Ըստ Ավտոապահովագրողների բյուրոյի տվյալների՝ 2013թ. ապրիլի 30-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 371,409 հազ., ինչը նախորդ ամսվա համեմատ ավելի է 3,549 հազ-ով։ Ապրիլի վերջին հաշվեգրված ապահովագրավճարների ծավալը կազմել է Դ8,247 մլրդ։ Ընթացիկ տարվա չորս ամիսներին պոլիսի միջին սակագինը կազմել է Դ22,2 հազ., այն դեպքում, երբ առաջին եռամսյակում այն Դ20 հազ. էր։ Թեև ավելացել է պոլիսի միջին սակագինը, ապահովագրական ընկերությունների պորտֆելում զգալի է կարճաժամկետ պայմանագրերի մասնաբաժինը։ Դրա մասին է վկայում այն, որ ԱՊՊԱ մեկ տարվա պոլիսի նվազագույն սակագինը 25 հազ-ը է (մինչև 80 ձիաուժ շարժիչի հզորությամբ ավտոմեքենաների համար, երբ վարորդի տարիքը գերազանցում է 23 տարին, իսկ վարորդական ստաժը 3 տարուց ավելի է)։
Ապահովագրավճարների ծավալի ապրիլյան աճը, կարգավորված դիմումների քանակի 514-ով կրճատումն (ապրիլին բավարարվել է 4,411 հազ. դիմում) ու հատուցման միջին գումարների Դ5 հազ-ով նվազումը (ապրիլին հատուցման միջին գումարը կազմել է Դ198 հազ.) նպաստել է համակարգի վնասաբերության նվազմանը՝ մինչև 77,8%։ Միջին հատուցման գումարի նվազումը պայմանավորված է հիմնականում ապահովագրական ընկերությունների «գծուծությամբ»։ Հունվարին, օրինակ, հատուցման միջին գումարը կազմել է Դ191 հազ., ինչը նշանակում է, որ եղանակային գործոնի դերն աննշան է այս հարցում։
Որ ապահովագրական ընկերությունները սկսել են ավելի խստապահանջ լինել, վկայում է ապրիլին 51 դիմումի մերժումն ու հատուցումից հրաժարվելու 50 դիմումները։ Եվ սա այն դեպքում, երբ մարտին մերժված դիմումների թիվը 16 է եղել, ներկայացվել է հատուցումից հրաժարման ընդամենը մեկ դիմում։
Ոլորտը ստիպված է եղել գնալ գոտիների ձգման, քանի որ ԱՊՊԱ սակագնի հիմքում ընթացիկ ծախսերի և շահույթի համար նախատեսված 22%-ը բավարար չի ընկերությունների բնականոն գործունեությունն ապահովելու համար։ Համակարգում վնասաբերության կրիտիկական ցուցանիշ է նշվում 70%-ը։
Ստեղծված իրավիճակում ոլորտը վնասաբերությունից դուրս բերելու համար ապահովագրական ընկերություններն առաջարկում են սահմանել չհատուցվող գումար։ Այսօր օրենսդրորեն սահմանված է միայն հատուցման առավելագույն շեմը. գույքային վնասի համար՝ Դ1,8 մլն, իսկ նվազագույն շեմ գոյություն չունի։ Ապահովագրական ընկերությունները համոզված են, որ նվազագույն չհատուցվող գումարի սահմանումը կբերի վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման, քանի որ «փոքր» վնասները նրանք ստիպված են լինելու հատուցել սեփական միջոցներից։ Բացի այդ՝ նվազագույն շեմի սահմանումը զգալիորեն կթեթևացնի ապահովագրական ընկերությունների ծանրաբեռնվածությունը, ճանապարհային խցանումները։
Օրենսդրորեն այսօր իսկ արդեն սահմանված է՝ եթե ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում հատուցման գումարը չի գերազանցելու Դ200 հազ-ը՝ կարելի է լրացնել համաձայնեցված հայտարարագիր և այն ներկայացնել համապատասխան ապահովագրական ընկերություն։ Վարորդները սակայն, նախընտրում են դիմել ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներին։
Ապահովագրական ընկերություններն առաջարկում են նաև սահմանել կանխիկ հատուցումների շեմ. վարորդներին տրամադրվելու են ոչ թե կանխիկ միջոցներ, այլ վերականգվելու են վնասները։ Բացի այդ՝ առաջարկ կա վերանայելու ավտոպահեստամասերի մաքսազերծման կարգը։ Բանն այն է, որ պատճառված վնասի հատուցման գնահատումն այսօր կատարվում է շուկայական գներով, այն դեպքում, երբ վարորդների զգալի մասը ավտոպահեստամասերը ձեռք է բերում ոչ թե Հայաստանում, այլ Վրաստանում։ Մեքենաները երբեմն հարևան հանրապետությունում են վերականգնվում, քանի որ ավելի էժան է։ Պահեստամասերի բարձր գները պայմանավորված են հիմնականում մաքսազերծման ժամանակ կիրառվող մեխանիզմներով. գրեթե միշտ հիմք է ընդունվում ոչ թե մաքսային արժեքը, այլ կողմնորոշիչ գինը։
Վնասաբերության նվազեցման մյուս տարբերակը, որը կարող է լուրջ դժգոհության ալիք բարձրացնել, սակագների բարձրացումն է։
Civilnet











