Huawei-ի Ascend P6 սմարթֆոնը iPhone 5-ից բարակ է

Չինական Huawei տեխնոլոգիական ընկերությունը Լոնդոնում ներկայացրել է իր նոր` Ascend P6 սմարթֆոնը, հաղորդում է Verge-ը: Մինչ սմարթֆոնի շնորհանդեսը գրանցվել էր Ascend P6-ի 2 մլն նախնական պատվեր:
Huawei-ն այս սմարթֆոնն անվանել է աշխարհի ամենաբարակ սմարթֆոնը` 6,18 մմ: Համեմատության համար նշենք, որ iPhone 5-ի հաստությունը կազմում է 7,6 մմ, Galaxy S4-ինը` 7,9 մմ, HTC One-ինը` 9,3 մմ, Alcatel One Touch Idol Ultra-ինը` 6,45 մմ:
Սարքավորումն ունի 4,7-դյույմանոց IPS+ մատրիցայով Gorilla Glass պաշտպանիչ էկրան, 1,5 ԳՀց հաճախականությամբ քառամիջուկ Cortex-A9 պրոցեսորով Huawei K3V2 չիպ, 2 Գբ օպերացիոն և 8 Գբ ներկառուցվող հիշողություններ, MicroSD քարտարան, BSI սենսորով հիմնական` 8 Մգպ և երկրորդային` 5 Մգպ տեսախցիկներ:
Ascend P6-ի առանձնահատկություններից է նաև 4 սմ հեռավորությամբ մակրո ռեժիմում նկարահանման հնարավորությունը: Գաջեթն ունի նաև Wi-Fi, Bluetooth, HSPA մոդուլներ և կշռում է 120 գ: Այն աշխատում է Android 4.2.2 Jelly Bean օպերացիոն համակարգով և ֆիրմային Huawei Emotion UI ինտերֆեյսով (միջերես):
Ascend P6-ը վաճառքի կհանվի Եվրոպայում 2013թ. հուլիսից և կարժենա €449: Վաճառակետերում գաջեթը կներկայացվի սպիտակ, սև և վարդագույն գույներով: Իսկ տարեվերջին ընկերությունը խոստանում է թողարկել LTE ցանցերի հետ աշխատանքային մոդուլով տարբերակը:
International Data Company (IDC) հետազոտական ընկերության տվյալների համաձայն` 2013թ. հունվար-մարտին Huawei-ը շուկա է մատակարարել շուրջ 9,9 մլն սմարթֆոն` մատակարարումների ցուցանիշով զիջելով միայն Samsung, Apple և LG ընկերություններին:
Թեմա
Civilnet










