«Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսեյ Միլերը (Photo: daylife.com):
Երկուշաբթի Մոսկվայում` «Գազպրոմի» գլխամասային գրասենյակում, տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլերի և Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի միջև: «Գազպրոմի» տարածած հաղորդագրությունում նշված է, որ կողմերը քննարկել են «ՀայՌուսգազարդում» «Գազպրոմի» մասնաբաժինը մինչև 100 տոկոս բարձրացնելու հնարավորությունը: «ՀայՌուսգազարդի» 20 տոկոսը պատկանում է Հայաստանի կառավարությանը:
Միլերը և Մովսիսյանը քննարկել են նաև գազային ոլորտում հայ-ռուսական համագործակցության զարգացման հիմնական խնդիրները, այդ թվում՝ «Գազպրոմի» մասնակցությունը Հայաստանում իրականացվող էներգետիկ ծրագրերին, ինչպես նաև Հայաստանի սպառողների համար գազի գնագոյացման հարցերը:
Հաղորդագրությանը կից տեղեկանքում նշված է, որ 2012թ. «Գազպրոմը» Հայաստանում իրացրել է 1.7 մլրդ խմ բնական գազ:
Մայիսի վերջին Հայաստանում հայտարարվեց, որ «Գազպրոմը» բարձրացրել է Հայաստանին մատակարարվող բնական գազի գինը՝ 180 դոլարից մինչև 270 դոլար՝ 1000 խմ-ի դիմաց: Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը իր հերթին որոշել է հուլիսի 7-ից բարձրացնել բնակչությանը և ձեռնարկություններին մատակարարվող գազի և էլեկտրաէներգիայի սակագները:
Civilnet











