Գլխավոր Լրահոս

Ինչու է Թուրքիան բարգավաճում. հայտնի տնտեսագետի ակնարկը

Ինչու է Թուրքիան բարգավաճում. հայտնի տնտեսագետի ակնարկը

Լուսանկարը` ՍիվիլՆեթի արխիվից

Մայիսի 27-ին՝ մինչև Թուրքիայում ծայր առած բողոքի ցույցերը, աշխարհի ամենահայտնի տնտեսագետներից մեկը՝ Կոլումբիայի համալսարանի Երկրագնդի ինստիտուտի տնօրեն և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խորհրդական Ջեֆրի Սաքսը Project Syndicate կայքում հոդված է հրապարակել Թուրքիայի հաջողված տնտեսական քաղաքականության մասին: Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև:

Նյու Յորք – Իմ վերջին այցը Թուրքիա ինձ հիշեցրեց անցյալ տասնամյակում այդ երկրի հսկայական տնտեսական հաջողությունների մասին: Տնտեսությունը արագ աճում է, անհավասարությունը՝ փոքրանում, իսկ ինովացիաները՝ ավելանում:

Թուրքիայի ձեռքբերումները ավելի նշանակալի են, եթե հաշվի առնենք նրա հարևանությունը: Նրա արևմտյան հարևանները՝ Կիպրոսն ու Հունաստանը, եվրոգոտու ճգնաժամի էպիկենտրոնում են: Հարավարևելյան մասում պատերազմի մեջ խրված Սիրիան է, որտեղից արդեն 400 հազ. փախստական ապաստան է գտել Թուրքիայում: Արևելքում Իրաքն ու Իրանն են, իսկ հյուսիս-արևելքում՝ Հայաստանն ու Վրաստանը: Եթե աշխարհում ավելի բարդ հարևանություն կա, ապա շատ դժվար կլինի այդպիսին գտնելը:

Բայցևայնպես տարածաշրջանային ցնցումների պայմաններում Թուրքիան հսկայական հաջողությունների է հասել: 1999-2001 թթ. կտրուկ անկումից հետո՝ տնտեսությունը 2002-2012 թթ. տարեկան միջինը աճել է 5%-ով: Թուրքիան մնացել է խաղաղ՝ չնայած տարածաշրջանային պատերազմներին: Նրա բանկերը խուսափել են նախորդ տասնամյակի վերելքներից ու անկումներից՝ շնորհիվ 2000-2001 թթ. բանկային կոլապսի փորձի: Անհավասարության մակարդակը իջել է: Իսկ կառավարությունը հաջորդաբար հաղթանակ է տարել երեք համապետական ընտրություններում՝ յուրաքանչյուր անգամ ավելացնելով իր ժողովրդականության քվեների մասնաբաժինը:

Թուրքիայի վերելքը բոլորովին կարճաժամկետ չէ: Այն  ավելի շուտ հենված է ամուր տնտեսական հիմքի վրա, քան պղպջակների ու պաշարների հայտնաբերման: Իսկապես, Թուրքիան չունի իր հարևանների նավթային ու գազային պաշարները, սակայն դա փոխհատուցում է իր արդյունաբերության և ծառայությունների մրցունակությամբ: Միայն զբոսաշրջությունը 2012թ. ավելի քանի 36 մլն մարդու է բերել երկիր՝ Թուրքիան դարձնելով աշխարհի ամենաշատ այցելուներ ներգրավող հանգրվաններից մեկը:

Նույնիսկ կարճատև այցն Անկարա թույլ է տալիս տեսնել այս ուժեղ կողմերը: Դուք կտեսնեք առաջնակարգ օդանավակայաններ, ավտոմայրուղիներ և այլ ենթակառուցվածքներ, ինչպես նաև միջքաղաքային երկաթուղու արագընթաց ցանց, որն Անկարան կապում է երկրի այլ շրջանների հետ: Եվ այդ առաջնակարգ ինժեներական կառույցների մեծ մասը կառուցված է իրենց՝ թուրքերի կողմից: Թուրքական շինարարական ըկերությունները մրցունակ են միջազգային մակարդակով և գնալով ավելի շատ տենդերներ են հաղթում ամբողջ Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում:

Աճում են նաև Թուրքիայի համալսարանները: Անկարան դարձել է բարձրագույն կրթության առանցք, որտեղ սովորելու են գալիս ուսանողներ Աֆրիկայից ու Ասիայից: Շատ ծրագրեր անգլերենով են, ինչը երաշխավորում է, որ Թուրքիա ավելի մեծ թվով  միջազգային ուսանողներ են գալու սովորելու: Եվ երկրի համալսարանները գնալով ավելի շատ են աջակցում ավիոնիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ժամանակակից էլեկտրոնիկայի և այլ ոլորտներում գործող բարձրտեխնոլոգիական ընկերությունների աճին: 

Ի պատիվ իրեն՝ Թուրքիան սկսել է ներդրումներ իրականացնել կայուն տեխնոլոգիաներում: Երկիրը հարուստ է քամու, գեոթերմալ և էներգիայի այլ վերականգնվող աղբյուրներով, և թերևս դառնա առաջատար կանաչ տեխնոլոգիաների միջազգային արտահանող:

Մաքրման կայանները, որպես կանոն, զբոսաշրջիկների համար գրավիչ վայրեր չեն, սակայն Անկարայի թափոնների վերամշակման քաղաքային նորագույն կայանը հիրավի գրավում է աշխարհի ուշադրությունը: Դեռ մի քանի տարի առաջ թափոնները ուղղակիորեն թափվում էին գարշահոտ, զզվելի և վնասակար աղբավայրը: Այժմ առաջնակարգ տեխնոլոգիաների շնորհիվ աղբավայրը վերածվել է կանաչ գոտու:

Աղբավերամշակման մասնավոր ITC ընկերությունը ամեն օր հազարավոր տոննա կենցաղային աղբ է ընդունում: Թափոնները բաժանվում են վերամշակվող նյութերի (պլաստիկ, մետաղներ) և օրգանական մնացորդների: Օրգանական մնացորդները ֆերմենտացիոն գործարանում վերածվում են կոմպոստի և մեթանի, որն օգտագործվում է 25 Մվտ հզորությամբ էլեկտրակայանում էլեկտրաէներգիա արտադրելու համար: Էլեկտրականությունը վերադառնում է քաղաքի էներգահամակարգ, իսկ տաք արտանետումները ուղղվում են ընկերության ջերմոցներ, որտեղ աճեցվում է լոլիկ, ելակ ու խոլորձ (օրխիդեա)։

Թուրքիայի արդյունաբերության և շինարարության դիվերսիֆիկացված ինովացիոն բազան հաջող ծառայում է նրան մի աշխարհում, որտեղ շուկայական հնարավորություները Միացյալ Նահանգներից ու Արևմտյան Եվրոպայից տեղափոխվում են Աֆրիկա, Արևելյան Եվրոպա, Մերձավոր Արևելք ու Ասիա: Այս նոր հնարավորություններն օգտագործելու առումով Թուրքիան ճարպիկ է եղել՝ իր արտահանման մեծ մասն ուղղելով հարավ և արևելք՝ զարգացող տնտեսություն ունեցող երկրներ և ոչ թե արևմուտք՝ բարձր եկամուտ ունեցող շուկաներ: Այս միտումը կշարունակվի, քանի որ Աֆրիկան ու Ասիան թուրքական շինարարական  ընկերությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների և կանաչ ինովացիաների համար կայուն շուկաներ են դարձել:

Ինչպես է Թուրքիան հաջողել

Այսպիսով, ինչպե՞ս է Թուրքիան դրան հասել: Ամենակարևորը եղել է այն, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և տնտեսագետների նրա թիմը՝ փոխվարչապետ Ալի Բաբաջանի գլխավորությամբ, հավատարիմ են եղել տնտեսագիտության հիմնադրույթներին ու ձգտել են հեռահար նպատակների: Էրդողանն իշխանության է եկել 2003թ.՝ տարիներ տևած կարճատև անկայունությունից ու բանկային ճգնաժամերից հետո: Նրանք անհապաղ օգնության համար դիմում էին Արժույթի միջազգային հիմնադրամին: Էրդողան-Բաբաջանի քայլ-առ-քայլ ռազմավարությունն էր վերականգնել բանկային համակարգը, բյուջեն վերահսկողության տակ առնել և հետևողականորեն նշանակալից գումարներ ներդնել կարևոր ոլորտներում՝ ենթակառուցվածքներ, կրթություն, առողջապահություն և տեխնոլոգիաներ:

Խելամիտ դիվանագիտությունը նույնպես օգտակար է եղել: Ծայրահեղությունների տարածաշրջանում Թուրքիայի ձայնը ավելի հաճախ եղել է չափավոր: Տարածաշրջանի գլխավոր ուժերի հետ Թուրքիան (հնարավորինս) պահպանել է բաց դռներն ու հավասարակշռված դիվանագիտությունը: Դա նրան օգնել է ոչ միայն իր ներքին հավասարակշռությունը պահպանել, այլև շուկաներ գրավել և ընկերներ պահել առանց ծանր բեռի ու աշխարհաքաղաքականության բաժանարար ռիսկերի:

Անկասկած, արագ աճի հետագծի վրա մնալու Թուրքիայի կարողությունը շարունակում է մնալ անորոշ: Ճգնաժամերի ցանկացած համադրություն՝ եվրոգոտու, Սիրիայի, Իրաքի, Իրանի կամ նավթի միջազգային գների, կարող է անկայունություն առաջացնել: Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի կրկնությունը կարող է խախտել կարճաժամկետ կապիտալի ներհոսքը: Վտանգավոր հարևանությունը նշանակում է անխուսափելի ռիսկեր, թեև Թուրքիան վերջին տասնամյակի ընթացքում դրանք դիմագրավելու լավ ընդունակություն է դրսևորել:

Բացի այդ, կրթության որակի և որակավորման մարտահրավերը, հատկապես՝ աղջիկների և կանանց, մնում է առաջնահերթություն: Բարեբախտաբար կառավարությունը հստակ ճանաչել է կրթության հարցը և այն լուծում է դպրոցական բարեփոխումների, ներդրումների մեծացման, ինչպես նաև դասարաններում նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաներ ներդնելու միջոցով:

Թուրքիայի հաջողությունները խոր արմատներ ունեն կառավարության ներուժի և նրա ժողովրդի հմտությունների մեջ և արտահայտում են տասնամյակների ներդրումներն ու բազմադարյա պատմությունը՝ սկսած Օսմանյան կայսրության ժամանակներից: Ուրիշ երկրներ չեն կարող պարզապես կրկնօրինակել այդ ձեռքբերումները, բայցևայնպես նրանք  կարող են քաղել հիմնական դասը, որը հաճախ մոռացվում է «խթանումների», պղպջակների և կարճաժամկետ մտածողության աշխարհում: Երկարաժամկետ աճը բխում է դրամավարկային և հարկաբյուջետային խելամիտ քաղաքականությունից, բանկերի կարգավորման քաղաքական կամքից, ենթակառուցվածքներում պետական և մասնավոր ներդրումների համարձակ համադրումներից, հմտություններից և առաջատար տեխնոլոգիաներից:  

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում