Apple-ը ներկայացրել է iOS 7-ը

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության iPhone սմարթֆոններն ու iPad պլանշետներն արդեն այս աշնանը անցում կկատարեն նոր` iOS 7 օպերացիոն համակարգին: Ընկերությունը արմատական փոփոխություններ է կատարել նոր օպերացիոն համակարգի ինտերֆեյսում (միջերես), ինչպես նաև մի շարք նոր գործառույթներ հավելել: Այս մասին հաղորդում է Mashable-ը, վկայակոչելով հունիսի 10-14-ը Սան Ֆրանցիսկոյում ընթացող Worldwide Developers Conference 2013 (WWDC) համաժողովը, որի ընթացքում ներկայացվել է iOS 7-ը:
Հատկանշական է, որ առաջին iPhone-ի թողարկումից մինչ օրս iOS համակարգում նման արմատական փոփոխություններ դեռ չեն իրականացվել: Մասնավորապես` փոփոխվել է օպերացիոն համակարգի արտաքին տեսքը` նշանների մոտ բացակայում է «ապակյա» փայլը, տառատեսակը դարձել է ավելի ընդգծված:
Փոփոխվել են նաև գործառույթները: Մասնավորապես` i-սարքավորումն այժմ հնարավոր է արգելափակել մատները դեպի վեր շարժելով, ինչպես Sony-ի սմարթֆոնների դեպքում է: Apple-ը վերամշակել է բոլոր ստանդարտ բջջային ծրագրերը: Շեշտը դրվել է «սվայփ ժեստերի» միջոցով կառավարումը հեշտացնելու վրա:
iOS 7-ում կգործի խնդիրների բազմազանության նոր համակարգը, որը հնարավորություն կտա բջջային ծրագրերին հետևել քարտերի տեսքով, որոնցից յուրաքանչյուրի վրա պատկերված կլինի տվյալ ծրագրի պարունակությունը նկարագրող պատկերը: Այսուհետ iOS 7-ում գործարկվող բոլոր ծրագրերը, ներառյալ ոչ Apple-ի կողմից թողարկվածները, կաշխատեն ամբողջական աշխատանքային ռեժիմով:
Safari բրաուզերի բջջային թարմացված տարբերակում հայտնվել է ամբողջական էկրանով ռեժիմը, ժեստերի կառավարման գործառույթը` Chrome բրաուզերի նմանությամբ: Նոր համակարգում կգործի կայքերի հասցեների և հարցումների որոնման միասնական համակարգը: Նշված երկու գործողությունները կիրականացվեն միասնական օմնիբոքսի ներսում: iOS 7-ում կավելանա նաև AirDrop գործառույթը, որը նախատեսված է մեկ ցանցում աշխատող սարքավորումների միջև տվյալների արագ փոխանակման համար:
iOS 7-ը հասանելի է միայն iPhone 5-ի, 5-րդ սերնդի iPod touch նվակարգիչի, iPad 4 և iPad mini պլանշետների համար: Apple-ը նաև որոշել է թարմացնել i-սարքավորումների տեսախցիկը, որի համար վերամշակել է ինտերֆեյսը և հավելվել են զտիչներ:
Զգալիորեն վերամշակվել է նաև Siri ձայնային օգնականը, որի արդյունքում ձայնային հրամանների օգնությամբ հնարավոր կլինի, օրինակ, միացնել և անջատել Bluetooth-ը կամ թվիթներ ուղարկել:
Apple-ի ներկայացուցիչները նշում են, որ iOS 7-ը հնարավոր կլինի նաև գործածել iPhone 4 և iPad 2 գաջեթների ներսում: Նոր համակարգի բետա տարբերակն արդեն գործում է, իսկ բոլոր i-սարքավորումների օգտագործողները այն ամբողջովին կկարողանան թարմացնել արդեն աշնանը:
Թեմա
Civilnet










