Ժան Միշել Հապի. «Այս տարվա ընթացքում մենք կվերանայենք մեր կանխատեսումները, սակայն Կենտրոնական բանկի թվերից արդեն իսկ պարզ է, որ ՀՀ կառավարության առաջարկած աճի տեմպերը փոխվելու են՝ հաշվի առնելով գազի սակագնի փոփոխությունն ու կարկտահարության հասցրած վնասները»։
Հայաստանի կառավարությունը 2013թ. համար կանխատեսել է 6,2%, իսկ Կենտրոնական բանկը՝ 5.6% տնտեսական աճ: ՀՀ նախագահը հանձնարարել է ապահովել 7% աճ: Որքանո՞վ են այս կանխատեսումները իրատեսական՝ հաշվի առնելով գազի և էլեկտրաէներգիայի թանկացումը և դրանց ազդեցությունն ընդհանուր տնտեսության վրա: ՍիվիլՆեթի հետ զրույցում Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապին ասում է, որ արդեն իսկ պարզ է, որ գազի ու էլեկտրաէներգիայի սակագնի սպասվող թանկացումը կհանգեցնի գնաճի ցուցանիշների աճին, կդանդաղեցնի մինչ այդ կանխատեսումներով առաջարկված աճի տեմպերը և բացասական ազդեցություն կունենա աղքատության ցուցանիշների վրա: Այս և այլ թեմաների շուրջ զրույցը պարոն Հապիի հետ՝ ստորև:
— Հայաստանի կառավարությունը պատրաստվում է սուբսիդավորել ռուսական գազի ձեռքբերման գնի 30%-ը։ Ի՞նչ դիրքորոշում ունի Համաշխարհային բանկն այս հարցում։
— Ինչպես գիտեք, Ռուսաստանից ներկրվող գազի գինը մեկ խորանարդ մետրի համար 50%-ով թանկացել է՝ 180 դոլարից հասնելով 270-ի: Այս մեծածախ սակագինը գազի և էլեկտրաէներգիայի մանրածախ գների վերանայման անհրաժեշտություն առաջացրեց: Հաշվի առնելով անմիջապես սպասվող համարժեք գնային վերանայումների ակնկալվող հետևանքները հայաստանյան տնտեսության վրա և բնակչության խոցելի խմբերի առկայությունը, ըստ էության որդեգրվել է գների վերանայման աստիճանական մոտեցումը: Որպես առաջին քայլ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց փոքրածավալ սպառողների դեպքում գինը բարձրացնել 18,2%-ով, իսկ մեծերի դեպքում՝ որդեգրել 14% աճը: Էլեկտրաէներգիայի մանրածախ գները միջինը կփոփոխվեն 28,6%-ով: Ակնկալվում է, որ ներկրվող և մանրածախ գների միջև տարբերությունը կկազմի 72 մլրդ դրամ, ինչն էլ կծածկվի պետական բյուջեից:
Այս տարվա ընթացքում Համաշխարհային բանկը կհետևի մակրոտնտեսական փաստացի կատարողական ցուցանիշներին և կվերանայի կանխատեսումները: Այնուհանդերձ, արդեն իսկ պարզ է, որ գազի ու էլեկտրաէներգիայի սակագնի սպասվող թանկացումը կհանգեցնի գնաճի ցուցանիշների աճին, կդանդաղեցնի մինչ այդ կանխատեսումներով առաջարկված տնտեսական աճի տեմպերը և բացասական ազդեցություն կունենա աղքատության վրա: Համաշխարհային բանկը մինչ այդ խորհուրդ էր տվել, որ պահուստների հաշվին ավելի բարելավվի ֆիսկալ իրավիճակը, հզորացվի ֆիսկալ կարգապահությունը, և կոնսոլիդացիան կրի շարունակական բնույթ: ՀՀ կառավարությանը նաև խորհուրդ ենք տվել խթանել կառուցվածքային բարեփոխումները, ինչն իր հերթին կնպաստի տնտեսության դիվերսիֆիկացմանը, մրցունակության բարձրացմանը: Այս ամենի շնորհիվ հնարավոր կլինի մեղմացնել ապագա ցնցումները՝ առավել պատրաստված լինելով տնտեսության ցիկլերին: Վերոնշյալ առաջարկությունների լույսի ներքո մենք կշարունակենք աջակցել ՀՀ կառավարությանը, քանի որ հավատացած ենք երկրի համար դրանց ունեցած կայուն զարգացման ներուժին: Այդ բարեփոխումները նաև հարկավոր են, որպեսզի հնարավոր լինի երկրում առկա խոցելի խմբերին աջակցության միջոցով դուրս բերել աղքատության փակ շրջանից:
Բացի այդ՝ պարզ է, որ ներկրված գազի գներն անհամեմատ մատչելի են եվրոպական և ԱՊՀ գազ ներկրող երկրների մեծամասնության սակագներից: Սա ենթադրում է, որ սակագների վերանայման հավանականությունն ապագայում նորից կարող է հայտնվել օրակարգում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Հետևաբար՝ կառաջարկեմ այս մարտահրավերն ընկալել որպես հնարավորություն և վերաձևակերպել երկրի էներգետիկ քաղաքականությունը, ճանապարհներ որոնել կախվածությունը նվազեցնելու՝ ուսումնասիրելով էներգիայի այլընտրանքային աղբյուրների առաջարկած հեռանկարն ու աղբյուրների բազմազանեցումը: Ավելին՝ կարելի է բարելավել երկրի մրցունակությունը՝ նվազեցնելով բիզնեսի ծախսերն ու բարձրացնելով արտադրողականությունը, ինչպես նաև բարելավելով էներգետիկ արդյունավետությունը:
— Կառավարությունը քննարկում է թանկացած գազի գնի սուբսիդավորումը վարկային միջոցներ ներգրավելու հաշվին իրականացնելու տարբերակը։ Խոսվում է նաև 500 մլն դոլարի եվրապարտատոմսեր թողարկելու մասին, որից ստացված գումարները կարող են ուղղվել սուբսիդավորմանը: Ո՞րն է ՀԲ դիրքորոշումը:
— ԱՄՀ ներկայացուցիչն արդեն անդրադարձել է եվրապարտատոմսերի փոխկապակցվածությանը գազի սուբսիդավորմանը, ինչը, կարծում եմ, արդեն իսկ փարատել է մտահոգությունները: Միջազգային կապիտալ շուկաների հասանելիության խնդիրը երկրի զարգացման այս փուլում առավել ևս ողջունելի է: Այդ պարտատոմսերի թողարկումը հնարավորություն կտա բազմազանեցնել ֆինանսական աղբյուրները և սոցիալական ծրագրերի ու ֆինանսական ենթակառուցվածքների համար ներգրավել լրացուցիչ միջոցներ: Մինչ օրս Հայաստանի արտաքին աջակցության խողովակները բացառապես եղել են երկկողմանի և բազմակողմանի աղբյուրներից: Երկրի եկամուտի մակարդակի բարձրացմանը զուգահեռ՝ այդ աղբյուրները կարող են կորցնել իրենց մատչելիության աստիճանը: Հետևաբար, շրջվելով դեպի կապիտալ շուկաները, երկիրը ճիշտ քաղաքականություն է որդեգրել: Տարածաշրջանի այլ երկրներ, օրինակ՝ Վրաստանը, այդ շուկաներ մուտք են գործել անգամ մինչև վերջին ֆինանսատնտեսական ճգնաժամի հասունացումը:
— Եվրապարտատոմսերի տեղաբաշխումը նախատեսվում է 6,1% եկամտաբերությամբ, 10 տարի մարման ժամկետով: Այսինքն՝ այս պարտքը ավելի թանկ է, քան ԱՄՀ-ից ներգրավվողը: Առհասարակ, ՀԲ-ն պետական պարտքի կառավարման առումով ռիսկեր տեսնո՞ւմ է Հայաստանում: Եթե այո, որո՞նք են այդ ռիսկերը:
— Իսկապես, կապիտալ շուկաներից ներգրավված գումարների պայմանները տարբերվում են դոնորների կողմից առաջարկվող միջոցների համար գործող կանոններից: Բայցևայնպես, Հայաստանը չի կարող մշտապես օգտվել բարենպաստ պայմաններով առաջարկվող ֆինանսական միջոցներից: Առավել մեղմ պայմաններով առաջարկվող վարկային միջոցները նպատակ ունեն աջակցելու ցածր եկամուտ ունեցող երկրներին: Առաջիկա մի քանի տարիների ընթացքում Հայաստանը դուրս կգա արտոնյալ պայմաններով վարկային միջոցներ առաջարկող կազմակերպությունների շրջանակից: Հետևաբար՝ երկիրը անցումային այս շրջանը պետք է օգտագործի նախապատրաստելու գործընթացի կառավարման համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ, իրավական և հմտությունների անհրաժեշտ բազիսը: Իհարկե, առկա են ֆոնդերի կառավարման առանձնահատկություններ, ինչպես օրինակ՝ հետվճարման ժամանակացույցը, նվազագույն չափը և պարտքի վերաֆինանսավորման ռիսկերը: Եվրապարտատոմսերի տրամադրման նվազագույն սահմանաչափը 500 մլն է, իսկ վճարումը՝ միանվագ: Հիմնական ռիսկը Հայաստանի դեպքում տասը տարվա ընթացքում պարտքի վերաֆինանսավորման կարողությունն է: Այն կառավարելու համար երկրի տնտեսությունը, այդ թվում՝ հարկային ու արտահանման ցուցանիշները, պիտի լինեն կայուն, որպեսզի հնարավորություն ընձեռեն պարտքի հետվճարումը սահուն իրականացնել:
— Վերջերս Հայաստանում ԱՄՀ ներկայացուցիչները հոդված հրապարակեցին՝ նշելով, որ ՀՀ կառավարությունը պետք է փոփոխություններն արագ իրականացնի, հակառակ դեպքում «այն դրական արդյունքները, որ հայերը ցանկանում են տեսնել, նույնպես կլինեն աստիճանական, եթե դրական արդյունքներ ընդհանրապես լինեն»: Դուք համաձա՞յն եք ԱՄՀ տեսակետին, որ գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ կառավարության գործողությունները դանդաղ են և ոչ վճռական:
— Մեր համագործակցությունը ՀՀ կառավարության հետ ունի երկար ձգվող հաջողված պատմություն, և անհերքելի է, որ մի շարք առանցքային ոլորտներ բարեփոխվել են: Սա շարունակական գործընթաց է, և Համաշխարհային բանկը իր «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» զեկույցում շեշտադրել է այս տարածաշրջանում կառուցվածքային բարեփոխումների անհրաժեշտությունը, եթե ուզում ենք ավելի լավ նախապատրաստվել հերթական ցնցումներին: Որպեսզի երկիրը կարողանա հակաճգնաժամային քաղաքականության միջոցով առավել լավ հակազդել ճգնաժամերին և հակակշռել կառուցվածքային խոցելիությունը, հարկավոր է մտածել «ֆիսկալ բարեկեցության» պետական ծախսերի ընտրության ճկունության բարձրացման մասին: Սա մասամբ ենթադրում է ենթակառուցվածքային ու կարգավորող բարեփոխումների իրականացում, ինչն էլ թույլ կտա հզորացնել տնտեսությունը առաջարկի միջոցով: Սա իր հերթին ՀՀ կառավարությունից պահանջում է երկարաժամկետ հաստատուն գործողությունների ընթացք միտված բարելավված արտադրողականության և կայուն զարգացման ապահովմանը: Մեր կառուցողական ներգրավվածության և շարունակական բանակցությունների ընթացքում, մինչ այս պահը, մեզ վստահեցրել են աշխատատեղերի ստեղծման միջոցով տնտեսության բազմազանեցման, մրցունակության բարելավման ու մատչելի որակյալ սոցիալական ծառայությունների ապահովման հանձնառության մասին: ՀՀ կառավարության ներկայացրած ռազմավարությունը թույլ է տալիս լցվել լավատեսությամբ՝ մասնավորապես հաշվի առնելով այն փաստը, որ բանկը ներկայում բանակցում է երկրում իր ներգրավվածության առաջիկա տարիների ռազմավարության շուրջ:
— Կառավարությունն իր ծրագրով կանխատեսել է հարկեր/ՀՆԱ ցուցանիշի բարելավում տարեկան 0,3-0,4-տոկոսային կետով: Նման աճը բավարա՞ր է, եթե հաշվի առնենք, որ պաշտոնական գնահատականներով՝ Հայաստանում ստվերային տնտեսությունը կազմում է 35%։
— Հարկեր/ՀՆԱ ցուցանիշի տարեկան աճը 0,3-0,4-տոկոսային կետի միջակայքում լինելը փոխկապակցված է միայն հարկային վարչարարության բարելավման հետ: Սա նշանակում է, որ հարկային քաղաքականության փոփոխման դեպքում (ինչպես օրինակ՝ նոր հարկատեսակներ, բարձր տոկոսադրույք, մեծ հարկային բազա և այլն) դրանք պիտի արտացոլվեն հարկեր/ՀՆԱ հարաբերակցության լրացուցիչ աճի մեջ:
Լուսանկարը` Ֆոտոլուրի
Civilnet











