Երևանում տեղի է ունեցել «ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականցում» ծրագրի ղեկավար խորհրդի հերթական նիստը` Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի նախագահությամբ, հաղորդում են ՊԵԿ մամուլի ծառայությունից:
Նիստին մասնակցել են ոչ միայն պետական գերատեսչությունների, այլև միջազգային կառույցների ներկայացուցիչներ. առաջին անգամ մասնակցել են նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար-դեսպան Տրայան Հրիստեան, ինչպես նաև ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուսետտոն:
«Միացյալ ազգերի զարգացման ծրագրի կողմից իրականացվող այս ծրագիրը, մեր եվրոպական գործընկերների օժանդակությամբ ներկայումս Հայաստանում իրականացվող Թվինինգ ծրագրի հետ հանդիսանում է օրենսդրության կատարելագործմանը, կիրառվող ընթացակարգերի օպտիմալացմանը, ենթակառուցվածքների զարգացմանը և կայուն զարգացման ապահովմանն ուղղված բարեփոխումների ընդգրկուն ծրագրի կարևորագույն բաղադրիչներից մեկը»,- նշել է Գագիկ Խաչատրյանը:
Բագրատաշեն, Բավրա և Գոգավան անցումային կետերի արդիականացման ծրագրի իրականացումը մտնում է վճռորոշ փուլ, քանի որ, ըստ ՊԵԿ նախագահի, արդեն որոշակիանում են շինարարական աշխատանքների մեկնարկի և ընթացքի հետ կապված հարցերը:
«Ծրագրի իրականացումը որոշակիորեն շեղվել է սկզբնապես նախատեսված ժամանակացույցից` կապված շինարարական ընկերության ընտրության ուշացման հետ»,- ասել է նա:
«Սահմանային անցակետերի համալիր զարգացումն ապահովելու համար ՄԱԶԾ-ն և ԵՄ-ը պատրաստակամ են շարունակել աջակցությունը Հայաստանին»,- ընդգծել են միջազգային կառույցների ներկայացուցիչները:
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար-դեսպան Տրայան Հրիստեայի խոսքով՝ ԵՄ պատվիրակությունը գոհունակությամբ է նշում, որ այս հավակնոտ ծրագիրը, որն ուղղված է հայ-վրացական սահմանի արդիականացմանը, որոշակի առաջընթաց է արձանագրել, ինչի համար շնորհավորում է Հայաստանին` այդպիսի պատրաստակամություն դրսևորելու և ներդրումներ իրականացնելու համար:
«ԵՄ-ն կշարունակի տեխնիկական օժանդակություն ցուցաբերել Հայաստանին սահմանային անցակետերի արդիականացման և ենթակառուցվածքների զարգացման գործընթացում»,- ասել է Հրիստեան:
Civilnet











