Zynga-ն կրճատում է աշխատակիցների 18%-ին

Օնլայն խաղերի մշակմամբ զբաղվող ամերիկյան Zynga ընկերությունը հայտարարել է իր աշխատակիցների թվի 18%-ով կրճատման մտադրության մասին, հաղորդում է Bloomberg-ը:
Ընկերության ներկայացուցիչների խոսքով` մոտ 500 աշխատակցի կրճատման քայլն իրականացվում է բյուջեի խնայողական ծրագրի շրջանակում, որի մասին Zynga-ն հայտարարել էր ավելի վաղ: Արդյունքում` խնայված միջոցներն ընկերությունը կուղղի բջջային բիզնեսի զարգացմանը:
Zynga-ի ղեկավար Մարկ Պինկուսն իր անձնական բլոգում նշում է, որ բյուջեյի խնայողական ծրագրի շրջանակում նախատեսված է նաև ընկերության մի շարք գրասենյակների փակումը, ինչը Պինկուսի կարծիքով կօգնի ամրապնդել Zynga-ի ֆինանսական վիճակը:
Ակնկալվում է, որ զանգվածային կրճատումները հնարավորություն կտան Zynga-ին խնայել տարեկան մինչև $80 մլն: Այդուհանդերձ, ընթացիկ եռամսյակում ընկերության ֆինանսական ցուցանիշները շարունակում են անկում ապրել: Սա կապված է խաղերի պատվերների կրճատման հետ, ինչն էլ իր հերթին հանգեցրել է ընկերության արժեթղթերի 12%-ով արժեզրկմանը` մինչև $2,99` մեկ բաժնետոմսի դիմաց:
Փորձագետների կարծիքով` 2013թ. հունիսին Zynga-ն կկրի $28,5-39 մլն զուտ վնաս, իսկ հասույթը կարող է կազմել $180-190 մլն:
Հիշեցնենք, որ Zynga-ն իր բաժնետոմսերի առաջնային հանրային տեղաբաշխումն իրականացրել էր 2011թ., որի ընթացքում նրա մեկ բաժնետոմսը գնահատվում էր $10:
Թեմա
Civilnet










