Գլխավոր Լրահոս

Ֆիննախը համատարած չարաշահումներ է հայտնաբերել պետական ֆինանսավորմամբ ծրագրերում

Ֆիննախը համատարած չարաշահումներ է հայտնաբերել պետական ֆինանսավորմամբ ծրագրերում

Ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյան։

Պետպատվերով հիվանդների բուժման գումարում բուժհաստատությունները թեև ներառել են սննդի ծախսերը, սնունդ իրականում չի հատկացվել։ Բուժման փաստացի տևողությունը երբեմն ավելի կարճ է եղել, քան նորմատիվայինը։ Չարաշահումներ են բացահայտվել նաև կառավարության սուբսիդավորմամբ էժան դիզվառելիքի բաշխման ծրագրում, Արարատի մարզի 1304 տնտեսություն ունեցող Մխչյան գյուղում բաշխված դիզվառելիքի մոտ 70%-ը ստացել են ԱԺ նախագահի ազգականները։

Հունիսի 18-ին հրավիրած ասուլիսին ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանը, ներկայացնելով կառավարության սուբսիդավորմամբ գյուղացիական տնտեսություններին էժան պարարտանյութի և դիզվառելիքի ծրագրերի, ինչպես նաև առողջապահության և քաղաքաշինության ոլորտներում ստուգումների արդյունքները, նշեց՝ առողջապահության բնագավառում իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել է, որ բուժհաստատություններին պետպատվերի ձևավորման ու բաշխման գործընթացը խիստ թերի է կանոնակարգված։ Պետպատվերը ձևավորվում է հիվանդների թվից, մեկ հիվանդի բուժման միջին գնից, մեկ օրվա ծախսից, բուժման տևողությունից. թերի է այս ցուցանիշների հաշվարկման մեթոդիկան։

«Հիվանդի բուժման գումարի մեջ ներառված են նաև սննդի ծախսերը, այնինչ Հայաստանում ընդամենը երկու-երեք հիվանդանոց է ապահովում սննդի հատկացում։ Արդյունքում, 2012թ. պետբյուջեով Դ513 մլն ավել գումար է նախատեսված եղել, և ակնհայտ է որ այդ գումարը ծախսվել է ոչ սննդի վրա»,– ասաց Ղարիբյանը։ Տեսչությունն առաջարկել է հիվանդի բուժման գումարից հանել սննդամթերքի համար նախատեսվող միջոցները այն հիվանդանոցների համար, որոնք սնունդ չեն տրամադրում։

Պարզվել է, որ հիվանդների բուժման տևողության առումով միայն երեք հիվանդությունների մասով պետբյուջեից տարեկան Դ180 մլն ավելի գումար է ծրագրվել։ Տեսչությունն առաջարկել է այդքան գումար չհատկացնել՝ հաշվի առնելով, որ նախորդ տարիներին հիվանդների բուժման փաստացի տևողությունը ավելի քիչ է եղել, քան նորմատիվայինը։ Ղարիբյանի խոսքով՝ առողջապահության նախարարությունն այս խնդրի լուծման համար անցում է կատարել բուժման փաստացի տևողության ֆինանսավորման մեխանիզմի։
Բացի այդ՝ առողջապահության ոլորտում պետպատվերի շրջանակում չհիմնավորված տարեկան Դ1 մլրդ-ի ծախսերը այլևս չեն ֆինանսավորվելու, միջոցներն ուղղվելու են ոլորտում առաջնային այլ ծրագրերի իրականացման։

Պետությունն օժանդակում է ԱԺ նախագահի եղբորը
Չարաշահումները չեն շրջանցել նաև կառավարության սուբսիդավորմամբ էժան դիզվառելիքի բաշխման ծրագիրը։ Միայն այս գարնանը կառավարությունը Դ1,789 մլրդ է հատկացրել հողօգտագործողներին 17 մլն լիտր դիզվառելիք ձեռքբերումը սուբսիդավորելու նպատակով։ Յուրաքանչյուր 1 լիտրը պետբյուջեից սուբսիդավորվել է Դ105-ով, վառելիքը բաշխվել է Դ350-ով։

Ֆինանսական վերահսկողության տեսչությունը ընդամենը չորս մարզում (Գեղարքունիք, Կոտայք, Արարատ, Շիրակ) իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերել է լուրջ չարաշահումներ։ Դրանք գերակշռել են հատկապես Արարատում։ Ըստ Սոնա Ղարիբյանի՝ քիչ չեն եղել խախտման դեպքերը նաև Գեղարքունիքում։

Ղարիբյանի խոսքով՝ այս չորս մարզերում 2012թ. գարնանը ծրագրից օգտվել է 248 համայնք, ուսումնասիրություններ իրականացվել են դրանց 36%-ում, յուրաքանչյուր մարզում ստուգվել է 20-24 համայնք, հարցվել է մոտ 400 մարդ։

Արարատի մարզում համայնքապետների կողմից դիզվառելիքի բաշխման ցուցակների տվյալներից և հարցումներից պարզվել է, որ 26 համայնքում հողօգտագործողներին պակաս դիզվառելիք է հատկացվել։ Գերագրումների ծավալը անցած տարվա և այս տարվա գարնանը կատարված ծրագրի շրջանակում կազմել է 170 հազ. լիտրից ավելի, որի համար պետբյուջեից հատկացվել է Դ18 մլն-ի սուբսիդիա։
Համադրումների արդյունքում պարզվել է, որ համայնքներում հողօգտագործողների անունով նշվել է 220 հազ. լիտր դիզվառելիք, որը նրանք չեն ստացել, սուբսիդավորման ծավալը կազմել է Դ21 մլն։

Հայտնաբերվել է նաև, որ որոշ համայնքներում ցուցակներ չեն եղել, սակայն մատակարարից ստացվել է 440 հազ. լիտր դիզվառելիք, որի համար պետբյուջեից տրամադրվել է ֌44 մլնի սուբսիդիա։ Միայն այս երեք դեպքերով պետությանը պատճառած վնասը միայն մեկ մարզում կազմել է Դ83 մլն։

Ղարիբյանը նշեց, որ այս շաբաթ կամփոփվեն չորս մարզերի ստուգումների արդյունքները և դրանք կներկայացվեն Հատուկ քննչական ծառայություն։ Հարցին, թե Արարատի մարզպետը, օրինակ, պատասխանատո՞ւ է արդյոք այս չարաշահումների համար, Ղարիբյանը պատասխանեց. «Այո՛, քանի որ կառավարության որոշմամբ հողօգտագործողների ցուցակների կազմումը պետք է իրականացներ մարզպետը՝ համայնքապետների հետ միասին»։

Դիտարկմանը, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Արարատի մարզի իր հայրենի Մխչյան գյուղում ևս օգտվել է պետբյուջեի սուբսիդավորմամբ իրականացվող ծրագրից, Ղարիբյանը պատասխանեց, որ այդ համայնքում ստուգումներ չեն իրականացվել, քանի որ ցուցակներում ընդգրկված է եղել ընդամենը 15 անձ, և դրանցում ԱԺ նախագահի անունը չկա։
Ղարիբյանը նշեց, որ ցուցակում ընդգրկված են եղել Հենրիկ Աբրահամյանը (ԱԺ նախագահի եղբայրը) և Հովհաննես Աբրահամյանը (ԱԺ նախագահի զարմիկը)։ Մխչյան գյուղում կառավարության սուբսիդավորման ծրագրից օգտվել է 15 անձ, որոնց էժան գներով վաճառվել է 70 հազ. լիտր դիզվառելիք։ Այս ծավալի մոտ 70%-ը բաժին է ընկել երկու անձանց՝ Հենրիկ և Հովհաննես Աբրահամյաններին։

Վերջիններիս ընդգրկումը պետական աջակցության ծրագրում առաջին հայացքից ավելի քան հասկանալի է, քանի որ ծրագրից կարող են օգտվել բոլոր հողօգտագործողները։ Անհասկանալի է միայն, թե ինչպես է ստացվել, որ 1304 տնտեսություն ունեցող Մխչյան գյուղից էժան դիզվառելիք ձեռք բերելու ցանկություն է հայտնել ընդամենը 15 հողօգտագործող, որից երկուսը ԱԺ նախագահի ազգականներն են։

Մխչյանում բաշխված դիզվառելիքի ծավալից ստացվում է, որ մյուս հողօգտագործողները (13-ը) ստացել են միջինը 1,7-հազարական լիտր, ինչը Աբրահամյանների կողմից ստացված դիզվառելիքի ծավալից 15 անգամ պակաս է։ ԱԺ նախագահի ազգականներն ըստ էության դիզվառելիքի գծով պետբյուջեից ստացել են Դ5 մլն-ի սուբսիդավորում, համագյուղացիները՝ մոտ Դ200 հազ-ի։

Եթե հաշվի առնենք, որ 1 հա կարտոֆիլի ցանքատարածությունում մոտավոր հաշվարկով տարեկան ծախսվում է մոտ 100 լիտր դիզվառելիք, ապա 2012թ. ԱԺ նախագահի ազգականների կողմից սուբսիդավորմամբ ձեռք բերված վառելիքի ծավալից ստացվում է, որ նրանք մշակել են 480 հա հողատարածք, այն դեպքում երբ տարածքային կառավարման նախարարության տվյալներով՝ Մխչյանում գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 657 հա։

Հետաքրքրական է, որ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության ուշադրության կենտրոնից դուրս է մնացել այս հանգամանքը, համայնքում ստուգումներ չեն իրականացվել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում