրերն էլ են թանկանալու

Որոտանի ջրերն էլ են թանկանալու

Վերջնական սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագնի Դ8-ով կամ 27%-ով հնարավոր բարձրացումը արդյունք է արտադրող կայանների կողմից առաքվող էլեկտրաէներգիայի թանկացման։ Բայց եթե ջէկերում և Մեծամորի ատոմակայանում սակագների աճը պայմանավորված է վառելիքի գների բարձրացմամբ, անհասկանալի է Որոտանի հէկերի համալիրում էլեկտրաէներգիայի 70%-ով թանկացման հեռանկարը։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կողմից էլեկտրաէներգիայի սակագնի նոր հաշվարկներից երևում է, որ սակագնի բարձրացումից շահելու են թե՛ արտադրող կայանները, թե՛ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը (հուլիսից բնակչության համար 1 կՎտ/ժ-ի ցերեկային սակագինը կբարձրանա մոտ 27%-ով՝ մինչև Դ38, գիշերայինը՝ 40%-ով՝ մինչև Դ28)։
Արտադրող կայանների կողմից 1 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի վաճառքի միջին սակագինն առանց ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) կազմելու է Դ14,86, էներգետիկ համակարգին ծառայություններ մատուցող ընկերությունների ծառայության գինը 1 կՎտ/ժ-ի հաշվով՝ Դ1,145։ Արդյունքում ՀԷՑ-ը 1 կՎտ/ժ-ը ձեռք է բերելու Դ16,375-ով և ներքին շուկայում վաճառելու Դ28,161 միջին սակագնով։

Ընկերության մարժան 1 կՎտ/ժ-ում փաստացի կազմելու է Դ11,8, այն դեպքում, երբ 2009թ. վերջնական սպառողների համար սակագինը հաստատելիս ՀԾԿՀ-ն ՀԷՑ-ի համար մարժա էր սահմանել Դ10,134-ը։ Մարժայի ընդլայնումը պայմանավորված է հիմնականում շահագործման ծախսերի ավելացումով և շահույթի աճի հանգամանքով։ Այսպես՝ 2009թ. համեմատ ՀԷՑ-ում շահագործման ծախսերն ավելանալու են 12,5%-ով՝ կազմելով Դ27 մլրդ, շահույթն ավելանալու է 52%-ով։ Սակագները հաշվարկելիս ՀԾԿՀ-ն հիմք է ընդունել 9% շահութաբերության մակարդակը։

Այդուհանդերձ, հաշվարկներում ոչ բոլոր տվյալներն են հստակ հիմնավորված։

Նախ՝ սակագների բարձրացման գործոններից մեկն այն է, որ ՀԷՑ-ը շարունակելու է բավական թանկ էլեկտրաէներգիա ձեռք բերել։ Հայաստանում ամենից թանկ էլեկտրաէներգիան համարվում է ՀրազՋԷԿ-ինը, և այս տարի ՀԷՑ-ի կողմից ձեռք բերվող 6 մլրդ կՎտ/ժ-ի մոտ 1,7%-ը (104 մլն կՎտ/ժ-ը) պետք է գնվի հենց ՀրազՋԷԿ-ից։ Թեև ծրագրված է, որ անցած տարվա համեմատ ՀրազՋԷԿ-ից ձեռք բերվող էլեկտրաէներգիայի ծավալները նվազելու են 80%-ով, այնուհանդերձ կայանի 1 կՎտ/ժ էլեկտրաէներգիան գնվելու է Դ59,47-ով (միադրույք սակագին)՝ ներկայիս Դ49,5-ի դիմաց։

Ներքին շուկայում ՀրազՋԷԿ-ի թանկ էլեկտրաէներգիան ծրագրվում է փոխարինել «Հրազդան-5»-ի համեմատաբար էժան էլեկտրաէներգիայով։ Բայցևայնպես, ձեռքբերման գինը շարունակելու է իրացման գնից բարձր մնալ։ Նախատեսվում է, որ շոգեգազային համակցված ցիկլով աշխատող «Հրազդան-5»-ը շուկա կառաքի 400 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, որի 1 կՎտ/ժ-ի միադրույք սակագինը կկազմի Դ33,4 (առանց ԱԱՀ)՝ ներկայիս Դ21,65-ի դիմաց։

«Երևանի ջէկը» ներքին շուկա կառաքի 829 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա՝ միադրույք սակագինը կկազմի Դ20։

ՀԷՑ-ի կողմից ձեռք բերվող էլեկտրաէներգիայի 22,3%-ը փաստացի լինելու է ջէկերի արտադրանք, որի սակագինն ամբողջովին կախված է գազի գնից։ Հասկանալի է, որ խոշոր գազասպառողների համար գազի սակագնի 14% հնարավոր բարձրացման պայմաններում կայանների արտադրանքը պետք է թանկանա։ Վերջին այս հանգամանքը հնարավոր է որոշակիորեն մեղմել այլ կայանների հզորությունների միջոցով, բայց հանձնաժողովը կարծես չի գնում այդ քայլին։

Այսպես՝ նախատեսվում է, որ «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը» ներքին շուկա պետք է առաքի 1 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա։ Երկդրույք համակարգում 1 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի սակագինը ծրագրվում է ներկայիս ֌4-ից բարձրացնել մինչև Դ6,8, իսկ հզորության ամսական վճարը՝ ներկայիս Դ189,19-ից մինչև Դ261։ Ստացվում է, որ ներքին շուկայում վերջնական սպառողների համար գազի թանկացման հետ զուգահեռ թանկանալու են Որոտանի ջրերը։

Հիդրոէլեկտրակայանների այս համալիրը պետական էներգետիկ կառույց է, և նրա սակագների հաշվին հնարավոր է վերջնական սպառողների համար մեղմել էլեկտրաէներգիայի թանկացումը։ Այդուհանդերձ, ՀԾԿՀ-ն ոչ միայն չի գնացել արտադրող կայաններում սակագնի իջեցման, այլև այն բարձրացնելու է 70%-ով։ Այս քայլը համալիրին Դ2,1 մլրդ-ի շահույթի կապահովի։

Այս տարի որոշակիորեն կթանկանա նաև «Միջազգային էներգետիկ կորպորացիայի» (Սևան-Հրազդան կասկադ հէկերի համալիր) կողմից ներքին շուկա առաքվող էլեկտրաէներգիան։ Ընկերության կողմից ծրագրված է ներքին շուկա առաքել 519 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա՝ Դ6,581-ով (միադրույք սակագին 1 կՎտ/ժ-ի հաշվով)։

Ուշագրավ է, որ մասնավոր հէկերի էլեկտրաէներգիայի սակագինն ավելի ցածր է, քան պետական Որոտանի համալիրինը (միադրույք սակագինը՝ Դ7,91/1կՎտ/ժ)։

Նախատեսված է, որ Մեծամորի ատոմակայանն այս տարի ներքին շուկա կառաքի 2,35 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա։ 1 կՎտ/ժ-ի սակագինը երկդրույք համակարգում կկազմի Դ5, հզորության ամսական վճարը՝ 3,6 հազ.։ Ներկայում ՀԱԷԿ-ի 1 կՎտ/ժ-ի սակագինը կազմում է 4,82, հզորության ամսական վճարը՝ Դ3 հազ.։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում