Միացյալ Նահանգների իշխանությունները բացահայտել են աշխարհում անօրինական վճարային խոշորագույն համակարգը, որի միջոցով 2006-ից $6 մլրդ գումար է «լվացվել»։ Համակարգի հիմնադիրը ծագումով ուկրաինացի Արթուր Բուդովսկին է, հաղորդում է BBC-ն։ Համակարգի բացահայտման մասին, որի միջոցով կատարվել է 55 մլն անօրինական տրանզակցիա, հայտարարել է Մանհեթենի դաշնային դատախազ Փրիթ Բհարարան:
Դատական գործում ներգրավված են համակարգի յոթ ղեկավարներն ու աշխատակիցները, այդ թվում՝ 39-ամյա Բուդովսկին և 41-ամյա Վլադիմիր Կացը: Բուդովսկին ձերբակալվել է Իսպանիայում և կարտահանձնվի ԱՄՆ-ին։ Կացը ձերբակալվել է Բրուքլինում: Կացը Բուդովսկիի հետ աշխատել է մինչ 2009թ., երբ ընկերությունից հեռացել է գործընկերոջ հետ տարաձայնությունների պատճառով։
Կոստա Ռիկայում գրանցված Liberty Reserve ընկերության վճարային համակարգի ծառայություններից, ըստ դատախազության, աշխարհում օգտվել է առնվազն 1 մլն մարդ։ ԱՄՆ-ում ընկերությունն ունեցել է 200 հազ. հաճախորդ։
Համակարգը գործել է գաղտնիության սկզբունքով և ըստ դատախազության՝ հիմնականում օգտագործվել է ֆինանսական բուրգերից, ցանցային մեքենայություններից, թմրանյութերի վաճառքից, կրեդիտ քարտերից, ինչպես նաև մանկական պոռնոգրաֆիայից ստացված անօրինական եկամուտների լվացման համար։
Ընկերության ծառայություններից լայնորեն օգտվել են ինչպես «քարտային հանցախմբեր», որոնք բանկային քարտերի մասին տեղեկատվություն են վաճառել, այնպես էլ Վիետնամում, Նիգերիայում, Հոնկոնգում, Չինաստանում և ԱՄՆ-ում գործող հաքերներ։
Դատախազության մեղադրական եզրակացության համաձայն՝ Liberty-ն տարեկան $1,4 մլրդ-ի 12 մլն ֆինանսական անօրինական գործարք է կատարել։
Liberty Reserve-ը հիմնվել է 2006թ., այն վճարահաշվարկային ծառայություններ է առաջարկել բացարձակ գաղտնիության հիմունքով։ Նոր հաճախորդները հաշիվ բացելիս պետք է տրամադրեին իրենց անվան, ծննդյան տարեթվի, բնակության վայրի և էլեկտրոնային հասցեի մասին տեղեկատվություն։ Ընկերությունը, ի տարբերություն սովորական բանկերի, հաճախորդներից համապատասխան փաստաթղթեր չի պահանջել։ Սրանով է պայմանավորված հանգամանքը, որ ընկերության հաճախորդներից շատերին անունները կեղծ են եղել, օրինակ՝ Russia Hackers կամ Hacker Account։
Ըստ դատախազության՝ Liberty-ն «գաղտնիության ևս մեկ լրացուցիչ մակարդակ» է ապահովել՝ արգելելով հաճախորդներին անմիջական փոխանցումներ կատարել, օրինակ՝ կրեդիտային քարտերի միջոցով: Ընկերությունը գործարքներ է կատարել վիրտուալ փողերով, «իրական գումարները» հաճախորդները փոխանցել են կողմնակի «փոխանակողներին», որոնք գործարքի համար միջնորդավճար են ստացել։
«Փոխանակողները» գտնվել են այն երկրներում, որտեղ դրամական փոխանցումների նկատմամբ վերահսկողությունը խիստ չէ, օրինակ՝ Մալայզիայում, Ռուսաստանում, Նիգերիայում և Վիետնամում: «Փոխանակողները» գործարքի համար գանձել են փոխանցվող գումարի 5%-ը, ինչը գերազացնում է բանկերի և այլ վճարային համակարգերի կողմից համանման ծառայությունների միջնորդվճարները։
2009թ. Կոստա Ռիկայի իշխանություններն ընկերությունից դրամական փոխանցումների համար նախատեսված արտոնագիր են պահանջել: Ընկերությունը արտոնագրի ստացման հայտ է ներկայացրել, սակայն նրան մերժել են հաճախորդներին և կասկածելի տրանզակցիաները ստուգող համակարգի բացակայության հիմնավորմամբ։
Liberty-ն այնուհետև պորտալ է ստեղծել, որը Կոստա Ռիկայի վերահսկիչ մարմիններին իբրև թե հնարավորություն պետք է տար վերահսկելու՝ ինչպես են գործում Liberty-ի կանոնները։ Դա, ըստ դատախազների, իրականում իշխանություններին խաբելու հնարք է եղել։
Ավելին՝ մինչև 2011թ. նոյեմբեր ընկերությանն այդպես էլ չի հաջողվել ստանալ արտոնագիր, և նոյեմբերի 11-ին ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ հանցագործները համակարգն օգտագործում են գաղտնի անօրինական տրանզակցիաների համար։

Թեմա
Civilnet










