Բացառիկ օպերացիա՝ «Հոգեբուժարան»

Մի քանի օր առաջ հասարակությունը ցնցվեց հոգեբուժարանում հայտնված կնոջ՝ 70-ամյա Ամալյա Նազարեթյանի պատմությունից։ Սկսեցին հիշել ոչ այնքան հեռավոր անդրոպովյան ժամանակները, երբ անհնազանդներին փակում էին հոգեբուժարաններում։ Ես անձամբ եմ խոսել այդ կնոջ հետ։ Հոգեբուժարանում նրան բնորոշում են ագրեսիվ։ Նա կարծես բժիշկների ինադու խոսում էր հանգիստ, չափած-ձևած, ցածր և հանգիստ։ Ասում էր, որ իրեն դատարանն առանց փաստաբանի է փակել հոգեբուժարանում։
Գնում եմ Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարան։ Դատավոր Աիդա Դավթյանը, որը չորս հոգեբույժների ախտորոշման հիման վրա կնոջը «գործուղել» է Աղի հանք, անհասանելի է։ Դատական դեպարտամենտի ներկայացուցիչ Արսեն Բաբայանն ասում է՝ դատավորն իրավունք չունի մեկնաբանել իր դատավճիռը։ Էթիկայի տեսանկյունից, իսկապես թիթիզություն է, որ արդարադատությունն սկսի գլուխ գովել, թե ինչու է կայացրել այս կամ այն վճիռը։ Բայց ինչպես է կայացրել. այ սրան մեկը պիտի պատասխանի։ Ես ինչու՞ չպետք է մտածեմ, որ սրանով դուք՝ դատական իշխանություններդ քաղաքական իշխանության հետ միասին փորձարկում եք ավելի հեղինակավոր մի անհնազանդի հոգեբուժարանում փակելու սցենարը։ Այսինքն, հասարակությանը կամաց կամաց սովորեցնում եք, որ նա, ով կասկածվում է հոգեկան անհավասարակշռության մեջ, պաշտպանվելու իրավունք չունի։ Այսինքն, դատական իշխանության քաղաքացուն հասանելի իրավունքը, որը փաստաբանական ծառայությունն է, խլում եք քաղաքացուց, որպեսզի դատարանը դառնա զուտ մեղադրող մարմին։
Ավանի հոգեբուժական կլինիկայի ղեկավար Արեգա Հակոբյանն ասում է, որ Ամալյա Նազարեթյանն իրականում ագրեսիվ է և հանգիստ ու հավասարակշիռ խոսում է դեղերի ազդեցության տակ։ Իսկ որ նույն դեղերի ազդեցության տակ պատմում է հիվանդանոցի 4 բժիշկների կողմից հոգեբուժարան բերվելու գիշերը ծեծվելու մասին, դա հաշիվ չէ, այդ ժամանակ, ըստ Արեգա Հակոբյանի, ինքը ցույց է տալիս հիվանդության բնույթը։ Հասկանու՞մ եք, թե ինչի մասին է խոսքը։ Դժվարը մարդուն հոգեբուժարան խցկելն է։ Դրանից հետո նրա ցանկացած արտահայտություն կարելի է մեկնաբանել ըստ կայացրած ախտորոշման։ Ընդ որում, կնոջ հետ զրուցելուց առաջ ես հոգեբուժարանում ստորագրություն թողեցի, որ իմ և ծեր կնոջ շփումներից բխող հետևանքների համար անձամբ եմ պատասխանատու։ Մի երկու օր առաջ «Ազատության» լրագրողի ցանկությանը՝ հանդիպել այդ կնոջ հետ, տիկին Հակոբյանը հակադարձել էր, որ կնոջ վիճակը ինձ հետ շփվելուց հետո վատացել է։ Հարց է առաջանում՝ իսկ ինչու՞ ես պատասխան չեմ տալիս։
Ես հանդիպել եմ նաև ԱԺ պատգամավոր Արմեն Մխիթարյանի հետ, որի եղբորը վերագրում են կնոջը հոգեբուժարան խցկելու փաստը։ Պատգամավորն ասում է, որ այդ մասին ակնարկ չի եղել ոստիկաններին զանգելիս։ Նրանք միայն խնդրել են մանկավարժ կնոջը կարգի հրավիրել։ Կնոջը հոգեբուժարանում փակելը ոստիկանների մտահղացումն է։ Իսկ ոստիկանություն զանգել են, որովհետև 70-ամյա կինը հաճախ անիծում էր նրանց, ովքեր իր պատուհանի տակ «արտակարգ պատշգամբ» են սարքել։ Ինչպես պարզ է դառնում պատգամավորի հետ զրույցից, այդ «վերանդան» «Իդեալ»-ի սեփականատերերի մտահղացումն է, պատգամավորը իր տարածքում գտնվող այդ խանութի տերերի վրա իշխանություն չունի, խանութն իրենը չէ, այլ, իմ տեղեկություններով, Ներսիկ Նազարյանինը։
Ինչպես տեսնում եք, խանութը ոստիկանության համակարգի աշխատակցին է պատկանում,- նախկինում բարձրաստիճան, որը հաստատ ինչ-ինչ կապեր պահպանել է,- հետևաբար տրամաբանական է, որ նրանք էլ այդ կնոջը որոշել են փակել հոգեբուժարանում, շառից-փորձանքից հեռու։ Իսկ կնոջ բնակարանին տիրանալը կարող է լինել ոչ թե պատգամավորի կամ նրա եղբոր (թեպետ ի՞նչ իմանաս, մինչև չիմանաս), այլ «Իդեալ»-ի տերերի ցանկությունը։ Ընդ որում պարտադիր չէ, որ այդ բնակարանին տիրանան ձրի, կարող են նաև գնել Ամալյա Նազարեթյանի հարազատներից, որոնք այս դեպքում երկու ծեր քույրերն են։ Այդ կինը Հայաստանում ուրիշ ոչ մի հարազատ չունի։
Այսպիսով իշխանությունը փորձարկեց բացառիկ օպերացիա՝ ինչ-ինչ խնդիրներից բողոքող կնոջը փակեց հոգեբուժարանում, արհամարհեց դատարանում նրա պաշտպանվելու իրավունքը և փաստորեն վերալիցքավորեց հոգեբուժարան ունենալու փաստարկները։ Այսինքն, մարդիկ ինչից ասես չեն գժվի, հոգեբուժարանների ջանը սաղ լինի։
Թեմա
Մհեր Արշակյան










