Բառապաշարային կոնֆլիկտ
Լրագրող Գոհար Վեզիրյանի և հանրապետական պատգամավոր Վարդան Այվազյանի՝ ԱԺ-ում տեղի ունեցած կոնֆլիկտը սոցցանցերում հակասական մեկնաբանությունների առիթ տվեց։ Սեփական նախագահի արժանապատվությունը պաշտպանող պատգամավորը լրագրողին կոչ է անում «չվնգստալ»։ Լրագրողը հակադարձում է՝ բոմժ։ Սրանցից որում է վիրավորական արտահայտության թափը մեծ։ Անկասկած՝ չվնգստալու մեջ։ Քանի որ բոմժը մարդ է, որը բնակավայր չունի։ Նույնիսկ խաչբառերում կարելի է հանդիպել այս արտահայտությանը։ Իսկ ահա վնգստում են շները։ Պատգամավորը նախագահի արժանապատվությունը բարձրության վրա պահելու համար լրագրողին անվանում է շուն։
Կարո՞ղ է այս պատմությունից ԱԺ էթիկայի հանձնաժողով դիմելու հոտ գալ։ Կարծում եմ՝ ոչ։ Էթիկայի հանձնաժողովը չի կարող «բոմժը» դիտարկել» ոչ հատուկ բնակության տեղ» ունեցողի իմաստով, հանձնաժողովն անմիջապես կդիտարկի, որ լրագրողն ագրեսիվ է դրսևորել իրեն։ Իրականում, սակայն, հնարավոր է մտածել էթիկայի հանձնաժողով դիմելու մասին, քանի որ այն պետք է քննի, թե ով ինչպես է հրահրել պատգամավորին, այլ, թե ինչպես է իրեն դրսևորել պատգամավորը։ Գոհար Վեզիրյանի փոխարեն կարող էր լինել բոլորովին մեկ այլ մարդ՝ բոմժ, որը նախկինում եղել է լրագրող։ Եվ նա կարող է պատգամավորին հիշեցնել հանքարդյունաբերության ոլորտում տեղի ունեցած չարաշահումներում Վարդան Այվազյանի դերի մասին։
Ինչո՞ւ պետք է պատգամավորը նրան հակադարձի «մի վնգստա» կոչով։ Պատգամավորը էթիկական առումով իրեն դրսևորել է կարգավիճակից դուրս, նա «մի վնգստա» արտահայտությամբ Գոհար Վեզիրյանին «հրավիրել» է փողոց։ Սովորական քաղաքացին կարող է պատգամավորի մասին դատել լրատվամիջոցներում եղած հրապարակումներով։ Եվ ի՞նչ։ Բոլորի՞ն պետք է պատգամավորը կոչ անի «չվնգստա՞լ»։ Վարդան Այվազյանն իր կոչով լրատվամիջոցներին հասկացնում է, որ ցանկացած մեղադրանք՝ հիմնավոր, թե անհիմն, վնգստոց է։ Նա չի ասում, որ ոչ մի դատարան չի ապացուցել իր անմեղությունը, չի ասում, որ դատի է տվել «Հետքին», և դատարանն ապացուցել է, որ «Հետքը» զրպարտել է իրեն։ Միանգամից հակադարձում է՝ մի վնգստա։ Այս իրավիճակում լրագրողն անմիջապես դեն է նետել կարևորագույն զենքը, այսինքն՝ լրատվամիջոցի ներկայացուցիչ լինելու փաստը, և Վարդան Այվազյանի հետ խոսել «մերկ»։
Այսինքն՝ «վնգստոցից» հետո ինքը լրագրողի «ծիրանի» չունի։ Գոհար Վեզիրյանը անմիջապես իրեն դրել է բոլոր այն քաղաքացիների տեղը, որոնք Վարդան Այվազյանի նախարարական գործունեության մասին ունեն նույն կասկածները, ինչ ինքը, քանի դեռ որևէ դատարանով ապացուցված չէ Վարդան Այվազյանի անմեղությունը։
Եթե ընթերցողը հետևել է միջադեպի մասին ֆեյսբուքյան և յութուբյան քննարկումներին, նկատած կլինի, որ մեծ մասը զզվանքով է արտահայտվում հանրապետականի մասին։ Նրանք չեն քննարկում, թե ինչքանով է իրեն լրագրողի նման պահել Գոհար Վեզիրյանը, նրանք ասում են, որ Վարդան Այվազյանն արժանի էր «բոմժ» կոչվելուն։ Գոհար Վեզիրյանը հետագայում ասում է, որ ափսոսում է այդ բառի համար, քանի որ զգում է, որ «բոմժի» թիկունքում այնուամենայնիվ մարդն է, որը, հնարավոր է, իր մեղքով չի հայտնվել փողոցում։
Լրագրողն ասում է, որ պատգամավորին կանվաներ «համբալ»։ Սա, իհարկե, կսրեր բախումը, հնարավոր է՝ այն դարձներ անկառավարելի։ Սակայն զուտ բառապաշարային կոնֆլիկտի առումով բախումը կլիներ համարժեք։ «Համբալ» կարող է լինել նաև էշը, գոմեշը, ձին։ Այսինքն՝ կենդանու դիմաց՝ կենդանի։ Ես կխուսափեմ որակել լրագրողի արարքը այն պահից, երբ նա որոշում է գործել շարքային քաղաքացու կերպարով, որին կոչ են անում չվնգստալ։ Բայց ոչ մի դեպքում ոչ մեկին ես «բոմժ» չէի ասի։ «Մի վնգստա»-ն այլ ինքնախոստովանություն է։
Թեմա
Մհեր Արշակյան










