Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման ծրագրի երկրորդ փուլով աշխատանքների իրականացման ժամկետի ավարտ է նշվում 2015թ. դեկտեմբերի 31-ը։
Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման ծրագրի շրջանակում Եվրոպական ներդրումային բանկից (ԵՆԲ) €5 մլն-ի վարկային միջոցներ ներգրավելու անհրաժեշտությունը ֆինանսների նախարարությունում հիմնավորել են «ցածր եկամուտներ ունեցող սոցիալական խմբերին օգնելու» նպատակադրությամբ։ Պնդումը վիճահարույց է այնքանով, որ մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի բոլոր տեսակների, այդ թվում՝ մետրոյի ուղեվարձը Դ100 է (բացառություն են թերևս տրոլեյբուսները, որոնցում ուղեվարձը Դ50 է)։
Կառավարության հունիսի 20-ի նիստի օրակարգում ներառվել է «Հայաստանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2013թ. մայիսի 2-ին Երևանում և մայիսի 10-ին Լյուքսեմբուրգում ստորագրված «Երևանի մետրոպոլիտենի վերակառուցում երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագրին հավանություն տալու մասին» որոշման նախագիծը։
Ֆինանսների նախարարության կողմից ներկայացված փաստաթղթում նշվում է, որ Երևանի մետրոպոլիտենի վերականգնման ծրագրի իրականացման համար Եվրոպական ներդրումային բանկից նախատեսվում է ներգրավել €5 մլն-ի վարկային միջոցներ։ Ֆինանսավորվելու են հիմնականում գերակա կապիտալ ներդրումները, մասնավորապես՝ նվազեցվելու է ջրի ներհոսքը մետրոյի թունելներ: «Տվյալ ներդրումները մայրաքաղաքում հանրային տրանսպորտի մատուցած ծառայությունների բարելավմանն ուղղված ու հանրային տրանսպորտի բարեփոխման միջոցառումների մասն են կազմում: Ծրագիրը հիմնականում նպատակամղված է օգնելու ցածր եկամուտ ունեցող սոցիալական խմբերին, որոնք ներկայում օգտվում են մետրոյի համակարգից»,– նշվում է ֆինանսների նախարարության կողմից ներկայացված փաստաթղթում։
Ծրագրի երկրորդ փուլի շրջանակում նախատեսվում է վերակառուցել և ընդլայնել մետրոյի դրենաժային համակարգը։ Գործող դրենաժային թունելը հասցվելու է մինչև Հանրապետության հրապարակ, ինչը թույլ է տալու ապահովել ամբողջ տարածքի համար ստորգետնյա ջրերի մակարդակի իջեցում ու բարելավելու է թունելների շահագործման պայմանները։ Նախատեսվում է նաև թունելների վերակառուցում, կայարանների և ծառայողական շինությունների բարելավում, վագոնների վերանորոգում և արդիականացում, շարժակազմերի համալրում յոթ նորացված վագոններով։
Ծրագրի ավարտ նշվում է 2015թ. դեկտեմբերի 31-ը։
Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման ծրագրի երկրորդ փուլով աշխատանքների իրականացման համար Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) անցած տարի հատկացրել է €5 մլն-ի վարկային միջոցներ՝ 15 տարի մարման ժամկետով և EURIBOR+1% տոկոսադրույքով։ Ծրագրի առաջին փուլը ֆինանսավորվել է ՎԶԵԲ-ի, ԵՆԲ-ի և ԵՄ-ի կողմից տրամադրված €15 մլն միջոցների հաշվին։ Մետրոպոլիտենի վերակառուցման ծրագրի ընդհանուր արժեքը €30 մլն է։
Civilnet











