Հունիսի 15 - լույս 16-ի գիշերը անհանգիստ էր Թուրքիայում, հատկապես Ստամբուլում և Անկարայում: Մինչ ոստիկանական հատուկ ջոկատայինները բոլոր կողմերից շրջափակելով Գեզի պարկն ու Թաքսիմ հրապարակը այն մաքրում էին վրանային ավանից ու ցուցարարներից, Ստամբուլի տարբեր վայրերում, հատկապես կենտրոնական շրջաններում, հազարավոր մարդիկ դուրս էին գալիս փողոցներ: Ոստիկանությունը ամենուր կիրառում էր ջրաշիթ մեքենաներ, արցունքաբեր գազ, կրակում ռետինե գնդակներով: Ցուցարարները հատկապես ագրեսիվ էին Ստամբուլի կենտրոնական Իսթիքլալ Ջադդեսի պողոտայում և հարակից տարածքներում: Գազի հոտը տարածվել էր Ստամբուլի կենտրոնական ողջ հատվածում: Տուժել է շուրջ երեք տասնյակ մարդ, որևէ զոհվածի մասին տեղեկություն այս պահին թուրքական լրատվամիջոցները չեն հաղորդում:
Քանի որ ոստիկանական ջոկատները տոտալ վերահսկողության տակ էին պահում Գեզի այգին ու Թաքսիմը, ցուցարարների և հատուկ ջոկատայինների միջև տեղական բախումներ էին բռնկվում այգի և հրապարակ տանող փողոցներում, մասնավորապես Իսթիքլալ Ջադդեսիի հետ կապվող նեղ փողոցներում: Բավական խանութներ ու այլ օբյեկտներ տուժել են: Յուրաքանչյուր անգամ, երբ ջրցան մեքնենան ջրի շիթ էր «կրակում», շնչելը այդ տարածքում դառնում էր գրեթե անհնար: Ակնհայտ է, որ ջրի հետ խառնել էին հատուկ քիմիական նյութ:
Սպասվում է, որ այսօր՝ կիրակի, բողոքի հակակառավարական ցույցեր կկազմակերպվեն Ստամբուլում և Թուրքիայի խոշոր քաղաքներում: Երեկ գիշեր անհանգիստ է եղել նաև Անկարայում, որտեղ ևս կան մի քանի տասնյակ տուժածներ: Տասնյակ ցուցարարներ ձերբակալվել են:
Սպասվում է նաև, որ այսօր տասնյակ հազարավոր ցուցարարներ դուրս կգան Ստամբուլի կենտրոնական փողոցներ՝ այս անգամ ի պաշտպանություն վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի:
Թաթուլ Հակոբյան, Ստամբուլ
Civilnet











