Գլխավոր Լրահոս

ԱՄՀ-ն դեմ է գազի սուբսիդավորմանը

ԱՄՀ-ն դեմ է գազի սուբսիդավորմանը

Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան ավարտում է առաքելությունը: Նա նշանակվել է Բուլղարիայում և Ռումինիայում ԱՄՀ ներկայացուցիչ: Տոլոսային Հայաստանում կփոխարինի Տերեսա Դաբանը: Վերջինս 8 տարի՝ մինչև 2001թ., աշխատել է Իսպանիայի ֆինանսների նախարարությունում: 2001-ից մինչ օրս աշխատում է ԱՄՀ-ում: Ղեկավարել է հիմնադրամի ներկայացուցչություններ Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի և Ասիայի շուրջ 30 երկրներում: Մայիսի 3-ին պարոն Տոլոսան մի խումբ լրագրողների ներկայացրեց տիկին Դաբային և սուրճի սեղանի շուրջ պատասխանեց նրանց հարցերին։

ԱՄՀ-ն շարունակում է պնդել, որ գազի սուբսիդավորումը չտարածվի բոլորի վրա, այլ որ կառավարությունն օժանդակի միայն խոցելի խավերին։ Հարցին, թե ինչ դիրքորոշում ունի ԱՄՀ-ն կառավարության կողմից սահմանի վրա ռուսական գազի 270/1000 խմ գնի 30%-ի սուբսիդավորման մտադրության վերաբերյալ, պարոն Տոլոսան պատասխանեց. «Մենք կարծում ենք, որ վերջնական սպառողի համար սակագնում ինքնարժեքն ամբողջովին պետք է արտացոլված լինի։ Կառավարությունը, իհարկե, պետք է միջամտի, բայց միայն սոցիալապես խոցելի խավերին օժանդակելու ճանապարհով»: Նա նշեց, որ դեռ այդքան էլ պարզ չէ, թե ինչպես է իրականացվելու սուբսիդավորումը, և ինչ քայլեր են ձեռնարկվելու։ «ԱՄՀ-ի և կառավարության միջև ստորագրված հուշագրով սահմանված է, որ հարկաբյուջետային շրջանակում փոփոխություններ տեղի չեն ունենան, և այդ ամենը պահպանվելու է միջնաժամկետ կտրվածքով»,– ասաց Տոլոսան՝ հավելելով, որ սուբսիդավորումը չի կարող իրականացվել նոր վարկային միջոցներ ներգրավելու ճանապարհով:

Եվրոպարտքը՝ երկրի զարգացման նոր փուլ

Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է, որ սուբսիդավորման համար նախնական գնահատականներով անհրաժեշտ $140 մլն-ի աղբյուր հանդիսանան կառավարության կողմից թողարկվելիք $500 մլն-ի եվրոբոնդերը, Տոլոսան պատասխանեց, որ ԱՄՀ-ն վստահ է, որ այդպիսի բան տեղի չի ունենա։ Ըստ նրա՝ եվրոբոնդեր թողարկելու կառավարության մտադրությունն ընդամենը ֆինանսական շուկաներին Հայաստանի ինտեգրման գործընթաց է։ «Եվրոբոնդերի թողարկման և գազի սուբսիդավորման միջև որևէ կապ չկա։ Պարտատոմսերի թողարկումը ընդամենը պարտքի կառուցվածքի փոփոխությանն ուղղված քայլ է, և ներկայում այն իրականացնելու համար ամենաշահեկան ժամանակահատվածն է»,– ասաց նա՝ հավելելով, թե եվրոպարտք վերցնելը երկրի զարգացման նոր փուլ է։

ԱՄՀ ներկայացուցիչը նշեց, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունները հավերժ վարկային ծրագրեր չեն իրականացնելու, և գալու է ժամանակը, երբ Հայաստանը ինքը սկսի հայթայթել վարկային միջոցներ։ «Ցանկություն կա, որ այս տարի հնարավոր իրականացվելիք նոր վարկային ծրագիրը լինի վերջինը, և դրանից հետո ներդրողները կամավոր միջոցներ ներդնեն Հայաստանում»,– ասաց Տոլոսան՝ հավելելով, որ հունիսի վերջին ԱՄՀ տնօրենների խորհուրդը կքննարկի ավարտվող «Երկարաձգվող ֆինանսավորման» և «Երկարաձգվող վարկավորման» (Extended Fund Facility (EFF) and Extended Credit Facility (ECF)) ծրագրերի կատարողականը և կնախաձեռնի նոր վարկային ծրագրերի բանակցային գործընթացը։

Զեկույցներ և իրականություն

Հարցին, թե ինչպես է ստացվում, որ միջազգային տարբեր զեկույցներում, օրինակ՝ Համաշխարհային բանկի Doing Business 2013 զեկույցում գործարարությամբ զբաղվելու դյուրինության ցուցանիշով Հայաստանը 18 կետով բարելավել է դիրքերը և զբաղեցրել 32-րդ տեղը, բայց 2012թ. և 2013թ. առաջին եռամսյակում Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալը կրճատվել է միջինը 10%-ով, ուղղակի ներդրումները՝ շուրջ 30%-ով, Տոլոսան պատասխանեց, որ օտարերկրյա ներդրումների ծավալի կրճատումը, հատկապես ճգնաժամից հետո, բնորոշ է ոչ միայն Հայաստանին։ «Հայաստանում գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ կատարվել են աշխատանքներ, և դրանք արտացոլված են զեկույցներում: Բայց դրանով հանդերձ, որպեսզի այդ բարելավումները նյութականացվեն, անհրաժեշտ է, որ առկա այլ խոչընդոտները նույնպես վերացվեն»,– ասաց նա՝ հավելելով, որ ԱՄՀ-ն երկար ժամանակ պնդում է, որ պետք է վճռական քայլեր ձեռնարկել գործարար միջավայրում վճռական և բեկումնային փոփոխությունների համար, որպեսզի զեկույցներում նշվող առաջընթացները նյութականանան։ «Ընթացիկ միջավայրը բավարար չէ, որպեսզի արդարանա մեր լավատեսությունը»,– ասաց Տոլոսան՝ հավելելով, որ ներկայում Հայաստանը հայտնվել է առանցքային անցումային փուլում, այդ իսկ պատճառով ԱՄՀ-ն հորդորում է փոխել ընթացքի արագությունը։

Նրա խոսքով՝ Հայաստանի համար իրավիճակը մի քանի ուղղություններով փոխվել է՝ ավարտվել են շուրջ երկու տարի տևած քաղաքական գործընթացները, Հայաստանի ՀՆԱ-ն անցել է 2008թ. մակարդակը, մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ցուցանիշով դուրս է գալիս ցածր եկամուտներով երկրների շարքից, այդ իսկ պատճառով հարկավոր է զարկ տալ արագ և համապարփակ ու վճռական փոփոխությունների:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում