Հունիսի 17-ին ռուսական «Գազպրոմը» հայտարարել է, որ ծրագրում է «ՀայՌուսգազարդ» ընկերությունում իր բաժնեմասը 80%-ից հասցնել 100%-ի: Հայաստանի կառավարությունը թերևս հենց «ՀայՌուսգազարդի» իր բաժնեմասից հրաժարվելու միջոցով է սուբսիդավորելու ռուսական գազի թանկացումը, որի մասին լռում էր նախոր մեկուկես տարիներին՝ պայմանավորված քաղաքական պատճառներով: Արդեն կարծես ավանդույթ է դարձել, երբ Հայաստանի քաղաքացին իր սեփականությանը և իրեն վերաբերող որոշումների ու քննարկումների մասին իմանում է ոչ թե սեփական կառավարությունից ու պաշտոնյաներից, այլ երրորդ կողմից (դա վերաբերում է նաև Որոտանի հէկի հնարավոր վաճառքին):
«Գազպրոմի» մամուլի ծառայությունը հունիսի 17-ին հաղորդագրություն է տարածել, որ Մոսկվայում` «Գազպրոմի» գլխամասային գրասենյակում ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլերի և Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի միջև տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, կողմերը քննարկել են «ՀայՌուսգազարդում» «Գազպրոմի» ներկայիս 80% բաժնեմասը մինչև 100% բարձրացնելու հնարավորությունը:
Որ կառավարությանը պատրաստվում էր վաճառել «ՀայՌուսգազարդի» իր 20% բաժնեմասը, ՍիվիլՆեթը բազիմցս գրել է՝ սկսած անցյալ տարվա հուլիսից։ Բաժնեմասի վաճառքի հիմնական պատճառն այն է, որ թեև անցած տարի Հայաստանի համար տեղի էր ունեցել ռուսական գազի գնի բարձրացում, դա վերջնական սպառողների սակագնի վրա չէր անդրադարձել։ Թեև ՊԵԿ-ի «ՀՀ արտաքին առևտուրը երկիր-ապրանք կտրվածքով» հրապարակման համաձայն՝ անցած տարի Ռուսաստանից ներկրված 1000 խմ բնական գազի միջին մաքսային արժեքը կազմել է $232,4, կառավարության ներկայացուցիչները շարունակում էին պնդել, որ գազը ձեռք է բերվում $180/1000 խմ գնով։ Հաշվի առնելով, որ 2012-ը և 2013-ը ընտրական էին Հայաստանում, իշխանությունները ռուսական գազի գնի փոփոխությունն ամեն կերպ գաղտնի են պահել։ Որպեսզի գազի գնի փոփոխությունը վերջնական սպառողի վրա չանդրադառնա ( ներքին շուկայում սակագները մնան անփոփոխ), կառավարությունը համաձայնել է ձեռքբերման գների միջև տարբերությունը (1000 խմ-ի հաշվով՝ մոտ $60) վճարել «սեփական» միջոցներից։
Դեռ անցած տարի ՍիվիլՆեթի աղբյուրները պնդում էին, որ կառավարությունը գնի տարբերությունը վճարելու է «ՀայՌուսգազարդում» իր բաժնեմասի մի մասը «Գազպրոմին» փոխանցելու ճանապարհով։
Գաղտնի գործարք
Ներկայում «Գազպրոմի» պաշտոնական հաղորդագրությունը, որ ընկերությունը պատրաստ է ձեռք բերել «ՀայՌուսգազարդի» 100% բաժնետոմսերը, վկայում է կառավարության գաղտնի գործարքի մասին:
Իհարկե, տնտեսական տեսակետից «ՀայՌուսգազարդում» կառավարության բաժնեմասի վաճառքը որևէ խնդիր չի ներկայացնում, քանի որ վերահսկիչ փաթեթը պատկանում է «Գազպրոմին», և ըստ էության՝ կառավարությունն իր ներկայացուցիչների միջոցով ընկերությունում որոշումների վրա լուրջ ազդեցություն չի կարող ունենալ: Եթե հաշվի առնենք նաև, որ վերջնական սպառողների համար գազի գինը սահմանում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ապա «ՀայՌուսգազարդում» պետական մասնակցությունն ավելի աննպատակ է դառնում։
«ՀայՌուսգազարդի» կանոնադիր կապիտալը 2011թ. (2012թ. ֆինանսական հաշվետվությունը դեռ չի հրապարակվել) վերջին կազմել է Դ312 մլրդ, որից փաստացի կառավարության մասնաբաժինը Դ6,24 մլրդ է (մոտ $150 մլն): Բաժնեմասի վաճառքից պետբյուջե լուրջ մուտքեր են հնարավոր։
Ուշագրավ է, որ «ՀայՌուսգազարդում» կառավարության բաժնեմասը գումարային արտահայտությամբ գրեթե այնքան է, որքան անհրաժեշտ է, որպեսզի կառավարությունը սահմանին սուբսիդավորի ռուսական գազի $270/1000 խմ գնի 30%-ը։
Թերևս հենց այդ գումարներն էլ ուղղվելու են սուբսիդավորմանը, թեև վարչապետ Տիգրան Սարգսյանը վստահեցնում է, որ սուբսիդավորման համար Ռուսաստանը հատկացնելու է դրամաշնորհ։
ՍիվիլՆեթին չհաջողվեց էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից ճշտել սեփական բաժնեմասը վաճառելու Հայաստանի կառավարության պաշտոնական պատասխանը: Նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը տեղեկացրեց, որ նախարարը նոր է վերադարձել Մոսկվայից, և ինքը չի հասցրել ճշտել այցի մանրամասները: Նա խոստացավ հարցերին պատասխանել հուլիսի 19-ին։
Civilnet











