Carrefour-ն արդեն Հայաստանում է, իսկ էկոնոմիկայի նախարարությունը փորձում է աջակցել կազմակերպության աշխատակիցներին՝ տնտեսական ոլորտում առաջացած հարցերի պարզաբանման հարցում. այս մասին հունիսի 5-ին Ազգային ժողովում 2012թ. պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, հաղորդում է Tert.am-ը:
«Carrefour-ի աշխատակիցներն այցելում են նախարարություն, հարցեր են տալիս, մենք փորձում ենք աջակցել նրանց, պարզաբանումներ տալ»,- ասել է նախարարը` հավելելով, որ կարծում է, թե անդրազգային կորպորացիաների մուտքը Հայաստան զգալի փոփոխությունների կարող է հանգեցնել:
Ըստ նախարարի՝ Հայաստանի համար անդրազգային կորպորացիաների հետ աշխատանքը գերակա ուղղություններից է լինելու:
ՍիվիլՆեթը ավելի վաղ գրել էր, որ Carrefour-ը Հայաստանում բախվել է լուրջ դիմադրության՝ ի դեմս պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի («Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի սեփականատեր) և Արտակ Սարգսյանի (ՍԱՍ սուպերմարկետների սեփականատեր)։ Carrefour-ը, որը հայկական շուկա մուտք գործելու համար կատարել է $17 մլն-ի ծախսեր, մուտքի խոչընդոտների հետ կապված խնդիրները քննարկել է իշխանությունների հետ։ Carrefour-ի մուտքը հայկական շուկա ողջունել են վարչապետ Տիգրան Սարգսյանը, էկոնոմիկայի նախկին նախարար Տիգրան Դավթյանը, Հայաստանում ԱՄՆ-ի լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Civilnet











