Facebook-ը ներդրել է հեշթեգներով որոնման գործառույթը

Facebook սոցցանցը գործարկել է հեշթեգների միջոցով որոնման գործառույթը, հաղորդում է TechCrunch-ը: Այսուհետ, գրառումներին կցելով # նշանը, սոցցանցի օգտատերերը հնարավորություն կունենան տեսնելու նմանատիպ բոլոր հաղորդագրությունների և տվյալ թեմայի հետ հետ կապված իրադարձությունների էջերի հավաքածուն:
Facebook-ի տարածած հաղորդագրության համաձայն` մինչ այժմ սոցցանցի օգտատերերը հնարավորություն չունեին ստանալու սոցցանցում տեղի ունեցող քննարկումների վերաբերյալ ամբողջական պատկերը:
Ծրագրային մշակման մասնագետների կարծիքով` այսուհետ Facebook-ը կսկսի նոր գործառույթներ գործարկել, որոնք հնարավորություն կտան օգտատերերին հետևել իրենց հետաքրքրող թեմայի շուրջ ընթացող քննարկումներին: Դրանցից առաջինը հեշթեգների կիրառումն է:
# նշանի օգնությամբ որոնումը կարելի է իրականացնել ինչպես սոցցանցի որոնողական տողում, այնպես էլ մյուս ծառայություններում արդեն գոյություն ունեցող հեշթեգի վրա սեղմելով: Սոցցանցը հայտնում է, որ մոտ ապագայում մտադիր է հրապարակել ամենատարածված հեշթեգների հավաքածուն:
Հեշթեգների գործառույթը գործում է Twitter-ում, Tumblr-ում, Pinterest-ում, Google+-ում և Instagram-ում:
Թեմա
Civilnet










