Գլխավոր Լրահոս

Բանկերի ճիտին պարտքը

Բանկերի ճիտին պարտքը

Բաղդասարովը դիտարկում է հայաստանյան ավիաշուկա վերադառնալու հնարավորությունը։ Նա ցանկություն ունի մասնակցել ՔԱԳՎ-ի կողմից հայտարարվող օդուղիների շահագործման թույլտվությունների մրցույթներից մեկին։

«Արմավիան» սնանկ ճանաչելու գործընթացը գործարար Միխայիլ Բաղդասարովը ձգձգում է իշխանությունների «հորդորով»։ Կամավոր սնանկացման արդյունքում ավիաընկերությանը ֆինանսավորած հայաստանյան բանկերում տեղի է ունենալու վարկերի դասակարգում, և որպես հետևանք՝ վատթարանալու են պարտադիր նորմատիվային ցուցանիշները։ «Արմավիայի» շուրջ իրավիճակին տեղյակ աղբյուրները ՍիվիլՆեթին հայտնել են, որ թեև ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը ցանկանում է ընկերության սնանկացման գործընթաց սկսել (ինչը բխում է նրա շահերից), իշխանությունները նրան թույլ չեն տալիս նման քայլի գնալ։

Ավիափոխադրումները դադարեցնելու և սնանկացման գործընթաց նախաձեռնելու «Արմավիայի» հայտարարությունից (մարտի 29) անցել է ավելի քան երկու ամիս։ Առայսօր սնանկության մասին դիմում ավիաընկերությունը դատարան չի ներկայացրել։

«Արմավիան» վարկային լուրջ պարտավորություններ ունի հայկական բանկերում: Վարկերի մի մասը տրվել է՝ առանց ռիսկերի լիարժեք գնահատման (երբեմն նաև՝ իշխանությունների հորդորով). սնանկացման գործընթացի արդյունքում ավիաընկերությանը վարկավորած բանկերը լուրջ խնդիրների առջև են կանգնելու։ Թեև «Արմավիայի» վարկերի հիմնական մասն ապահովված է գրավով (գրավադրված են ընկերության օդանավերը, վարչական շենքը), դատարանի կողմից պարտապանի կամավոր սնանկության դիմումը վարույթ ընդունելուց հետո բանկերը ստիպված են լինելու դասակարգել ընկերության վարկերը։ Պարզ ասած՝ պարտապանը դառնում է անվճարունակ, իսկ բանկերը վարկերը ճանաչում են անհուսալի։ Իհարկե, գույքի բռնագանձումից և դրա իրացումից հետո բանկերը կկարողանան վերադարձնել միջոցները, սակայն մինչ այդ ստիպված են լինելու դասակարգված վարկերի չափով նվազեցնել կապիտալը։ Արդյունքում մի շարք բանկերում կարող են վատթարանալ նորմատիվային ցուցանիշները։

ԿԲ «Առևտրային բանկերի վարկերն ըստ ոլորտների (ամսական)» հրապարակման համաձայն՝ օդային տրանսպորտի գործունեության ոլորտի վարկային պորտֆելն ապրիլի վերջին կազմել է Դ17 մլրդ (մոտ $42 մլն)։ Թեև ապրիլին «Արմավիան» դե ֆակտո գործունեություն չի ծավալել, օդային տրանսպորտի գործունեության ոլորտի վարկային պորտֆելի ծավալը նվազել է $700 հազ-ով։

ՍիվիլՆեթի աղբյուրի փոխանցմամբ՝ Բաղդասարովը փորձելու է գրավադրումից հանել օդանավերը, իսկ Bambardier CRJ օդանավը շահագործել Թբիլիսի-Երևան ավիաուղղությամբ։ Վրացական Georgian Airways-ը նախատեսում է Երևանի և Թբիլիսիի միջև կանոնավոր օդային փոխադրումներ սկսել, և Միխայիլ Բաղդասարովը բանակցում է այդ չվերթներում «Արմավիայի» ավիապարկի շահագործման հնարավորության շուրջ։

«Վարկերի մարման և ինքնաթիռները գրավից հանելու համար գործարարը վաճառքի է հանել նաև իրեն պատկանող «Միկա ցեմենտ» ընկերությունը (Հրազդանի ցեմենտի գործարան), որը պարապուրդի մեջ է»,– նշեց աղբյուրը։ Բաղդասարովին պատկանող MIKA Limited-ի լրատվական ծառայությունում պնդեցին, որ Հրազդանի ցեմենտի գործարանի վաճառքի մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Մյուս կողմից՝ գործարանի տեխնոլոգիաները բարոյապես մաշված են և էներգածախսատար, և վերազինման համար, մասնագետների հաշվարկով, անհրաժեշտ է մոտ $20 մլն ներդրում։ Դեռ 2008թ. Բաղդասարովը փորձում էր գործարանը վաճառել ռուսական «ՌԱՏՄ - Ցեմենտ հոլդինգին», սակայն գործարքն այդպես էլ չկայացավ։

ՍիվիլՆեթի աղբյուրի փոխանցմամբ՝ Բաղդասարովը դիտարկում է նաև հայաստանյան ավիաշուկա վերադառնալու հնարավորությունը։ Նա ցանկություն ունի մասնակցել առաջիկա մեկ ամսում Քաղաքացիակական ավիացիայի գլխավոր վարչության կողմից հայտարարվող օդուղիների շահագործման թույլտվությունների մրցույթներից մեկին։

Օդուղիները բաժանվելու են երեք խմբերի, մրցույթին կարող են մասնակցել միայն հայկական ավիաընկերությունները։ Բաղդասարովը քննարկում է մրցույթներին մասնակցելու հնարավոր տարբերակները՝ կա՛մ նորաստեղծ ընկերության միջոցով, կա՛մ Հայաստանում օդանավ շահագործելու լիցենզիաներ ունեցող տասը ընկերություններից մեկի կապիտալում օդանավերի տեսքով ներդրում անելու ճանապարհով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում