LinkedIn-ը մի շարք թարմացումներ է կատարել

Գործնական կապերի որոնման և հաստատման համար նախատեսված LinkedIn սոցցանցը վերջին շաբաթվա ընթացքում մի շարք նշանակալի փոփոխություններ է կատարել, հաղորդում է Mashable-ը:
Առաջին հերթին` բարձրացվել է օգտատիրական էջերի անվտանգության մակարդակը: Ներկայում սոցցանցի բոլոր` 225 մլն օգտատերերը հնարավորություն ունեն փորձարկելու երկաստիճան անվտանգության համակարգը, որն անձնական էջ մուտք գործելիս օգտագործում է հեռախոսային կարճ հաղորդագրությունները` որպես գաղտնաբառից հետո երկրորդ քայլ: Ավելի վաղ նմանատիպ համակարգեր կիրառել են Google, Facebook, Microsoft և Twitter ընկերությունները:
Վերոնշյալ երկաստիճան անվտանգության համակարգից օգտվելու հնարավորությունն ըստ ցանկության է. սոցցանցի օգտատերն ինքն է որոշում` օգտվե՞լ դրանից, թե՞ ոչ:
LinkedIn-ի հաջորդ փոփոխությունը վերաբերում է ոչ միայն տեքստային բովանդակությանը և հղումներին, այլև օգտատիրական էջերում լուսանկարների և տեսանյութերի ակտիվ ներգրավմանը: Սոցցանցի օգտատերերն արդեն լուսանկարներ և փաստաթղթեր փոխանակելու հնարավորություն ունեն: Հնարավոր է նաև տարատեսակ ամպային սերվերներից անձնական էջին տեսանյութեր կցել: Սեփական տեսահոսթինգը LinkedIn-ում սակայն դեռ բացակայում է: Ընկերությունը տեղեկություններ չի հաղորդում այս ուղղությամբ ձեռնարկվող հետագա քայլերի մասին:
Թեմա
Civilnet










