Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հունիսի 4-ին հատուկ խնամքի տակ գտվող հիվանդների համար նախատեսված դեղորայքի շուկայում գերիշխող դիրքի չարաշահման համար «Կուրացիո» ընկերությանը տուգանեց 10 մլն դրամի չափով:
Բացի այդ` հանձնաժողովի առաջարկով Գնումների մասին օրենսդրության համաձայն` ընկերությունը կհայտնվի «սև ցուցակում» և մի քանի տարի շարունակ հնարավորություն չի ունենա մասնակցել մրցույթներին: Ըստ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի` «Կուրացիոյի» նկատմամբ վարչական վարույթը հարուցվել է «Բեյբի սիմ» ընկերության դիմումի համաձայն, ըստ որի` «Կուրացիո» ընկերությունը խոչընդոտներ է ստեղծում իրենց համար, մասնավորապես` Երևանի պետական բժշկական համալսարանի կողմից հայտարարվող մրցույթներում: Միակ մասնակիցը մշտապես հանդիսացել է «Կուրացիո» ընկերությունը և տարբեր տնտեսական պատճառաբանություններով «Բեյբի սիմը» չի կարողացել մասնակցել հայտարարված մրցույթներին:
Ըստ Շաբոյանի` հանձնաժողովն ուսումնասիրել է «Կուրացիոյի» գնային քաղաքականությունը և բացահայատել, որ ընկերությունը, հանդիսանալով «Նուտրիզոն» սննդային թելիկների (նախատեսված է քաղցկեղով հիվանդների համար) հիմնական ներմուծողը և մատակարարը, մշտապես օգտվել է իր մրցակցային առավելություններից և անկախ միջազգային շուկայում տվյալ ապրանքի գնային փոփոխություններից, մշտապես թանկ է վաճառել իր արտադրանքը, մասնավորապես` ընկերությունը հատուկ հիվանդների համար նախատեսված դեղորայքը վաճառել է ինքնարժեքից երեք անգամ բարձր գնով:
Civilnet











