«Ուժեղ, բայց խոցելի». այսպիսի վերնագրով է բրիտանական Economist հանդեսը նկարագրում Թուրքիայի տնտեսությունը: Հոդվածը, որ թարգմանաբար ներկայացված է ստորև, անդրադառնում է Թուրքիայում վերջին երկու շաբաթներին տեղի ունեցող իրադարձությունների տնտեսական հետևանքներին:
Ընտրողների առջև Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից թափահարվող առանցքային փաստարկը Թուրքիայի տնտեսական առաջընթացն է: 1990-ականների անկայունությունից և 2001թ. խոշոր անկումից հետո նրա ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցությանը հաջողվել է տնտեսական կայուն բարձր աճ և ցածր գնաճ արձանագրել: 2010-2011 թթ. տնտեսությունը 9% «չինական» աճ է արձանագրել, որը գերտաքացման լուրջ մտահոգությունների տեղիք է տվել:
2012թ. ՀՆԱ-ի աճը դանդաղել է մինչև 2%: Չնայած ընթացիկ տարվա առաջին կիսամյակի աճի՝ այս շաբաթ հրապարակված անսպասելի բարձր ցուցանիշներին՝ այս տարի այն, ամենայն հավանականությամբ, կկազմի 3-4%, որը բավարար չի լինի աճող բնակչության պայմաններում գործազրկության կրճատման համար: Կառավարության և Կետրոնական բանկի քաղաքականության կողմնակիցները պնդում են, որ Թուրքիան սկսել է իր «փափուկ վայրէջքը»:
Թուրքիան դեռ շարունակում է զգալիորեն կախված մնալ կապիտալի ներհոսքից և այդպիսով նաև՝ օտարերկրյա ներդրողների վստահությունից: Հենց սրանով է պայմանավորված հունիսի սկզբին ֆինանսական շուկաների անկումն այն ժամանակ, երբ Թաքսիմ հրապարակում սկսվեցին բողոքի ցույցերը: Անցնող շաբաթվա կեսին Ստամբուլի բորսայական շուկայի հիմնական ինդեքսը 20% անկում արձանագրեց՝ մայիսի 22-ի իր առավելագույն ցուցանիշի համեմատ:
Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեկը հայտարարում է, որ տնտեսությունն այժմ շատ ավելի հուսալի է, քան տասը տարի առաջ: Նախարարը, որպես այս ամենի փաստարկ, մատնանշում է դրամավարկային կայուն իրավիճակը (պետպարտքը կազմում է ՀՆԱ-ի 36%-ը), բնակչության և կորպորատիվ պարտավորությունների ցածր մակարդակը, աշխատատեղերի ստեղծման լավ ցուցանիշները, հուսալի բանկերը, որոնց միջին կապիտալը երկու անգամ գերազանցում է Բազելով սահմանված նվազագույն մակարդակը, ինչպես նաև արտարժույթով խոշոր պահուստները, որոնց ծավալը աստիճանաբար մեծանում է:
Թուրքիան տնտեսության կառուցվածքային մի շարք խոցելի կողմեր ունի, այդ թվում՝ աշխատաշուկայի չափազանց մեծ կարգավորումը, նվազագույն բարձր աշխատավարձը, անարդյունավետ ստվերային սեկտորի զգալի մասնաբաժինը, կանանց փոքր ներագրավվածությունը, ինչպես նաև կրթական ցածր մակարդակը: Շիմշեկի խոսքով՝ կառավարությունը բարեփոխումներ է կատարում՝ ներդրումներ անելով կրթության և ենթակառուցվածքների ոլորտում (վերջին տասնամյակում ուսուցիչների թիվն ավելացել է մինչև 350 հազ.): Սակայն ցույցերը վկայում են մեգանախագծերի զգալի թվով ընդդիմադիրների առկայության մասին:
Թուրքիայի հետ կապված ամենամամեծ մտահոգությունը արտաքին է: Տնտեսության դանդաղումը կրճատել է ընթացիկ հաշվեկշռի պակասուրդը, սակայն 2013թ. այն կշարունակի մնալ ՀՆԱ-ի 6% մակարդակում: Ավելի վատն այն է, որ պակասուրդը հիմնականում փոխհատուցվում է կապիտալի կարճաժամկետ ներհոսքի հաշվին: Տնտեսագետներից մեկի բնորոշմամբ՝ Թուրքիան խոշոր «բետա» տնտեսություն է՝ բարձր աճ և լավ եկամուտներ՝ չափազանց մեծ անկայունության հաշվին: Սրանով է պայմանավորված, որ թուրքական լիրայի՝ վերջին 18 ամիսների ամենամեծ արժեզրկումն անակնկալ չէր:
Կառավարությունը վկայակոչում է վարկանշային երկու խոշոր գործակալությունների որոշումը՝ Թուրքիայի վարկանիշը ներդրումների համար նպաստավոր մակարդակի բաձրացնելու համար: Սակայն ներքին քաղաքական հուզումները, ռեցեսիան եվրոգոտում (Թուրքիայի արտահանման խոշորագույն շուկան), ինչպես նաև սիրիական հակամարտությունը կարող են հեշտորեն խաթարել վստահության հիքմերը: Դա չափազանց հիմար պահ է ստեղծել Էրդողանի համար՝ օտարկերկրյա չարաշահորդների կամ, ինչպես ինքն է անվանում, «բազային տոկոսադրույքի լոբբիի» վրա հարձակվելու համար, ինչն էլ նա արեց այս շաբաթ: Թուրքիան ներքին խնայողությունների փոքր ծավալների պայմաններում օտարերկրյա կապիտալի խիստ անհրաժեշտություն ունի, իսկ վերջին երկու շաբաթից հետո՝ հնարավոր է՝ շատ ավելի շատ:
Թարգմանությունը՝ Լիլիթ Միքայելյանի
Լուսանկարը՝ ՍիվիլՆեթի արխիվից
Civilnet











