Գլխավոր Լրահոս

ՀԲ-ն բարելավել է Հայաստանում աճի կանխատեսումը՝ գլոբալ աճի վատթարացման ֆոնին

ՀԲ-ն բարելավել է Հայաստանում աճի կանխատեսումը՝ գլոբալ աճի վատթարացման ֆոնին

Համաշխարհային բանկը (ՀԲ) հրապարակել է «Համաշխարհային տնտեսության հեռանկարներ, հունիս 2013» (Global Economic Prospects, June 2013) զեկույցը, ըստ որի՝ ընթացիկ տարում համաշխարհային տնտեսությունը կաճի 2,2%-ով։ Նախորդ՝ հունվարյան զեկույցում ՀԲ-ն գլոբալ տնտեսության աճի 2,4% ցուցանիշ էր նախանշել՝ 2012թ. արձանագրված 2,3%-ի համեմատ։ Ըստ ՀԲ-ի՝ առաջիկա երկու տարիներին՝ 2014թ. և 2015թ., կարձանագրվի համապատասխանաբար 3% և 3,3% աճ։ ՀԲ-ն գլոբալ տնտեսության, ինչպես նաև Ռուսաստանի և Եվրոպական Միության տնտեսական հեռանկարների վատթարացման պայմաններում Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը բարձրացրել է 0,7-տոկոսային կետով՝ մինչև 5%։

ԱՊՀ տարածաշրջանում ՀԲ մասնագետներն ընթացիկ տարում ակնկալում են 2,6% տնտեսական աճ. հունվարյան կանխատեսումը նվազեցվել է 1,1-տոկոսային կետով։ Վերանայումը պայմանավորված է Ռուսաստանի տնտեսական հեռանկարների վատթարացմամբ. տնտեսությունն այստեղ ընթացիկ տարում կաճի ընդամենը 2,3%-ով (հունվարյան կանխատեսումը՝ 3,6%)։

Եվրոգոտում սպասումները շատ ավելի հոռետեսական են. 2013թ. տարածաշրջանում ՀԲ-ն ՀՆԱ-ի 0,6% կրճատում է ակնկալում՝ հունվարյան 0,1% անկում կանխատեսման համեմատ: Աճն այստեղ կվերականգնվի միայն 2014թ.՝ մինչև 0,9%։

Ուշագրավ է, որ Հայաստանի առևտրատնտեսական հիմնական գործընկերներ Ռուսաստանում և ԵՄ-ում սպասումների վատթարացման ֆոնին ՀԲ մասնագետները լավատես են Հայաստանի մասով. տնտեսական աճի նախորդ կանխատեսումը բարձրացվել է 0,7-տոկոսային կետով՝ մինչև 5%։ Կանխատեսումը նույնն է նաև առաջիկա երկու տարիների համար։ Հունվարյան զեկույցում 2014-2015 թթ. համար ՀԲ մասնագետները տնտեսական աճի 4,4% ցուցանիշ էին նախանշել։

Ռուսաստանին և ԵՄ-ին բաժին է ընկնում Հայաստանի արտաքին առևտրի մոտ 55%-ը և արտահանման մոտ 60%-ը։ Հայաստան մասնավոր տրանսֆերտների 85%-ը գալիս է Ռուսաստանից։ Այս պայմաններում Ռուսաստանում կամ ԵՄ-ում տնտեսական իրավիճակի վատթարացումը անխուսափելիորեն իր արտացոլումն է գտնելու Հայաստանում։ Այսպես, օրինակ՝ Հայաստանի Կենտրոնական բանկը 2013թ. երկրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում արդեն իսկ նվազեցրել է ֆիզիկական անձանց ոչ առևտրային փոխանցումների աճի տեմպը՝ մինչև 6-8% (փետրվարին կանխատեսվում էր 7-9%)։

Նվազեցվել են նաև ԱՊՀ բոլոր այն տնտեսությունների աճի կանխատեսումները, որոնցում զգալի է կախվածությունը Ռուսաստանից կատարվող մասնավոր փոխանցումներից։ Եթե հունվարին ՀԲ մասնագետները ընթացիկ տարվա համար Ղրղըզստանում 8,5% տնտեսական աճ էին ակնկալում, հունիսյան զեկույցում ցուցանիշը նվազեցվել է մինչև 7,4%։ Մոլդովայի և Ուզբեկստանի տնտեսական աճի կանխատեսումները նվազեցվել են 0,1-տոկոսային կետով. Մոլդովայում ՀԲ-ն այս տարի ակնկալում է 3%, Ուզբեկստանում՝ 7,4% տնտեսական աճ։

Վրաստանում հունվարյան կանխատեսումը նվազեցվել է 1,1-տոկոսային կետով, այս տարի սպասվում է 4% աճ։ Թուրքիայի տնտեսական աճի տեմպը նվազեցվել է 0,4-տոկոսային կետով՝ մինչև 3,6%։

ՀԲ մասնագետները չեն մասնավորեցնում, թե ինչ գործոնների հիման վրա է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը բարելավվել: Չի բացառվում, որ մեթոդաբանությամբ ու վիճակագրական տվյալների հրապարակման ժամանակային գործոնով պայմանավորված՝ վերանայման հիմքում այս տարվա առաջին եռամսյակի փաստացի ցուցանիշներն են։ Իսկ դա նշանակելու է, որ հաշվի չեն առնվել, օրինակ, հուլիսի 7-ից գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման, մայիսյան կարկտահարության հետևանքով առաջարկի շոկերը։

Թեև Ազգային վիճակագրական ծառայությունը դեռ չի հրապարակել առաջին եռամսյակի տնտեսական աճի ցուցանիշները, ԿԲ-կանխատեսումների համաձայն՝ այն կարող է 7,4-7,7% կազմել։ Այդուհանդերձ, ՀԲ զեկույցում նշվող 5% ցուցանիշն ավելի փոքր է, քան ընթացիկ տարվա համար ակնկալում է կառավարությունը կամ ԿԲ-ն։ Ընթացիկ տարվա պետբյուջեի հիմքում գործադիրն ամրագրել է տնտեսական աճի 6,2% ցուցանիշ, նախագահը կառավարության առջև խնդիր է դրել ապահովել 7%, ԿԲ-ն ակնկալում է միջինը 5,6% աճ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում