Հունիսի 5-7-ը Թբիլիսիում Հայնրիխ Բյոլի հիմնադրամը կազմակերպել էր միջազգային խորհրդաժողով, որին հրավիրված էին քաղաքագետներ ու փորձագետներ Ադրբեջանից, Վրաստանից, Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից: Այն բացեց Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին: Հայաստանից ելույթ ունեցա նաև ես՝ ներկայացնելով արտաքին քաղաքականության, ներքին զարգացումների և տնտեսության մասին ընդհանուր տեղեկություններ: Այսօր իմ ամենշաբաթյա սյունյակում որոշ կրճատումներով կներկայացնեմ ելույթը:
Մայիսի վերջերին տեղի ունեցավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախագահների ոչ պաշտոնական հանդիպումը, որին Սերժ Սարգսյանը չմասնակցեց: Շատերը Հայաստանում մտածեցին, որ սա պաշտոնական Երևանի դեմարշն էր, որով հայկական կողմը ուզում էր ցույց տալ, որ դժգոհ է Մոսկվայի քաղաքականությունից:
Չնայած և´ նախկին հետխորհրդային տարածքում, և´ աշխարհում ընդունված է ասել, որ Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են, ինչը, անշուշտ, լայն հաշվով, համապատասխանում է իրականությանը, սակայն կան տասնյակ այլ դեպքեր, որոնք ցույց են տալիս, որ երբեմն Հայաստանը դժգոհ է մնում այն քաղաքականությունից, որ վարում է Մոսկվան Հարավային Կովկասում:
Հարավային Կովկասի միջազգայնորեն ճանաչված հանրապետություններից միակը Հայաստանն է, որի կախվածությունը Ռուսաստանից ռազմական, տնտեսական, քաղաքական ու հոգեբանական առումով ակնհայտ է: Եվ անկախ նրանից, թե ինչպիսի հակառուսական շեշտադրումներ կան Արևմտյան պետական ու փորձագիտական շրջանակներում, ակնհայտ է, որ Ռուսաստանը Հարավային Կովկասում շարունակում է մնալ որպես հիմնական խաղացող:
Հայաստանի արտաքին քաղաքական կախվածությունը Ռուսաստանից ունի մի քանի պատճառներ: Առաջինը և հիմնականը, որի մասին միջազգային հանրությունը գրեթե չի խոսում, Հայաստանի հարաբերություններն են իր երկու անմիջական հարևանների` Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Հայաստանի արտաքին սահմանների ավելի քան 80 տոկոսը շրջափակման տակ է: Քանի դեռ Թուրքիան Հայաստանը պահում է շրջափակման տակ, չի հաստատում դիվանագիտական հարաբերություններ, քանի դեռ Ադրբեջանը սպառնում է պատերազմով, Հայաստանը իր անվտանգության ապահովման հիմնական ուղղությունը համարելու է Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական համագործակցության խորացումը:
Հայ-ռուսական հարաբերությունների բարձրակետը 1990-ականների կեսերն էր, երբ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Բորիս Ելցինը ունեին անձնական ամենաջերմ հարաբերություններ: Տեր-Պետրոսյանի ժամանակներում էր, երբ պայմանավորվածություն ձեռք բերվեց Գյումրիում տեղակայել 102-րդ ռուսական ռազմակայանը, իսկ հայ-թուրքական սահմանի պաշտպանությունը համատեղ դրվեց հայ և ռուս սահմանապահների վրա: Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գործընկերային էին: Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին գործընկերությունը կամաց կամաց վերածվեց կախվախության: Հայաստանը սկսեց իր էներգետիկ համակարգը փոխանցել Ռուսաստանին և ռուսական ընկերություններին` պարտքի կամ այլ գործարքների դիմաց:
Հայաստանից որևէ բան կորզելու նպատակով՝ Ռուսաստանը սկսեց գործի դնել տնտեսական լծակները: Պետք է նաև նշեմ, որ ընդհանուր առմամբ, Քոչարյանը ուներ անձնական լավ հարաբերություններ Վլադիմիր Պուտինի հետ: Գործող նախագահ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հարաբերությունները այնքան էլ բարեկամական չեն: Անշուշտ, անձնական կապերը կարևոր են, բայց առաջնայինը պետական շահն է: Այսօր Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները լարվածության հերթական փուլն են մտել: Ռուսները գազը Հայաստանին վաճառում են բարձր գներով, ինչը իր հետ բերելու է համատարած թանակացումներ մեր երկրում: Հայաստանի իշխանությունները չունեն լծակներ, որպեսզի կանխեն գնաճը, ինչը իր հետ կարող է բերել սոցիալական ընդվզումներ: Այսօր Ռուսաստանը փորձում է Հայաստանին ավելի մոտեցնել Պուտինի նախաձեռնած Եվրասիական Միությանը, ինչը մտահոգությունների տեղիք է տալիս Եվրոպայում:
Հայաստանի կարևորագույն գործընկերը Վրաստանն է: Հայաստանում կա այն գիտակցումը, որը Վրաստանը Հայաստանի համար ունի անգնահատելի նշանակություն: Պատճառը միայն այն չէ, որ Հայաստանից Ռուսաստան ցամաքային ճանապարհը անցնում է Վրաստանով: Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության 70 տոկոսը կատարվում է Վրաստանի տարածքով` Բաթումի և Փոթի նավահանգիստներով ու վրացական երկաթուղով: Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են Հայաստանին մեկուսացնել տարածաշրջանային տնտեսական ու քաղաքական նախագծերից և դրա համար ընդդեմ Հայաստանի փորձում են տրամադրել Վրաստանին: Հետևաբար, շատ կարևոր է Հայաստան-Վրաստան համագործակցության խորացումը:
Հարավային Կովկասը չի կարելի համարել մեկ միասնական շրջան: Գուցե աշխարհագրական իմաստով և ընկալումով այն մեկ շրջան է, սակայն աշխարհում դժվար է գտնել մեկ այլ շրջան, որտեղ լինեն բազմաթիվ բաժանարար գծեր (dividing line): Թուրքիա-Հայաստան սահմանը բաժանարար գիծ է: Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Նախիջևան և Ղարաբաղ-Ադրբեջան սահմանները ոչ միայն բաժանարար գծեր են, այլ ականապատ տարածքներ: Ռուսաստան-Վրաստան սահմանը մեկ այլ բաժանարար գիծ է: Բացի այդ, բաժանարար գծեր են նաև Աբխազիա-Վրաստան և Հարավային Օսիա-Վրաստան սահմանները:
Ադրբեջանի և Թուրքիայի մասին ասելու շատ բան չկա, քանի որ Ղարաբաղի հարցում չկա առաջընթաց: Արդեն քսան տարի Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը կապում է ԼՂ հարցում առաջընթացի հետ: Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները կարել է բնորոշել հարևանական:
Հայաստանի բոլոր երեք նախագահները հասկացել են մեկ պարզ ճշմարտություն և այս իմաստով` երկիրը զերծ պահել արկածախնդրությունից: Փոքր պետությունները, ինչպիսին Հայաստանն է, չեն կարող իրենց շահերը թելադրել: Փոքր պետությունները, սովորաբար փորձում են իրենց շահերը համադրել խոշոր տերությունների, աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի հետ: Հայաստանը երբեք չի փորձել օգուտներ ակնկալել Ռուսաստան-ԱՄՆ և Ռուսաստան-Եվրոպա հակասություններից:
Հայաստանը գիտի իր չափը և հնարավորությունները և փորձում է քայլ առ քայլ համագործակցությունը խորացնել Միացյալ Նահանգների ու Եվրոպական խոշոր պետությունների հետ: Հայաստանը նաև խորացնում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի և Եվրոպական Միության հետ` առանց հայտարարելու, որ պատրաստվում է անդամակցել այդ կառույցներին: Մի կողմից, իրատեսական չէ Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին, ինչպես Վրաստանի դեպքում իրատեսական չէ, հետևաբար, ի՞նչ իմաստ ունի անիմաստ նյարդայնացնել Ռուսաստանին:
Արևմուտքը երբեմն քննադատում է, որ Հայաստանի տնտեսությունը, առաջին հերթին` էներգետիկ համակարգը, անցնում է ռուսների վերահսկողության տակ: Դա ճիշտ է: Սակայն երբ Հայաստանը փորձեց նոր ատոմակայան կառուցել, եվրոպական ոչ մի երկիր ներդրումներ անելու պատրաստակամություն չհայտնեց: Նույնը վերաբերում է ԱՄՆ-ին: Վաշինգտոնը հաճախ է Հայաստանին քննադատում Իրանի հետ համագործակցելու և լավ հարևանություն անելու համար, սակայն լուրջ քայլերի չի դիմում, որպեսզի Թուրքիան վերջ տա Հայաստանի շրջափակումը:
Հայաստանին տրվող վիճակը, որ նա հիբրիդային երկիր է, այսինքն` մաքառում է ժողովրդավարության և ավտորիտարիզմի միջև, կարծում եմ, ճիշտ գնահատական է: Անկասկած, Հայաստանը ավտորիտար պետութոյւն չէ, բայց նույնքան անկասկած՝ ժողովրդավարական էլ չէ:
Իննսունականների սկզբներին Հայաստանը համարվում էր «ժողովրդավարության կղզյակ» Հարավային Կովկասում: Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության վերջին տարիներին և Ռոբերտ Քոչարյանի նախագահության առաջին տարիներին Հայաստանը զրկվեց այդ շահեկան պիտակից:
Լրատվամիջոցների ազատության իմաստով Հայաստանը ունի խնդիրներ: Բոլոր նախագահների ժամանակ հեռուստաընկերությունները գտնվել են նրանց վերահսկողության տակ, հատկապես` նախագահական նախընտրական, երբեմն նաև՝ հետընտրական շրջանում: Հայաստանում շատ ակտիվ կերպով զարգանում է առցանց հեռարձակումը, որը շատ դեպքերում փոխարինում է ավանդական հեռուստատեսությանը:
Այսօր Հայաստանի հիմնական մարտահրավերը քաղաքական և տնտեսական մենաշնորհներն են: Այո, Հայաստանում ընդդիմությունը ավելի ուժեղ է, քան Վրաստանում, և այդպես է եղել երկու տասնամյակ շարունակ, սակայն մյուս կողմից, պետք է նկատել, որ տարին տարու վրա գործող իշխանությունները և իշխանական Հանրապետական կուսակցությունը իր ձեռքում է կենտրոնացնում տնտեսությունը և բոլոր եկամտաբեր բիզնեսները: Այսօր Հայաստանի իշխանությունների հիմնական հենարանը օլիգարխան է: Ներքին տնտեսական շուկան կենտրոնանում է խոշոր գործարարների ձեռքում, որոնք հիմնականում իշխանությունների սիրելի գործարարներն են:
Թաթուլ Հակոբյան











