Apple-ը համաձայնագիր է կնքել Warner Music-ի հետ. NYT

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը արտոնագրային համաձայնագիր է կնքել Warner Music Group երաժշտական լեյբլի և վերջինիս Warner Chappell հրատարակչական ստորաբաժանման հետ, հաղորդում է ամերիկյան New York Times (NYT)-ը:
Պարբերականը նշում է, որ այդպիսով բացառվում են հնարավոր բոլոր խոչընդոտները հաջորդ շաբաթ Worldwide Developers Conference 2013 (WWDC) համաժողովի շրջանակում անվճար ինտերնետ ռադիոյի (iRadio) շնորհանդեսի համար: Նշենք, որ Apple-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել վերոնշյալ հաղորդագրությունը:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Apple-ը արտոնագրային համաձայնագիր էր ստորագրել աշխարհի ամենախոշոր Universal Music երաժշտական լեյբլի հետ:
Նոր երաժշտական արտադրանքը, ըստ ամենայնի, կդառնա գործող iTunes երաժշտական ծառայության բաղադրիչը: Ենթադրվում է, որ iRadio-ն կունենա այնպիսի գործառույթներ, որոնք բացակայում են ԱՄՆ-ում գործող Pandora ինտերնետային ռադիոյի կազմում:
Նշենք, որ iTunes-ի ակտիվ օգտատերերի լսարանը կազմում է 500 մլն մարդ, այն դեպքում, երբ Pandora-ի համապատասխան ցուցանիշը մոտ 70 մլն է:
Թեմա
Civilnet










