Երևան-Արտաշատ ճանապարհահատվածի շինաշխատանքների մեկնարկը, 13-ը սեպտեմբերի, 2012թ.:
Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով իրականացվող «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի նախագիծը կարող է տապալվել։ Անցած տարվա սեպտեմբերին մեկնարկած Երևան-Աշտարակ (երկարությունը՝ 11,7 կմ) և Երևան-Արտաշատ (երկարությունը՝ 19,6 կմ) ճանապարհահատվածների շինաշխատանքներում մի քանի ամիս անց լուրջ խնդիրներ են հայտնաբերվել։ Կապալառու իսպանական Corsan Corviam Construccion S.A. ընկերությունը թերացել է ճանապարհների խճաքարային հիմքի պատրաստման փուլում, վիճակը շտկելու համար տրանսպորտի և կապի նախարարությունը մեկ ամիս ժամանակ է տվել։
Հունիսի 1-ին Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի շինաշխատանքներում լուրջ խախտումներ են հայտնաբերվել: Հունիսի 5-ին տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Հրանտ Բեգլարյանը Ազգային ժողովում բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ընթացքում նշել է, որ նախարարությունը տեղյակ է հայտնաբերված խախտումներից, համապատասխան քայլեր արդեն ձեռնարկվում են։
Պատասխանատու երկու ընկերություններին՝ շինաշխատանքների կապալառու իսպանական Corsan Corviam Construccion S.A.-ին և շինարարության տեխնիկական վերահսկողությունն իրականացնող ֆրանսիական Safege և իսպանական Eptisa ընկերությունների համատեղ ձեռնարկությանը, թերացումները վերացնելու համար մեկ ամիս ժամանակ է տրվել։ «Որակական խնդիրների մասով մենք լրացուցիչ հսկողություն ենք իրականացրել, և առաջին մի քանի հատվածում որակական էական խախտումներ են հայտնաբերվել»,– պարզաբանել է Բեգլարյանը: Նախարարի տեղակալը նշել է նաև, որ ծրագրի կառավարման խորհուրդը կքննարկի, թե արդյոք ի վիճակի են կազմակերպությունները շարունակելու աշխատանքը, թե ոչ։
Մեկ ամսվա ժամկետն իրատեսական չէ, եթե հաշվի առնենք, որ ըստ Վերահսկիչ պալատի բացահայտումների՝ ճանապարհի հիմքում 3 սմ քարերի փոխարեն 30 սմ քարեր են օգտագործվել, ինչը չի կանխել վերահսկողություն իրականացնող ընկերությունը։ Երևան-Արտաշատ 19,6 կմ երկարությամբ ճանապարհահատվածում, ի դեպ, հողային աշխատանքները համարյա ավարտված են, գրեթե ամբողջովին պատրաստ է բետոնապատման հիմքը։ Մտահոգությունները է՛լ ավելի են խորանում, եթե հաշվի առնենք, որ թերացումները սկսվել են արդեն հողային աշխատանքների փուլում, երբ չեն էլ մեկնարկել երթևեկելի մասի բետոնապատման աշխատանքները։
Եթե անգամ իսպանական կապալառու ընկերությանը մեկ ամսվա ընթացքում հաջողվի շտկել թերությունները, աշխատանքների հետագա ընթացքն անխուսափելիորեն շեղվելու է նախանշված ժամանակացույցից։
Համաձայն Հայաստանի կառավարության և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) միջև կնքված «Տրանշ-1» և «Տրանշ-2» պայմանագրերի՝ Երևան-Աշտարակ (երկարությունը՝ 11,7 կմ) և Երևան-Արտաշատ (երկարությունը՝ 19,6 կմ) ճանապարհահատվածներում վերականգնողական աշխատանքները պետք է ավարտվեն 2013թ., Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի (երկարությունը՝ 41,9 կմ) վերակառուցումը՝ 2014թ. դեկտեմբերին։ Իսպանական ընկերությունն անցած տարվա ապրիլին հայտարարեց, որ Երևան-Աշտարակ և Երևան-Արտաշատ հատվածում աշխատանքները կավարտվեն 18 ամսում, Աշտարակ-Թալին հատվածում՝ 36 ամսում (2015թ. աշնանը)։ Եթե անգամ հաշվի չառնենք բնակլիմայական պայմանների գործոնը, արդեն իսկ ակնհայտ է նախանշված ժամկետներից շեղումը։
Մյուս կողմից՝ հավանական չէ նաև Corsan Corviam Construccion S.A. ընկերության հետ պայմանագրի խզման և միջազգային նոր մրցույթի հայտարարման տարբերակը. առանց այդ էլ «Տրանշ-1»-ով և «Տրանշ-2»-ով աշխատանքները սկսվել են մոտ 2 տարի ուշացումով։ «Տրանշ-1»-ով $60 մլն վարկային միջոցները ԱԶԲ-ն հատկացրել է 2009թ., «Տրանշ-2»-ով $180 մլն-ը՝ 2010թ. դեկտեմբերին։ Հայկական կողմի դանդաղկոտության պատճառով դեռևս 2011թ. օգոստոսին հայտարարված մրցույթում հաղթող ընկերության անունը հայտնի դարձավ միայն անցած տարվա ապրիլին, իսպանական Corsan Corviam Construccion S.A.-ն շինաշխատանքները սկսեց 2012թ. սեպտեմբերին։
Ուշագրավ է, որ թեև շինարարության տեխնիկական վերահսկողությունն իրականացնող ֆրանսիական Safege և իսպանական Eptisa ընկերությունների համատեղ ձեռնարկությանը ծառայությունների դիմաց պետք է վճարվի $6 մլն, արտասահմանյան ընկերությունները կարծես հակված չեն լուրջ ծախսերի։ Վերահսկիչ պալատը, օրինակ, արձանագրել է որ վերահսկողական այս կազմակերպությունն ունի ընդամենը վեց հսկիչ, այն դեպքում, երբ «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով նախատեսված է վերակառուցել և կառուցել ընդհանուր առմամբ 556 կմ ճանապարհահատված։ Հսկիչների նման թիվն ակնհայտորեն բավարար չէ անգամ «Տրանշ-1» և «Տրանշ-2» ծրագրերով նախատեսվող 82 կմ ճանապարհահատվածում պատշաճ վերահսկողություն իրականացնելու համար։
Ստեղծված վիճակը լուրջ ռիսկեր է ստեղծում ամբողջ ծրագրի իրականացման համար։ Չի բացառվում՝ սա է պատճառը, որ ԱԶԲ-ն չի շտապում հաստատել «Տրանշ-3»-ով Թալին-Գյումրի 46 կմ ճանապարհահատվածի կառուցման համար նախատեսված $180 մլն վարկային միջոցների հատկացումը։ Միջոցների տրամադրման որոշումը պետք է ընդունվեր դեռևս անցած տարվա վերջին, վարկային համաձայնագիրը պետք է ստորագրվեր, ու շինաշխատանքների մրցույթը հայտարարվեր այս տարվա առաջին եռամսյակում։ Գործընթացը դեռևս առկախված է։
ԱԶԲ-ի «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի նախագիծը պետք է ավարտվի մինչև 2017թ. վերջ։ Ագարակ-Կապան-Երևան-Գյումրի-Բավրա 556 կմ երկարությամբ ճանապարհը կապվելու է Վրաստանի «Հարավային ճանապարհային միջանցքին»՝ մատչում ապահովելով Փոթիի և Բաթումի նավահանգիստներ։ Ծրագրի ընդհանուր բյուջեն $962 մլն է, որից $500 մլն-ը ԱԶԲ վարկային միջոցներն են։ Դրանք հատկացվել են 32 տարի ժամկետով, որից 8 տարին՝ արտոնյալ (արտոնյալ ժամկետում տարեկան տոկոսադրույքը կկազմի 1%, հետագայում՝ 1,5%)։ Կառավարության համաֆինանսավորումը ծրագրում կազմելու է $462 մլն, որից $177 մլն-ը՝ հարկերի տեսքով, $285 մլն-ը՝ ուղղակի ֆինանսավորման։
Civilnet











