ԱՄՆ ավտոարդյունաբերության կենտրոն համարվող Դեթրոյթը ներկայում բարդ ժամանակներ է ապրում: Հունիսի 14-ին քաղաքի իշխանությունները հայտարարել են, որ քաղաքը չի կարող սպասարկել իր պարտքերի մի մասը՝ հայտարարելով հերթական՝ $39,7 մլն ծավալով վճարման դեֆոլտ: Դեթրոյթի սնանկացումը վատ նախադեպ է ԱՄՆ-ի համար, ասվում է միջազգային վարկանշային Moody’s գործակալության զեկույցում:Գործակալության փորձագետների կարծիքով՝ աննախադեպը ոչ այնքան քաղաքի դեֆոլտն է, որքան իշխանությունների՝ անվճարունակության խնդրի լուծման տարբերակը:
«Դեթրոյթի պարտքային պարտավորությունների վերակառուցման ծրագիրը արտասովոր է և վտանգավոր նախադեպ է ստեղծում ԱՄՆ մունիցիպալ պարտատոմսերի շուկայում: Քաղաքային իշխանությունները ուսումնասիրում են Դեթրոյթի կուտակած պարտքային պարտվորությունների տարբեր տեսականեր՝ առաջարկելով դրանց միատեսակ վերակառուցում: Նախկինում պարտքային պարտավորությունների խնդիրը մունիցիպալ մակարդակով երբևէ նման կերպ չի լուծվել», -ասվում է գործակալության զեկույցում:
Ներկայացված ծրագրի համաձայն՝ քաղաքի չպաշտպանված վարկատուները կարող են պարտատոմսերի հարցում զգալի վնասներ կրել: «Հաշվի առնելով քաղաքի տնտեսական անմխիթար դրությունը, ինչպես նաև պարտքային պարտավորությունների բարդ կառուցվածքը՝ պարտքերի մեծ մասի փոխհատուցման հեռանկարները բավական կասկածելի են», -նշում են Moody’s-ի փորձագտենրը:
Ավելին՝ ըստ զեկույցի՝ քաղաքային իշխանությունները պաշտպանված վարկատուների պարտքային պարտավորությունների փոխհատուցման մանրամասն ծրագիր չեն ներկայացրել: Գործակալությունուոմ կարծում են, որ Դեթրոյթին չի հաջողվի խուսափել սնանակցումից և դեֆոլտին կհաջորդի պարտքերի՝ ամբողջ ծավալով սպասարկման անկարողության մասին հայտարարությունը: Բացի այդ՝ Moody’s-ը մի շարք վարկատուների և քաղաքային իշխանությունների միջև դատական քաշքշուկներ է կանխատեսում:
Civilnet











