Եվրասիական տնտեսական ընկերակցության շրջանակում Մաքսային միությանն ինտեգրվելու հուշագրի դիմաց Հայաստանը կարող է դրամաշնորհ ստանալ Ռուսաստանից։ Միջոցները, սակայն, կրկին վերադառնալու են այս երկիր՝ գազի $270/1000 խմ գնի 30%-ի սուբսիդավորման տեսքով։
ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի շրջանակում մայիսի 31-ին Մինսկում տեղի է ունեցել Հայաստանի ու Ռուսաստանի վարչապետներ Տիգրան Սարգսյանի ու Դմիտրի Մեդվեդևի երկկողմ հանդիպումը։ Ըստ «ՌԻԱ նովոստի» գործակալության՝ Դմիտրի Մեդվեդևը հանդիպման ընթացքում նշել է, որ Ռուսաստանի համար կարևոր է Հայաստանի ձգտումը՝ ինտեգրվելու Մաքսային միությանը։ «Հայաստանը ցանկանում է մասնակցել դրան [Մաքսային միությանը - խմբ.], և մեզ համար սա կարևոր է։ Անհրաժեշտ է միայն գտնել համագործակցության ձևաչափը»,– ասել է ՌԴ վարչապետը։
Տիգրան Սարգսյանը, իր հերթին, նշել է, որ Երևանի դիրքորոշումը այս հարցում «հստակ է, և ոչ մի կասկած չկա»։ «Այժմ տեխնիկական հարթությունում անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչպիսի քայլերով պետք է առաջ գնալ»,– ասել է վարչապետը: Նա տեղեկացրել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի հետ քննարկել է Միությանն ինտեգրման հուշագրի ստորագրման որոշ հարցեր: «Կա ընկալում, որ անհրաժեշտ է շտապ պատրաստել հուշագիրը, համաձայնեցնել այն նախագահների հետ և ստորագրել»,– ասել է Սարգսյանը։
Ուշագրավ է, որ Հայաստանի կառավարությունը վարչապետի մինսկյան հանդիպումների մասին հաղորդագրությունում սահմանափակվել է ընդհանրական ձևակերպումներով, հատկապես Մաքսային միության մասով։ «Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացներին և դրանց Հայաստանի մասնակցության հնարավոր ձևաչափերին: Վարչապետ Սարգսյանը նշել է, որ այդ ուղղությամբ այժմ պետք է հստակեցնել տեխնիկական այն հարցերը, թե ինչպիսի քայլերով պետք է առաջ գնալ: Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի հետ քննարկել է նաև երկկողմ հուշագրի ստորագրման հարցը»,– նշված է հաղորդագրությունում։
Հայկական կողմի նման ձևակերպումներն ամենայն հավանականությամբ պայմանավորված են նրանով, որ Տիգրան Սարգսյանը բազմիցս դեմ է արտահայտվել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը։ Այսպես՝ անցած տարի ապրիլին ռուսական «Կոմերսանտ» պարբերականին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ համաշխարհային պրակտիկայում չկա այնպիսի օրինակ, որ ընդհանուր սահմաններ չունեցող երկիրը դառնա Մաքսային միության անդամ։ Մաքսային միությունը Հայաստանին չի տրամադրում այնպիսի գործիքակազմ, որն օգտակար կլիներ սուբյեկտների համար. այդ դեպքում անդամակցությունը դառնում է անիմաստ, ասել էր Սարգսյանը։ Բացի այդ՝ ընդհանուր սահմանի բացակայության պայմաններում տնտեսավարողները պետք է անցնեն հարևան երկրի տարածքով և երկու անգամ հաղթահարեն մաքսազերծումը, ինչն անիմաստ է դարձնում մաքսազերծման թեթևացման մասին դրույթը։ «Փոխարենը մենք կստանանք միայն նոր խնդիրներ՝ կապված մաքսային տուրքերի և հարկերի բարձրացման հետ: Տնտեսագիտական տեսանկյունից դա աննպատակահարմար է»,– նշել էր վարչապետը։
Չի բացառվում, որ Հայաստանի դիրքորոշման «մինսկյան փոփոխությունը» պայմանավորված է առաջին հերթին ռուսական գազի գնի բարձրացման գործոնով։ Կառավարության հաղորդագրությունում ուշագրավ մեկ ձևակերպում էլ կա։ «Կողմերն անդրադարձել են նաև գազի գնի 30% սուբսիդավորմանը, մասնավորապես, թե ինչ սկզբունքների ներքո պետք է այն գործի: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այն կիրառել գրանտային բաղադրիչի տեսքով, ինչի շուրջ բանակցությունները դեռևս կշարունակվեն»,– նշված է կառավարության հաղորդագրությունում։
Ստացվում է, որ Տիգրան Սարգսյանի հայտարարությունը, թե կառավարությունը սուբսիդավորելու է ռուսական գազի ձեռքբերման $270/1000 խմ գնի 30%-ը, ըստ էության պայմանավորված է ռուսական կողմի քայլերով։ Այս հուլիսից մինչև 2014թ. հուլիս ժամանակահատվածում գազի գնի սուբսիդավորման համար գործադիրին մոտավոր հաշվարկներով անհրաժեշտ կլինի $140 մլն։
ՍիվիլՆեթի աղբյուրների փոխանցմամբ՝ սուբսիդավորման համար անհրաժեշտ միջոցների աղբյուր գործադիրը դիտարկել է $500 մլն ծավալով եվրապարտատոմսերի այս տարի նախատեսվող թողարկումը, որի մի մասը ձեռք էր բերելու ռուսական կողմը (ներգրավված միջոցների տոկոսադրույքը կարող է կազմել մինչև 6,1%, ժամկետը՝ տասը տարի)։ Վարչապետի մինսկյան հանդիպումներից հետո պարզվում է՝ սուբսիդավորման համար Ռուսաստանը կարող է դրամաշնորհ տրամադրել Հայաստանին, որն ըստ էության վերադարձվելու է Ռուսաստանին։ Այս սխեմայի արդյունքում Հայաստանը ռուսական գազը ձեռք է բերելու ոչ թե $270/1000 խմ, այլ $189/1000 խմ գնով։ Դրամաշնորհային բաղադրիչի սկզբունքների շուրջ, համաձայն կառավարության հաղորդագրության, կողմերը դեռ բանակցում են։ ν
Արմենակ Չատինյան
Civilnet











