Կառավարությունը կարևորում է հակակոռուպցիոն արդյունավետ քաղաքականության իրականացումն ու այդ ուղղությամբ մասնագիտական քննարկումները, որոնք հնարավորություն կտան մշակել հստակ ռազմավարություն և բացահայտել ճշգրիտ թիրախներ: Այս մասին, ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է ՀՀ-ում Եվրոպական միության ներկայացուցչության կողմից կազմակերպված Հայաստանի պետական հատվածում կոռուպցիայի վիճակի մասին սեմինարի ժամանակ:
«Այդ տեսակետից, Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության ծրագիրը, որը մշակվել է Եվրամիության փորձագետների անմիջական մասնակցությամբ, տվել է իր դրական արդյունքները: Մասնավորապես, մենք, հիմք ընդունելով ԵՄ փորձագետների կարծիքը, ընդունեցինք քաղաքական որոշում և ամեն տարվա համար պետք է ունենանք 2-3 հստակ թիրախներ, միջոցառումների ծրագիր, որը պետք է հանրությանը ցույց տա մեր արձանագրած արդյունքները»,- ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ Հայաստանում իրականացվող կարևորագույն ծրագրերից մեկն էլ կարգավորիչ Գիլյոտինն է, որի նպատակն է ավելորդ բյուրոկրատական քաշքշուկների վերացումը: Վարչապետը նշել է, որ շնորհիվ ԵՄ-ի ու դոնոր կազմակերպությունների օժանդակության՝ այդ ծրագիրն այսօր արդյունավետորեն է աշխատում: Առաջին օրենսդրական փոփոխություններն արդեն կատարվել են, հանձնաժողովի կողմից ընդունվել է համապատասխան մեթոդաբանություն, թե ինչպես պետք է այն գործի, ընտրի թիրախներն ու գործառույթներն իրականացնելու մեթոդը, որպեսզի կարճ ժամանակում ստացվեն էֆեկտիվ արդյունքներ:
Այնուհետև Տիգրան Սարգսյանը հիշատակել է մի քանի ծրագրեր, որոնք ևս դրական արդյունքներ են տվել: Այդ տեսակետից վարչապետն առանձնացրել է ձեռնարկությունների գրանցման միասնական ռեգիստրում էլեկտրոնային համակարգի ներդրումը, ինչը հնարավորություն է տվել ՀՀ-ում ձեռնարկությունների գրանցման ուղղությամբ կոռուպցիոն ռիսկերը հասցնել նվազագույնի:
«Այսօր Հայաստանում հնարավոր է էլեկտրոնային եղանակով, տնից դուրս չգալով 15 րոպեում ձեռնարկություն գրանցել: Սա նույնպես Doing Business-ի համար բարենպաստ միջավայր է ստեղծել: Կարելի է հիշատակել կադաստրում իրականացված միջոցառումները, որոնք էապես նվազեցրել են կոռուպցիոն ռիսկերը»,- նկատել է կառավարության ղեկավարը:
Նա տեղեկացրել է, որ կառավարությունը թիրախավորել է երկու ոլորտ, որտեղ պետք է իրականացվեն հակակոռուպցիոն միջոցառումներ: Առաջինը դատական համակարգն է, երկրորդը՝ առողջապահության ոլորտ:
«Եթե մենք կարողանանք առողջապահության ոլորտում շոշափելի արդյունքներ արձանագրել, ապա բնակչության կողմից կլինի վստահություն, որ կոռուպցիայի դեմ պայքարը տալիս է դրական արդյունքներ»,- նշել է կառավարության ղեկավարը և շնորհակալություն հայտնել ԵՄ-ին` հակակոռուպցիոն բնագավառում համագործակցության համար:
Civilnet











