Գլխավոր Լրահոս

Հայաստանը պետք է պատասխանատվություն ստանձնի. ԵՄ

Հայաստանը պետք է պատասխանատվություն ստանձնի. ԵՄ

Ռուսաստանի նախաձեռնած Եվրասիական կամ Մաքսային միություններում Հայաստանի դիտորդի կարգավիճակը որպես այդպիսին չի հակասում Եվրամիության հետ բանակցվող համաձայնագրերին, սակայն պաշտոնական Բրյուսելը ուզում է ծանոթանալ դրանց մանրամասներին և դրույթներին: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամուլի խոսնակ Փիթեր Ստանոն:

«Սկզբունքորեն Մաքսային միությունում դիտորդի կարգավիճակի կամ համագործակցության շուրջ հուշագրի շուրջ պայմանավորվածությունները տեխնիկապես չեն հակասում Հայաստանի և Եվրամիության միջև բանակցվող Ասոցիացման համաձայնագրին կամ Ազատ առևտրի գոտու մասին պայմանագրին: Բայց մեզ անհրաժեշտ է լիարժեք ուսումնասիրել դրանց մանրամասները և դրույթները»,- նշել է Ստանոն:

Անցած շաբաթ Մինսկում Հայաստանի վարչապետի հետ հանդիպումից հետո Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, թե Հայաստանը ուզում է մասնակցել Մաքսային միությանը, ինչը հաստատել էր նաև Տիգրան Սարգսյանը: «Այժմ պետք է տեխնիկական մակարդակում որոշել, թե ինչ տեմպով և ինչ քայլերով առաջ ընթանալ»,- ասել էր Հայաստանի վարչապետը:

Հետագայում «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վարչապետի խոսնակը պարզաբանել է, թե «Հայաստանը գտնվում է առանձնահատուկ պայմաններում, չունի ընդհանուր սահման Մաքսային միության անդամ երկրների հետ, և այս իրավիճակում խոսքն ընդամենը համագործակցության փոխընդունելի ձևաչափ գտնելու մասին է»:

Անդրադառնալով ձևաչափի շուրջ այդ որոնումներին՝ պաշտոնական Բրյուսելը հիշեցնում է, որ հայկական կողմը պետք է պատասխանատվություն ստանձնի, որ այդ պայմանավորվածությունները  չհակասեն Եվրամիության առաջարկած Ազատ առևտրի մասին համաձայնագրի դրույթներին:

«Եթե դուք ներգրավված եք Եվրամիության հետ բանակցություններում Ասոցիացման համաձայնագրի, այդ թվում՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի շուրջ, և եթե հավակնում եք ստորագրել և իրագործել այդ փաստաթղթերը, ապա չեք կարող ունենալ որևէ այլ պայմանավորվածություն, որը հակասում է այս փաստաթղթերի դրույթներին,- նշում է Եվրամիության ներկայացուցիչը` առանձնացնելով, թե հատկապես որ դրույթներն են անընդունելի Եվրամիության համար: -Խնդիրը հետևյալն է՝ ցանկացած երկիր պետք է ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք ունենա արտաքին առևտրի և մաքսատուրքեր սահմանելու հարցում, մինչդեռ Մաքսային միությունը՝ իր միասնական մաքսատուրքերի և առևտրի քաղաքականությամբ, զրկում է Հայաստանին այս հարցերում ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքից»:

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազույցում Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատարի խոսնակը նաև փաստել է, որ պաշտոնական Բրյուսելը ցանկանում է մինչև այս տարվա նոյեմբերը՝ Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, ավարտին հասցնել Հայաստանի հետ բանակցությունները երկու պայմանագրերի շուրջ:

«Սրանք շատ կարևոր և հավակնոտ փաստաթղթեր են, որոնք է՛լ ավելի կսերտացնեն Հայաստանի տնտեսական ինտեգրումը Եվրամիության հետ, ինչպես նաև քաղաքական ընկերակցությունը: Դրանք ստորագրելու ցանկություն ունի նաև Հայաստանի կառավարությունը, և նրանք տեղյակ են, թե որքան հեռուն կարող են գնալ այլ գործընկերների հետ բանակցություններում»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատարի խոսնակ Փիթեր Ստանոն:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում