Գլխավոր Լրահոս

Պետությունը փակել են, որ բացեն Փակ շուկան

Պետությունը փակել են, որ բացեն Փակ շուկան

Սամվել Ալեքսանյանը սովոր չէ, որ իրեն ասում են՝ չէ։ Նա մարդ է, որը ինտելեկտուալ գործունեությամբ է զբաղված, հետևաբար չի կարող սխալվել։ Սակայն քաղաքապետ Տարոն Մարգարյանը թույլ չի տալիս, որ ամեն ինչ ունեցող ինտելեկտուալն ունենա նաև բազմաբնակարան շենք։ Բռնել ու ապամոնտաժել է Փակ շուկայի տարածքում գործարար պատգամավորի կառուցած շենքը։ Ու մի ակնթարթում ամեն ինչ ունեցող մարդուն դարձրել է մեկ բազմաբնակարանոց շենք պակաս ունեցող օլիգարխ։ Ո՞վ է տեսել օլիգարխ, որը բազմաբնակարան շենք չունի։

Սամվել Ալեքսանյանը կարող էր նեղանալ Տարոն Մարգարյանից ու չմասնակցել նրա երդմնակալությանը։ Բայց մասնակցել է։ Հընթացս տեղյակ է պահել լրագրողներին, որ նեղացած չէ։ Հետո ավելացրել է. «Որ գան ձեր շենքը քանդեն, ո՞նց կգնահատեք»։ Հասկանու՞մ եք, չի ասում, որ Տարոն Մարգարյանը օրենքով է վարվել կամ շրջանցել է օրենքը, չի ասում, որ իր բազմաբնակարան շենքը համաձայնեցված էր Թամանյանի նախագծի հետ կամ համաձայնեցված չէր, չի ասում, որ շենքը չէր խանգարում Երևանի ընդհանուր պատկերին, քանի որ այլևս պատկեր չի մնացել, ասում է, որ չի նեղացել Տարոն Մարգարյանից։ Հետաքրքիր մարդ է Սամվել Ալեքսանյանը։ Ումի՞ց պիտի նեղանար նա։ Իսկ ի՞նչ է հասկանում Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի քաղաքաշինական կերպարից։ Ոչինչ։ Նրան ասել են, որ Փակ շուկայի հետ օլիգարխի մանիպուլյացիաները մեծ աղմուկ են բարձրացրել, նա էլ վերցրել ու ապամոնտաժել է բազմաբնակարան շենքը, որի թույլտվությունը չկար։ Առանց թույլտվության, ուշադիր եղեք, մարդը շենք է կառուցում։ Ու իշխանությունից ոչ ոք չի ասում՝ ընկեր, էս ի՞նչ ես անում։ Այսինքն, չեն ասել, բայց շենքն ապամոնտաժել են։ Որովհետև աղմուկն է մեծ։ Դեռ չեն մարսել հենց Փակ շուկայի հետ տեղի ունեցածը։ Բայց պատասխանատվության մասին ոչ մի խոսք։

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն Ազգային ժողովում լրագրողներին ասում էր, որ փետրվարին հանդիպել է Սամվել Ալեքսանյանի հետ և ներկայացրել այն հակամշակութային անոմալիան, որ վերջինս մտադիր է անել Փակ շուկայի հետ։ «Լսեց, լսեց ու մայիսի 5-ին արեց էն, ինչ արեց»,- ասում էր Հասմիկ Պողոսյանը։ Եվ վերջ։ Քաղաքի դիմագիծ ասվածը որևէ նախագծով սահմանված չէ։ Կա՞ աղմուկ՝ կլինեն զգոն, չկա՞ աղմուկ, դիմագծի հերն էլ անիծած։ Ընդամենը մայիսի 31-ին գործարարը հերքում էր, որ ինքը շուկայի տարածքում մտադիր է շենք կառուցել, «մամուլն օրը հազար ձևի բան է գրում, ոչ մի հարկ էլ չի կառուցվելու»։ Բայց արդեն սկսել էր կառուցել: Մի քանի օր հետո Ազգային ժողովում, երբ արդեն քաղաքապետարանն ապամոնտաժել էր սկսածը, լրագրողներին սրտնեղում էր՝ «էնքան գրեցիք, մինչև քանդեցին»։

Սամվել Ալեքսանյանի քմահաճություններն այսօր աշխույժ են պահում քաղաքացիական հասարակությանը՝ մի օր խոչընդոտում է «Կարֆուրի» մուտքը, մի օր Փակ շուկայի տանիքն է փլուզում, մի օր մտնում է ընտրատեղամաս ու կոչ անում կեղծել անաղմուկ, «ստեղից ծպտուն չլսեմ, ըլա՞վ»։ Ամենակարևորը, այս մարդն իր արածներով չի անհանգստացնում նրանց, ովքեր ամենից շատ պետք է անհանգստանային՝ իշխանություններին։ Ինչո՞ւ։ Որովհետև ամբողջ պետությունն է ընկալվում որպես Փակ շուկա։ Ամբողջ պետության հետ է արվում այն, ինչ արվում է Փակ շուկայի հետ։ Պետությունը փակել են ու մտադիր են բացել Փակ շուկան իրենց պատկերով և նմանությամբ։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում