Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ուղղակի օտարերկրյա ներդրումները Հայաստանում կրճատվել են ավելի քան 1/3-ով՝ կազմելով ընդամենը $57,7 մլն։ Ներդրումները նվազել են անգամ առևտրատնտեսական հիմնական գործընկեր Ռուսաստանից՝ 28,7%-ով։
Ազգային վիճակագրական ծառայության «Օտարերկրյա ներդրումները 2013թ. հունվար-մարտին» հրապարակման համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների ծավալը նվազել է 11,9%-ով՝ կազմելով $131 մլն, ուղղակի ներդրումներինը՝ 35,4%-ով՝ մինչև $57,7 մլն։
Օտարերկրյա ներդրումների ծավալի նվազում արձանագրվել էր նաև 2012թ. առաջին եռամսյակում (13,9%-ով, որից ուղղակի՝ 4,6%-ով)։ Այսինքն այս հունվար-մարտի կրճատումը տեղի ունեցել արդեն իսկ ցածր բազայի համեմատ։
Համաձայն ԱՎԾ վիճակագրության՝ հաշվետու ժամանակահատվածում Միացյալ Թագավորությունից ներդրումները ավելացել են 45,7 անգամ (մինչև $191,1 հազ.), Արգենտինայից աճել են 98,8%-ով (ուղղակի ներդրումների ծավալը կազմել է $5,6 մլն), Ֆրանսիայից՝ 24,2%-ով (մինչև $25,4 մլն)։ Մյուս կողմից՝ Ռուսաստանից ուղղակի ներդրումների ծավալը կրճատվել է 28,7%-ով՝ կազմելով մոտ $19 մլն, Գերմանիայից՝ 22,4%-ով՝ մինչև $4,1 մլն, Լիբանանից՝ 54%-ով՝ կազմելով $3 մլն։
ԱՎԾ-ից տվյալներից ստացվում է, որ Հայաստանում կատարված ուղղակի ներդրումների 35%-ը հաշվետու ժամանակահատվածում բաժին է ընկել մեկ երկրի՝ Ֆրանսիային։ Հանգամանքը ուշագրավ է, եթե հաշվի առնենք, թե որ ոլորտ են ուղղվել գումարները։ Համաձայն ԱՎԾ-ի՝ ֆրանսիական ուղղակի ներդրումների 80,3%-ը հոսել է հեռահաղորդակցության ոլորտ, որում ֆրանսիական կապիտալով միակ ընկերությունը «Օրանժ Արմենիան» է։ Նման ծավալը կասկածելի է թվում, առավել ևս, երբ ոլորտի մյուս ընկերությունները՝ «Ղ-Տելեկոմը», «ԱրմենՏելը», «Ռոստելեկոմը» միասին այս ընթացքում կատարել են ընդհանուր առմամբ $10 մլն-ի ներդրումներ։ Ընդ որում, ըստ ԱՎԾ-ի՝ 2012թ. նույն «Օրանժ Արմենիան» կատարել է $210,8 մլն-ի ուղղակի ներդրում։
Կասկածել են նաև Միացյալ Թագավորությունից կատարված $191,1 հազ-ի ուղղակի ներդրումները, քանի որ ԱՎԾ-ն ներկայացրել է միայն սպորտի, զվարճությունների և հանգստի կազմակերպման բնագավառում կատարած $77,7 հազ-ը։ Իսկ թե ուր է ուղղվել գումարի մնացած մասը, պարզ չէ։ Մյուս կողմից, Գերմանիայի դեպքում, օրինակ, նշվել է հագուստի արտադրության ոլորտում կատարված $1000 ուղղակի ներդրումը։
Civilnet











