Էլեկտրատեխնիկա արտադրող ճապոնական Sony ընկերությունը համակարգչային սարքավորումների միջազգային Computex 2013 համաժողովի շրջանակում ներկայացրել է Vaio սերնդի 3 նոր ուլտրաբուքներ` Vaio Duo 13, Vaio Pro 13 և 11 մոդելները, հաղորդում է Verge-ը:
Այս ուլտրաբուքները հեշտությամբ վերածվում են պլանշետի և աշխատում են Windows 8 օպերացիոն համակարգով: Նրանց հիմքում ընկած են նոր սերնդի Intel Core Haswell չիպերը:
Vaio Duo 13-ն ունի սենսորային էկրան և շարժական QWERTY ստեղնաշար, ինչի շնորհիվ այն կարող է փոխակերպվել նոութբուքի և պլանշետի: Sony-ն պնդում է, որ հիբրիդն «արթնանում է» 1 վայրկյանում և ամբողջական լիցքավորման դեպքում աշխատում է մինչև 18 ժամ: Duo 13-ը ունի նաև ներկառուցվող Exmor RS սենսորով 8 Մպ տեսախցիկ:
Vaio արտադրանքի գծով մենեջեր Թրեվիս Ֆերստը Verge-ի բլոգի լրագրողներին հայտարարել է, թե իրենք մտադիր են պատերազմի դուրս գալ ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության MacBook Air նոութբուքների դեմ: Նշվում է, որ այս դեպքում առաջին հերթին Sony-ի զենքը կդառնա Vaio-ի 11-դյույմանոց (870 գ) մոդելը: Վերջինս ավելի թեթև է, քան Air-ը, ունի IPS մատրիցայով Full HD էկրան և ներքին հզոր բնութագրիչներ` Intel չիպերի շնորհիվ:
11-դյույմանոց Vaio-ի մեկնարկային արժեքը կլինի $1150, իսկ 13-դյույմանոցը` $1250: Վերոնշյալ բոլոր 3 մոդելները վաճառքում կհայտնվեն հունիսի 9-ին:
Civilnet











