Դարմշտադտ գերմանական քաղաքի համալսարանի գիտնականները հասկացել են, թե ինչպես է պետք պաշտպանել էլեկտրոնային գրքերը գրահեններից: Նրանք որոշել են ֆայլի յուրաքանչյուր կրկնօրինակն օժտել «ջրանշաններով», որոնք հատուկ են այս կամ այն ստեղծագործության ինտերնետ-մարմնավորմանը, հաղորդում է Computer Base-ը:
Գործնականում դա կնշանակի, որ էլեկտրոնային գրքի տեքստի մեջ կներմուծվեն որոշ փոփոխություններ: Այսպիսով՝ եթե գնված տեքստային ֆայլը մատչելի դառնա համացանցում, որևէ դժվարություն չի ներկայացնի պարզել, թե ով է «գողացել» տվյալ գիրքը:
Այս գաղափարն առաջարկել են SiDiM (Sichere Dokumente durch individuelle Markierung) նախագծի մշակողները. անվանումը գերմաներենից թարգմանաբար նշանակում է «Փաստաթղթերի պաշտպանություն անհատական նշանների միջոցով»: Այս նախաձեռնությանն աջակցում է Հրատարակիչների և գրավաճառների գերմանական ասոցիացիան, նախագծի իրականացման համար միջոցներ է հատկացնում գերմանական կառավարությունը:
Տեքստային ջրանշանները ոչ էական փոփոխություններ են, որոնք համակարգիչը ավտոմատ կերպով կներմուծի հեղինակային տեքստի մեջ: Օրինակ՝ առանձին մասերում կփոխվեն պարբերությունները կամ կետադրությունը, իսկ որոշ բառեր կփոխարինվեն հոմանիշներով:
Նախագիծը, շատերի կարծիքով, ունի նաև թերություններ․ փաստը, որ հեղինակային տեքստը կփոխվի, հարուցել է բազմաթիվ ընթերցողների դժգոհությունը: Բացի այդ՝ ինտերնետային գրահենությամբ զբաղվողները նման գրքերը համացանցում տեղադրելիս կարող են դրա մեջ ավելացնել իրենց ջրանշանները: SiDiM-ի հեղինակները խոստանում են աշխատել այդ թերությունները վերացնելու ուղղությամբ:
Civilnet











