Գլխավոր Լրահոս

Խախտումներ ճանապարհաշինությունից մինչև տեխնոպարկ

Խախտումներ ճանապարհաշինությունից մինչև տեխնոպարկ

Վերահսկիչ պալատը անցած տարի պետական գնումների ոլորտում հակամրցակցային, անարդյունավետ, ոչ թափանցիկ, ոչ հրապարակային և խտրական հիմքերով կազմակերպված գնման գործընթացներ է արձանագրել։ Անմասն չի մնացել նաև տնտեսական մրցակցության պետական պաշտպանության ոլորտը. հաստատված մեթոդաբանություն գոյություն չունի անբարեխիղճ մրցակցության համար տնտեսավարողի տարվա հասույթի մինչև 1%-ի չափով տուգանքի նշանակման գործընթացում, այն բացակայում է նաև գերիշխող դիրքի չարաշահման համար Դ5 մլն-ից մինչև Դ200 մլն տուգանք նշանակելու ժամանակ։

Հունիսի 13-ին Ազգային ժողովում ներկայացնելով Վերահսկիչ պալատի 2012թ. տարեկան հաշվետվությունը՝ կառույցի նախագահ Իշխան Զախարյանը հայտարարեց, որ քաղաքաշինության ոլորտում վերջին հինգ տարիներին Վերահսկիչ պալատի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ խախտումների հիմնական պատճառների թվում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման, փորձաքննության, հաստատման գործընթացներում առկա ռիսկերի բարձր մակարդակն է։ Զախարյանի խոսքով՝ ոլորտում խախտումները բազմաթիվ են՝ չկատարված աշխատանքների դիմաց վճարումներ, անորակ աշխատանք, սահմանված կերպով չհաստատված նախագծանախահաշվային փաստաթղթեր։

Վիճակը նույնն է նաև շինարարության ոլորտում, որում կոռուպցիոն ռիսկերից և ուռճացված գներից խուսափելու նպատակով Վերահսկիչ պալատը հաշվետու ժամանակահատվածում հետամուտ է եղել շինարարական նախագծերի նախահաշիվներում կիրառվող տոկոսադրույքների չափերի վերանայմանը։

Ճանապարհաշինության ոլորտում իրականացված վերահսկողության արդյունքներով ևս մի շարք բացթողումներ և խախտումներ են բացահայտվել, որոնք ընդհանրական են և կրում են համակարգային բնույթ։ Այսպես, օրինակ, վեր են հանվել դեպքեր, երբ չունենալով որոշակի աշխատանքների համար լիազոր մարմնի կողմից հաստատված նախահաշվային միավոր արժեքներ, նախահաշիվներում հաճախ կիրառվել են ոչնչով չհիմնավորված արժեքներ։ Նախագծերում օգտագործվող նյութերի ծագումը չնշելու հետևանքով հաշվարկներում կիրառվել են հնարավոր ամենաբարձր գները, նախատեսվել են շինարարական նորմերով ու կանոններով չնախատեսված աշխատանքներ։ Իրականացվել են աշխատանքներ առանց անհրաժեշտ լաբորատոր հետազոտությունների։ Կան նաև իրականացված լաբորատոր հետազոտություններ, որոնց արդյունքներն արժանահավատ չեն։ Բացի այդ՝ աշխատանքներն ընդունելիս չեն իրականացվել նորմերով նախատեսված անհրաժեշտ բոլոր ստուգումները։

Արձանագրվել է, որ ասֆալտբետոնե խառնուրդի պատրաստման ժամանակ, հաշվի չառնելով բնակլիմայական գոտիները և ճանապարհների տեխնիկական կարգերը, համատարած օգտագործվել է նույն կարգի բիտում։ Վերահսկիչ պալատը ոլորտի համակարգային խնդիրների լուծման համար առաջարկել է հաստատել ճանապարհաշինարարական աշխատանքներում էական տեսակարար կշիռ ունեցող բնահողի տեղափոխման, ասֆալտի կտրման (ֆրեզ), ռեսայկլեռով ասֆալտբետոնե ծածկի սառը վերամշակմամբ հիմքի կառուցման աշխատանքների նախահաշվային միավոր արժեքները։ Բացի այդ՝ առաջարկվել է ճանապարհաշինության աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով ստեղծել բիտումի որակական հատկանիշների փորձարարական լաբորատորիա։

Պետական գնումների ոլորտում բացահայտվել են հակամրցակցային, անարդյունավետ, ոչ թափանցիկ, ոչ հրապարակային և խտրական հիմքերով կազմակերպված գնման գործընթացներ։ Վերահսկիչ պալատն արձանագրել է, որ պետության կարիքների համար ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների դիմաց պետությունը վճարում է դրանց իրական արժեքից շատ ավելի մեծ գումարներ, այսինքն՝ գումարները ծրագրվում են ավելի շատ, քան իրականում պետք է։ Ընդ որում՝ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների դիմաց դրանց իրական արժեքից ավելի մեծ գումարների վճարման դեպքում անգամ պետությունը չի ստանում այն արդյունքը, որն ի սկզբանե ակնկալում էր, այսինքն՝ արդյունք կա՛մ ընդհանրապես չի լինում, կա՛մ լինում է անորակ ու մասնակի։

Անկախ ֆինանսների նախարարության 2011թ. պաշտոնական հայտարարության, թե ձևավորվել է էլեկտրոնային գնումների համակարգ, և հանրային գնումներն իրականացվելու են էլեկտրոնային ճանապարհով, ուսումնասիրությամբ պարզվել է, որ համակարգը փաստացի չի գործում, գործընթացում խնդիրները շարունակ ավելանում են։

Գյումրիի տեխնոպարկի մասով Վերահսկիչ պալատն արձանագրել է, որ կառավարության որոշումներով 2008-2012 թթ. Գյումրիի տեխնոպարկի գործունեության իրականացման ծրագրով նախատեսված են եղել մի շարք միջոցառումներ, որոնց արդյունքում ստեղծվել է երկու լաբորատորիա (դրանք իրականացնում են վերապատրաստումներ) և հինգ ընկերություն։ Վերջիններս աշխատում են վնասով, ունեն 10 վարձու աշխատող, ապահովում են փոքր հասույթներ։ Արդյունքում պետբյուջեից 2008-2012 թթ. ծախսվել է Դ430,6 մլն՝ նախատեսված Դ689 մլն-ի փոխարեն։ «Դեռևս հայտնի չէ, թե վերջիվերջո որքան է տևելու տեխնոպարկի ձևավորման ծրագիրը, այսինքն՝ չկա նախանշված ծրագրի ավարտ, չկա քայլերի հաջորդականություն, ակնկալվող արդյունքները չափելի չեն, պատասխանատվության շրջանակը նույնպես հստակ չէ։ Հնարավոր ռիսկերի առումով ծրագիրը գնահատված չէ, այսինքն՝ ռիսկերի կառավարումը նույնպես հստակ չէ: Ամեն ինչ առավել քան անորոշ է»,– նշված է զեկույցում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում