Գլխավոր Լրահոս

Տնտեսական ակտիվությունը կտրուկ դանդաղել է

Տնտեսական ակտիվությունը կտրուկ դանդաղել է

Այս տարվա հինգ ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում կազմել է 5,3%, առաջին եռամսյակում այն 8,7% էր, չորս ամիսներին՝ 7,4%։ Դանդաղումը պայմանավորված է ինչպես տնտեսության բոլոր ճյուղերում աճի տեմպի նվազմամբ, այնպես էլ անցած տարվա ուռճացված բազայով։ Հինգ ամիսների միտումներն ընդհանուր առմամբ մտահոգիչ են, քանի որ տնտեսական ակտիվության արագացումը, որպես կանոն, սկսվում էր ապրիլից՝ պայմանավորված սեզոնայնության գործոնով։

Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները. 2013թ. մայիս» հրապարակման՝ տնտեսական ակտիվության տեմպի դանդաղումը պայմանավորված է տնտեսության բոլոր ճյուղերում աճի տեմպի նվազմամբ։ Գործոններն ինչպես օբյեկտիվ են, այնպես էլ «սուբյեկտիվ»։ Մի կողմից՝ իրեն զգացնել է տվել մայիսյան կարկտահարությունը և համաշխարհային շուկայում մետաղների գների նվազումը։ Մյուս կողմից՝ դանդաղումն արձանագրվել է անցած տարվա մայիսին խորհրդարանական ընտրությունների նախաշեմին բաժանված ընտրակաշառքների, նաև ուռճացված բազայի ֆոնին։ Այս մասին է վկայում թերևս այն, որ այս մայիսին, անցած տարվա նույն ամսվա համեմատ, տնտեսական ակտիվությունը կրճատվել է 1,3%-ով, և անկում է արձանագրվել տնտեսության բոլոր ճյուղերում (բացառությամբ ծառայությունների ոլորտի)։

Արդյունքում այս տարվա հինգ ամիսներին, 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ, արդյունաբերության ոլորտում արձանագրվել է 6% աճ, այն դեպքում, երբ չորս ամիսներին աճը կազմել է 12,6%, առաջին եռամսյակում՝ 15,8%։ Հաշվետու ժամանակահատվածում դանդաղել է նաև առևտրաշրջանառությունը. հինգ ամիսներին ծավալներն աճել են 4,3%-ով (չորս ամիսներին աճը կազմել է 5,4%՝ եռամսյակի կտրվածքով 6,5% աճ)։ Ծառայությունների ոլորտում հինգ ամիսներին արձանագրվել է 5,8% աճ, այն դեպքում, երբ չորս ամիսներին ցուցանիշը 7,2% էր, եռամսյակի կտրվածքով՝ 7,1%։

Հաշվետու ժամանակահատվածում գյուղատնտեսությունում աճը կազմել է 1,3%՝ չորս ամիսներին արձանագրված 2,4%-ի դիմաց։ Անկումը շարունակվել է շինարարության և էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտներում։ Շինոլորտում անկումը կազմել է 8,8% (չորս ամիսներին՝ 6%, երեք ամիսներին՝ 6,5%), էլեկտրաէներգիայի արտադրությունը հունվար-մայիսին կրճատվել է 4,4%-ով (չորս ամիսներին՝ 0,7%-ով)։ Էլեկտրաէներգիայի արտադրության կրճատումն ամբողջովին պայմանավորված է ներքին շուկայում սպառման ծավալների նվազմամբ։

Համաձայն ԱՎԾ տվյալների՝ հունվար-մայիսին արտաքին առևտրի ծավալներն աճել են 0,2%-ով՝ կազմելով $2,2 մլրդ։ Աճն ամբողջովին ապահովել է արտահանման 9,2%-ով ավելացումը (կազմել է $561 մլն)։ Այդուհանդերձ, արտահանման տեմպը դանդաղել է. չորս ամիսներին աճը 16,1% էր։ Հաշվետու ժամանակահատվածում ներկրման ծավալները կրճատվել են 2,6%-ով՝ կազմելով $1,63 մլրդ։

Մայիսին 12-ամսյա գնաճը կազմել է 5,2%, այն դեպքում, երբ միջին աշխատավարձերն աճել են 3,6%-ով (ամսական միջին աշխատավարձի չափը կազմել է Դ143,4 հազ.)։ Ոչ պետական համակարգում միջին ամսական աշխատավարձերի աճը կազմել է 6,1% (մինչև Դ178 հազ.), պետական համակարգում՝ 2,1% (մինչև Դ113,5 հազ.)։ Տվյալները ցույց են տալիս, որ աշխատավարձերի բարձրացման ֆոնին նվազել է պետական համակարգի աշխատակիցների գնողունակությունը։ Բացի այդ՝ հանրապետությունում միջին աշխատավարձի աճի տեմպն ավելի փոքր է եղել, քան գնաճը, ինչն էլ հանգեցրել է առևտրի շրջանառության տեմպերի դանդաղման։

Հինգ ամիսների միտումներն ընդհանուր առմամբ մտահոգիչ են, քանի որ տնտեսական ակտիվության արագացումը որպես կանոն սկսվում էր ապրիլից՝ պայմանավորված սեզոնայնության գործոնով։ Բացի այդ՝ հուլիսից պիտի ակնկալել առաջարկի շոկով պայմանավորված (գազի, էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում) գնաճի մակարդակի ավելացում, ընդ որում՝ աշխատավարձերի չինդեքսավորման պայմաններում բարձր գնաճը (ըստ ԿԲ-ի կանխատեսումների՝ մինչև 8%) հանգեցնելու է պահանջարկի կրճատման և որպես հետևանք՝ տնտեսական աճի դանդաղման։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում