ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի խոսքով՝ 2,5% հավելյալ գնաճն արդեն «լուրջ թիվ է» (հունիսի 10, Ազգային ժողով)։
Հունիսի 10-ին ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը ԱԺ-ում հայտարարել է, որ ստեղծված գնաճային միջավայրի պայմաններում գլխավոր դրամատունը ստիպված դիմելու է կոշտ դրամավարկային քաղաքականության։ Նա դժվարացել է ասել՝ կբարձրացվի՞ արդյոք վերաֆինանսավորման տոկոսադրույքը, թե՞ ոչ, թեև հստակեցրել է, որ «բարձրացումն արդարացի կլինի»։ Ջավադյանի խոսքով՝ 2,5% հավելյալ գնաճն արդեն «լուրջ թիվ է»։
Ըստ Ջավադյանի՝ ԿԲ հիմնական խնդիրը գների կայունության ապահովումն է, և եթե գլխավոր այս խնդիրը հակասության մեջ է մտնում այլ խնդիրների հետ, իրենք պետք է ընտրեն գլխավորը։
Հունիսի 10-ին ԿԲ-ն հրապարակել է «Գնաճի հաշվետվությունը (Դրամավարկային քաղաքականության ծրագիր II եռամսյակ, 2013թ., Դրամավարկային քաղաքականության 2013թ. I եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվությունը)»։ Փաստաթղթում նշվում է՝ «հաշվի առնելով արտաքին և ներքին տնտեսությունների զարգացումները և ժամանակավոր առաջարկի շոկի մարման ազդեցությունը՝ կանխատեսվում է, որ 2013թ. երկրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը որոշակի կարագանա՝ հունիսի վերջին ձևավորվելով տատանումների թույլատրելի միջակայքի վերին հատվածում»։ Գնաճային միջավայրը կընդլայնվի նաև մայիսին տեղացած կարկուտի հետևանքով գյուղմթերքների գների հնարավոր բարձրացման և երրորդ եռամսյակից էներգակիրների սակագների հնարավոր վերանայման ազդեցությամբ։
«Էներգակիրների սակագների վերանայման վերջնական որոշման առկայության պարագայում բարձր գնաճը և դրա երկրորդային ազդեցությունները մեղմելու, ինչպես նաև գնաճային սպասումնեճը խարսխելու նպատակով ԿԲ-ն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ներկայիս ուղղությունները՝ բարձրացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը»,– նշված է հաշվետվությունում։
Փաստաթղթում նշվում է նաև, որ գնաճային սպասումների չեզոքացումից հետո ԿԲ-ն կճշգրտի իր քաղաքականությունը խթանման ուղղությամբ, և կիջեցնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Նշված գործոնների ազդեցության արդյունքում 2014թ. երրորդ եռամսյակից 12-ամսյա գնաճը կնվազի և կվերադառնա տատանումների թույլատրելի միջակայք (4±1,5%)։
ԿԲ հաշվետվությունից պարզ երևում է, որ ԿԲ խորհուրդը հունիսի 25-ի նիստին կբարձրացնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը (ներկայում՝ 8%), այլ հարց է՝ ինչ չափով։
Civilnet











