Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հավաստիացնում է, որ դեռ որևէ գործարք չի կնքվել ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ: Այս մասին հունիսի 19-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մովսիսյանը:
«Որևիցե գործարք կատարված չէ: Այս պահին բանակցություններ են ընթանում, և բանակցությունների սեղանին դրված է «ՀայՌուսգազարդի» 20% բաժնետոմսերը տալ-չտալու հարցը: Բանակցությունների սեղանին սակայն միայն այդ հարցը չէ դրված, կան այլ հարցեր ևս»,- ասաց նախարարը:
Նա նշեց, որ մինչև ամսվա վերջ բանակցությունները կավարտվեն: Հարցին, թե ինչ իմաստ ունի 20%-ը հանձնել «Գազպրոմին», քանի որ այդ դեպքում ռուսական կողմը կկարողանա ցանկացած գին թելադրել, Արմեն Մովսիսյանը պատասխանեց. «Խնդիրը այդպես չի դրված, որ ինչ ուզենան անեն, բանակցությունները հենց դրա համար են գնում, որ ինչ ուզեն, այն չանեն, այլ որպեսզի երկարատև ժամանակաշրջանի համար ավելի ապահոված գազամատակարարում մենք ունենանք»:
Հիշեցնենք, որ «Գազպրոմի» տարածած հաղորդագրության համաձայն` հունիսի 17-ին Մոսկվայում` «Գազպրոմի» գլխամասային գրասենյակում, տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլերի և Արմեն Մովսիսյանի միջև, և կողմերը քննարկել են «ՀայՌուսգազարդում» «Գազպրոմի» մասնաբաժինը մինչև 100% բարձրացնելու հնարավորությունը: «ՀայՌուսգազարդի» 20%-ը պատկանում է Հայաստանի կառավարությանը: Նշվում էր, որ Միլերը և Մովսիսյանը քննարկել են նաև գազային ոլորտում հայ-ռուսական համագործակցության զարգացման հիմնական խնդիրները, այդ թվում՝ «Գազպրոմի» մասնակցությունը Հայաստանում իրականացվող էներգետիկ ծրագրերին, ինչպես նաև Հայաստանի սպառողների համար գազի գնագոյացման հարցերը:
Civilnet











