Apple-ի նախկին ինժեները գաղտնի արտադրանք է նախագծում

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության նախկին ինժեներ Թիմ Բուչերը նոր ստարտափ է հիմնել, որի ստեղծման աշխատանքներին մասնակից է դարձրել նաև YouTube տեսահարթակի, ամերիկյան Amazon, Intel և Netflix ընկերությունների հանգուցային աշխատակիցներին, հաղորդում է Verge-ը:
Ամերիկյան Black Pearl Systems (BPS) ընկերության թափուր աշխատատեղերի մասին հայտարարության համաձայն` ընկերությունը ստեղծում է «իր կատեգորիայում լավագույն արտադրանքը` միլիարդավոր օգտագործողների առջև ծառացած խնդիրը լուծելու նպատակով»:
Թե ինչպիսի ծառայության մասին է խոսքը, ոչինչ չի հաղորդվում: Փորձագետների համոզմամբ` ստարտափի մշակմամբ բավական լուրջ թիմ է զբաղվում:
Հատկանշական է, որ BPS-ի ղեկավար Բուչերը մեծ դեր է ունեցել Mac mini համակարգիչների և iPod նվագարկիչների նախագծման գործընթացում: Իսկ BPS-ի տեխնիկական տնօրեն Սքոթ Սմայերսը երկար ժամանակ զբաղեցրել է ճապոնական Sony ընկերություն թոփ մենեջերի պաշտոնը, ինչպես նաև ղեկավարել է Digital Living Network Alliance (DLNA) կոնսորցիումը:
Համաձայն գործնական կապերի որոնման և հաստատման համար նախատեսված LinkedIn սոցցանցում առկա անձնական էջերի` BPS-ում ընդհանուր առմամբ աշխատում է 40 մասնագետ:
Gigaom աղբյուրի կարողացել է ստարտափի հետ կապված մի շարք հետաքրքիր հանգամանքներ ճշտել, որոնց համաձայն` BPS-ը ներգրավվել է Սպառողական էլեկտրոնիկայի ասոցիացիայում (CEA) և ամենամյա Consumer Electronics Show (CES) ցուցահանդեսի մասնակցության հայտ է ներկայացրել: Ընկերության առաջին արտադրանքը կլինի Android պլանշետը, որը նման կլինի Sony Tablet S-ին և երաժշտական մի սարք, որը հեռուստացույցով իր կոնտենտը հեռարձակելու հնարավորություն կունենա: BPS-ը նաև նոր բջջային ծրագիր է մշակում Android-ի, iOS-ի անհատական համակարգիչների և Mac-երի համար:
Թեմա
Civilnet










