Գլխավոր Լրահոս

Վարչապետին ու նախագահին չեն հավատում

Վարչապետին ու նախագահին չեն հավատում

Արթուր Ստեփանյանի խոսքով՝ 2014թ. առաջին եռամսյակից արդեն էներգակիրների սակագների փոփոխությունը տնտեսական աճի վրա բացասական ազդեցություն կունենա:

2013թ. պետբյուջեի հիմքում կառավարությունը դրել է տնտեսական աճի 6,2% ցուցանիշ, նախագահը գործադիրից պահանջել է ապահովել 7% աճ: Կենտրոնական բանկի կանխատեսումներով՝ այս ցուցանիշների արձանագրման հավանականությունը 30% է։ Գլխավոր դրամատունը 2013թ. ընդամենը 5,6% տնտեսական աճ է ակնկալում։

Հունիսի 11-ին ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը, ներկայացնելով «Գնաճի հաշվետվություն (Դրամավարկային քաղաքականության ծրագիր երկրորդ եռամսյակ 2013թ., Դրամավարկային քաղաքականության 2013թ. առաջին եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվությունը)» փաստաթուղթը, նշեց, որ առաջարկի շոկերի հետևանքով (գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում, մայիսին տեղացած կարկուտի հետևանքով գյուղմթերքի հնարավոր թանկացում) այս տարվա երրորդ եռամսյակից 12-ամսյա գնաճը կգերազանցի տատանումների թույլատրելի միջակայքի (4±1,5%) վերին սահմանը։ ԿԲ դրամավարկային քաղաքականության փոփոխության պայմաններում հաջորդող մեկ տարում գնաճը կձևավորվի 8%-ի շրջակայքում։ «Գազի և էլեկտրաէներգիայի մասնաբաժինը սպառողական զամբյուղում 10,5% է, դրանց սակագների փոփոխությունն անխուսափելիորեն գնաճի վրա թողնելու է ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի ազդեցություն»,– ասաց Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ էներգակիրների սակագների փոփոխությունը տնտեսական աճի վրա բացասական ազդեցություն կունենա 2014թ. առաջին եռամսյակից (ԿԲ կանխատեսումներով՝ ՀՆԱ-ի աճը գալիք տարի կլինի 4%-ի սահմանում)։ Հաշվի առնելով, որ 2014թ. գնաճը կվերադառնա թիրախային միջակայք, ԿԲ-ն կմեղմացնի դրամավարկային պայմանները՝ նպաստելով, որ ցուցանիշը կայունանա հավասարակշիռ մակարդակում (5-6%)։

ՍիվիլՆեթի հարցին, թե որքան է հավանականությունը, որ այս տարի Հայաստանում տնտեսական աճը կլինի հանրապետության նախագահի կողմից նախանշված ցուցանիշի մոտ (7%), Ստեփանյանը պատասխանեց, որ ԿԲ-ն, ինչպես այլ երկրների կենտրոնական բանկեր, տնտեսական աճի մասով լինելով ավելի պահպանողական, այս տարվա համար 1-տոկոսային կետի չափով ավելի քիչ տնտեսական աճ է կանխատեսել։ «Բայց մեր ծրագրում տնտեսական աճի ավելի բարձր ռիսկերի մասում նշել ենք, որ կառավարության արտահանման ուղղված արդյունաբերության քաղաքականության արդյունավետությունից կախված՝ տնտեսական աճը կարող է լինել ավելի բարձր»,– ավելացրեց Ստեփանյանը՝ նշելով, որ 90% հավանականությամբ՝ տնտեսական աճը կլինի 4,7-5,9%-ի միջակայքում, ավելի բարձր կամ ավելի ցածր աճի հավանականությունը 30% է։

Լավատեսությունն ավելացել է

Ի դեպ՝ ԿԲ դրամավարկային քաղաքականության երկրորդ եռամսյակի ծրագրում 2013թ. տնտեսական աճի կանխատեսումը նախորդի համեմատ բարձրացվել է 0,4-տոկոսային կետով (փետրվարին ԿԲ կանխատեսումը 5,2% էր)։ Ըստ ԿԲ-ի՝ 2013թ. առաջին եռամսյակում տնտեսական ակտիվության բարձր տեմպերի պահպանումը ապացույցն է այն բանի, որ տնտեսական ներուժը շարունակում է բարձր մնալ։ «Ուստի, հաշվի առնելով ինչպես ընթացիկ մակրոտնտեսական զարգացումները, այնպես էլ ներքին պահանջարկի աճի հնարավոր արագացումը, 2013թ. տնտեսական աճի կանխատեսումները բազային սցենարի ներքո պետք է վերանայվեին աճի ուղղությամբ: Սակայն, վերոնշյալ զարգացումների հետ մեկտեղ, հաշվի առնելով 2013թ. երրորդ եռամսյակից էներգակիրների սակագների հնարավոր վերանայման բացասական հետևանքները, 2013թ. տնտեսական աճը վերանայվել է նվազման ուղղությամբ՝ ձևավորվելով 4,7-5,9% միջակայքում»,– նշված է ԿԲ հաշվետվությունում։

Ըստ ԿԲ կանխատեսումների՝ տնտեսական աճն ընթացիկ տարում պայմանավորված կլինի հիմնականում արդյունաբերության և ծառայությունների ճյուղերի աճով (ընդհանուր նպաստումը՝ 3,8-տոկոսային կետ)։

Սպասումները բավական ուշագրավ են, եթե հաշվի առնենք, որ ԿԲ-ի կողմից ծառայությունների ոլորտի կանխատեսումներն աճի ուղղությամբ ճշգրտելու համար (կանխատեսվում է 5-6,5% աճ՝ փետրվարյան 4,2-6,2% դիմաց) հիմք են հանդիսացել առաջին եռամսյակում առևտրի շրջանառության ծավալների սպասվածից բարձր աճն ու ներքին պահանջարկի ավելացման ակնկալիքները։

Գնողունակության նվազումը սպառմանը վնաս չէ

ԿԲ-ն նշել է, որ ծառայությունների ոլորտում առկա են աճի ավելի ցածր տեմպերի արձանագրման ռիսկեր՝ պայմանավորված բնակչության եկամուտներում դրամական փոխանցումների աճի հնարավոր դանդաղմամբ։ Հաշվարկներում, սակայն, ԿԲ-ն կարծես մոռացել է այս գործոնի մասին։

Բանն այն է, որ 12-ամսյա գնաճի 8% ցուցանիշի պայմաններում ԿԲ-ում ակնկալում են, որ 2013թ. միջին անվանական աշխատավարձերը կաճեն 6,4%-ով, ֆիզիկական անձանց ոչ առևտրային փոխանցումների աճը կլինի 6-8%-ի միջակայքում։ Այս տվյալներից երևում է, որ ընթացիկ տարում նվազելու է բնակչության գնողունակությունը, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի առևտրի և ծառայությունների ոլորտներում պահանջարկի նվազման։ Ընդ որում՝ բնակչության եկամուտների շուրջ 50%-ն ուղղվում պարենամթերքի ձեռքբերմանը, մյուս մասը՝ ծառայությունների ոլորտ։ Եթե նույնիսկ հաշվի առնենք, որ բոլոր աշխատողները ստանում են մասնավոր դրամական փոխանցումներ, միևնույն է, մասնավոր սպառման աճի մեծացումը իրատեսական չէ: Անգամ այս պայմաններում ԿԲ-ն մասնավոր սպառման տեմպը վերանայել է աճի ուղղությամբ՝ 0,3-տոկոսային կետով՝ մինչև 4,9%։ «Վերանայման համար հիմնականում հիմք է ծառայել 2013թ. հունվար-մարտ ժամանակահատվածում առևտրի շրջանառության սպասվածից ավելի բարձր՝ 6,5% աճը»,– նշված է ԿԲ հաշվետվությունում։

Հարցին, թե ընթացիկ տարվա տնտեսական աճի և մասնավոր սպառման աճի տեմպերը դեպի բարձրացում վերանայելու ժամանակ ԿԲ-ն հաշվի առե՞լ է արդյոք ընտրակաշառքի գործոնը (ինչը նպաստել է առևտրի ծավալների ավելացմանը), Ստեփանյանը պատասխանեց, որ ԿԲ-ն իր կանխատեսումները կատարելիս հիմք է ընդունում Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական վիճակագրական տվյալները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում