Պետական եկամուտների կոմիտեն` ի պատասխան ՍիվիլՆեթի հարցմանը, պարզաբանում է ներկայացրել «Ջավախք» հայրենակցական միության տարածած հայտարարության վերաբերյալ, որում նշվում որ, որ Բավրայի մաքսակետում Վրաստանի քաղաքացիների կողմից լրացվող բեռնամաքսային հայտարարագրերի տրամադրման համար նոր միջնորդավճար է սահմանվել, ինչը հարուցել է ջավախքցիների դժգոհությունը:
ՊԵԿ-ի պարզաբանման մեջ, մասնավորապես, ասված է. «Տեղեկացնում ենք, որ ոչ հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաներից Հայաստանի Հանրապետություն ո´չ մուտքի և ո´չ էլ ելքի համար չի գանձվում որևէ վճար: Տվյալ դեպքում խոսքը գնում է մաքսային ձևակերպումների հետ կապված ծառայություններ մատուցող մասնագիտացված կազմակերպությունների (մաքսային բրոքերների) կողմից գանձվող վճարների մասին, որոնց ծառայություններից հայտարարագրերը լրացնելիս օգտվելը վարորդների իրավունքն է: Իսկ ինչ վերաբերում է գանձվող գումարների չափին, ապա դրա հետ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը որևէ առնչություն չունի: Նշենք, որ եթե մաքսային բրոքերների ծառայությունները հանրապետության մյուս մաքսակետերում մատուցվում էին վաղուց, ապա Բավրայի մաքսակետում դրանք սկսել են մատուցվել միայն վերջերս, քանի որ ապահովված չէին համապատասխան տեխնիկական խնդիրները»:
Civilnet











