Հունիսի 14-ին բանկի բաժնետերերի տարեկան ժողովում որոշվեց 2012թ. զուտ շահույթից Դ297 մլն վճարել որպես շահաբաժին։ «Արարատբանկի» վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Աշոտ Օսիպյանի խոսքով՝ 2014թ. սեպտեմբերին բանկը նախատեսում է բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում (IPO) իրականացնել Լոնդոնի բորսայի այլընտրանքային հարթակում։
Ներկայացնելով 2012թ. արդյունքները՝ Աշոտ Օսիպյանը նշեց, որ բանկի շահույթը կազմել է Դ3,33 մլրդ, ինչը 2011-ի համեմատ ավելի է 50,5%-ով։ Բանկի ROE-ն՝ կապիտալի եկամտաբերության մակարդակը, կազմել է 23,7%, այն դեպքում երբ Հայաստանի բանկային համակարգում միջին ցուցանիշը 11,22% է։
Բանկի ընդհանուր ակտիվներն ավելացել են 29,8%-ով՝ 2012թ. վերջին կազմելով Դ113,7 մլրդ, վարկային պորտֆելն աճել է 39,8%-ով՝ մինչև Դ53,66 մլրդ, հաճախորդներից ներգրաված միջոցների պորտֆելը՝ 25,4%-ով՝ մինչև 63,3 մլրդ։
Օսիպյանի խոսքով՝ բանկի վարկային պորտֆելի աճին զգալիորեն նպաստել է փորք և միջին ձեռնարկատիրության վարկավորումը։ Բանկի բաժնետեր՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը նշեց, որ «Արարատբանկի» հետ ստորագրվում է Հավաստող բանկի պայմանագիր, ինչը նշանակում է, որ «Արարատբանկը» հավաստելու է այլ բանկերի ակրեդետիվները՝ այս կերպ իր մասնակցությունը բերելով Հայաստանի արտահանման գործին։
Հաստատված ակրեդիտիվի դեպքում գնորդի բանկում բացված ակրեդիտիվը հաստատվում է նաև մեկ այլ՝ մատակարարի համար վստահելի բանկի կողմից, որը պարտավորվում է վճարել մատակարարին ակրեդիտիվում նշված գումարը, եթե առաջին բանկը ինչ-ինչ պատճառներով չկարողանա վճարել այն: Սա նվազեցնում է մատակարարի գումարը չստանալու ռիսկը:
«Արարատբանկի» հիմնական բաժնետերերն են նավթամթերքի շուկայի խոշոր խաղորդ «Ֆլեշ» ընկերությունը (բաժնեմասի 69%) և ՎԶԵԲ-ը (25%+1 բաժնեմաս)։
Civilnet











