Կառավարությունը հունիսի 6-ի նիստում հավանություն տվեց օրենսդրական փաթեթին, որով առաջարկվում է նվազագույն աշխատավարձը 35 հազ. դրամից բարձրացնել մինչև 45 հազ. դրամ:
Ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի` օրենսդրական այս նախաձեռնությունը կառավարության գործունեության ծրագրի առաջին քայլերից է: Ծրագրի համաձայն` մինչև 2017թ. նվազագույն աշխատավարձը Հայաստանում պետք է կրկնապատկվի:
Արտեմ Ասատրյանը նշեց, որ օրենսդրական փոփոխությունը պետբյուջեին 6 մլրդ դրամ կարժենա: Պետական համակարգում կբարձրանան միայն այն աշխատակիցների աշխատավարձերը, որոնք ստանում էին մինչև 45 հազ. դրամ աշխատավարձ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ նշեց, որ 2014թ. հունվարի 1-ից նախատեսվում է նաև պետական համակարգի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը, և այդ նպատակով հաջորդ տարվա պետբյուջեում կնախատեսվի 50 մլրդ դրամ:
Հիշեցնենք, որ մարտի 18-ին լրատվամիջոցների հետ հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե կառավարությունում լրջորեն դիտարկվում է 2013թ. հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձի չափը բարձրացնելու հարցը: Ըստ նախագահի՝ քննարկվելու է նաև կենսաթոշակների բարձրացման խնդիրը։
Civilnet











