Հունվար-մայիսին Հայաստանի պետական պարտքի սպասարկմանն ուղղվել է $93,6 մլն։
Այս տարվա հինգ ամիսներին համաշխարհային հիմնական արժույթների փոխարժեքների տատանումները նպաստել են Հայաստանի արտաքին պարտքի կրճատմանը։ Հաշվետու ժամանակահատվածում արտաքին պարտքը կրճատվել է մոտ 4%-ով կամ $149 մլն-ով՝ մայիսի վերջին կազմելով $3,589 մլրդ։
Ըստ ֆինանսների նախարարության պետական պարտքի ամսական հաշվետվության՝ հունվար-մայիսին պետական պարտքի սպասարկմանն ուղղվել է $93,6 մլն, որից $79,7 մլն՝ մայր գումարի մարմանը, և $13,9 մլն՝ տոկոսավճարներին։ Միևնույն ժամանակ, կառավարությունը և Կենտրոնական բանկը ներգրավել են $43,5 մլն-ի միջոցներ։ Այլ հավասար պայմաններում պետպարտքը պետք է կրճատվեր $50,1 մլն-ով, իրականում այն կրճատվել է մոտ երեք անգամ ավելի։
Արտաքին պետպարտքի նման ծավալով կրճատումը պայմանավորված է համաշխարհային հիմնական արժույթների փոխարժեքների տատանումներով։ Հայաստանի պետական պարտքը գնահատվում է ամերիկյան դոլարով, այն դեպքում երբ այս արժույթով վարկերի մասնաբաժինն ընդհանուր ծավալում 22,6% է։ Պարտքի 59,6%-ը կազմում են SDR-ով (ԱՄՀ, հատուկ փոխառության իրավունք) փոխառությունները, 8,4%-ը՝ ճապոնական յենով ներգրավված միջոցները, 9,2%-ն արտահայտված է եվրոյով։ Հասկանալի է, որ համաշխարհային մյուս արժույթների նկատմամբ դոլարի արժեզրկումը կամ արժևորումը նաև հանգեցնելու է Հայաստանի արտաքին պարտքի ծավալի փոփոխության։
2013թ. ընթացքում արտաքին պետական պարտքի սպասարկմանը նախատեսվում է ուղղել $418,6 մլն, որից $354,2 մլն՝ հիմնական գումարի մարմանը, և $64,4 մլն՝ տոկոսավճարներին։ Ստացվում է, որ այս տարվա հինգ ամիսներին սպասարկվել է պետպարտքի տարեկան ծրագրի 10,4%-ը։
Ընդ որում՝ ընթացիկ տարում արտաքին պետպարտքի սպասարկմանն ուղղվող միջոցների 53,4%-ը բաժին է ընկնելու կառավարությանը։ Ծրագրված է, որ տարվա ընթացքում ընդհանուր առմամբ պետք է ներգրավվեն $479 մլն-ի վարկային միջոցներ։
Ի դեպ՝ հունվար-մայիսին կառավարությունը ստորագրել է ավելի քան $115 մլն ծավալով վարկային համաձայնագրեր, դրանց մի մասի վավերացումը ներառված է Ազգային ժողովի հունիսի 10-14-ի քառօրյայի օրակարգում։ Մասնավորապես՝ նախատեսվում է, որ ԱԺ-ն կվավերացնի Ասիական զարգացման բանկի «Կանանց ձեռներեցությանն աջակցման հատվածի զարգացման» 13 մլն SDR վարկային ծրագիրը, Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման» $45 մլն արժողությամբ վարկային ծրագիրը։
Civilnet











