Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյան։
Անցած շաբաթ Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի 2012թ. հաշվետվությունը բուռն քննարկումների տեղիք տվեց. հունիսի 20-ին՝ մինչև կառավարության նիստը սկսելը, վարչապետ Տիգրան Սարգսյանը այս հաշվետվության վերաբերյալ երեք քաղաքական հայտարարություն արեց։ Օրվա երկրորդ կեսին Վերահսկիչ պալատը հաղորդագրության տեսքով պատասխանեց վարչապետին։
Կառավարության նիստին վարչապետ Տիգրան Սարգսյանը, անդրադառնալով Վերահսկիչ պալատի հաշվետվությանը, ասաց, որ ամեն ինչ անելու է, որպեսզի հրապարակային մեղադրանքները պատասխաններ ստանան։ «Ես անձամբ խիստ շահագրգռված եմ, որ բոլոր այն բացահայտումներին վերաբերող գործերը, որոնց մասին խոսում էր Վերահսկիչ պալատը, անհապաղ ներկայացվեն իրավապահ մարմիններին, և տրվեն պատասխաններ»,– նշեց նա։
Վարչապետի խոսքով՝ ինչպես և Ազգային ժողովի նախագահը, ինքը նույնպես կարծում է, որ պետբյուջեի միջոցները երբևիցե մսխած պաշտոնատար անձինք պետք է խիստ պատիժ կրեն։ «Վերահսկիչ պալատը խիստ մասնագիտացված կառույց է, և համաձայն եմ պատգամավորների այն տեսակետին, որ անհրաժեշտ է օրենսդրությամբ հստակ նկարագրել այն կանոնակարգը, թե ինչպես է ներկայացվում Վերահսկիչ պալատի հաշվետվությունն Ազգային ժողովում»,– ասաց Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, թե Վերահսկիչ պալատն իրավունք չունի հանդես գալ քաղաքական հայտարարություններով։ «Վերահսկիչ պալատը պարտավոր է ներկայացնել միայն ու միայն մասնագիտական եզրակացություններ, իսկ քաղաքական գնահատականներ տալը Ազգային ժողովի և գործադիր իշխանության գործառույթն են»,– նշեց վարչապետը։
Դիմելով կառավարության նիստին ներկաներին՝ վարչապետը հիշեցրեց, որ կառավարության դահլիճում լսել են նախարարների հաշվետվությունները Վերահսկիչ պալատի ներկայացրած նյութերի վերաբերյալ և շնորհակալություն հայտնել Վերահսկիչ պալատին՝ համատեղ աշխատանքի համար։ «Բայց այն, ինչ տեղի ունեցավ Ազգային ժողովում, ոչ մի կապ չուներ այն նյութերի հետ, որոնք գտնվում էին կառավարության ուշադրության կենտրոնում։ Եվ այն հայտարարությունը, որ պետական բյուջեի 70%-ը խիստ ռիսկային է և կոռումպացված ձևով է ծախսվում, վերաբերում է այս դահլիճում նստածներից յուրաքանչյուրին։ Պետական բյուջեի 70%-ը՝ 700 մլրդ-ը, նշանակում է, որ ասվածը վերաբերում է համատարած բոլոր ոլորտներին, ինչը չի կարող համապատասխանել իրականությանը»,– ասաց վարչապետը։
Տիգրան Սարգսյանը նիստի ներկաներին հանձնարարեց և պահանջեց հնչած ոչ մի մեղադրանք անպատասխան չթողել։ «Դուք պարտավոր եք պատասխանել այդ մեղադրանքներին. կա՛մ հերքել, կա՛մ պատրաստել նյութեր և այդ նյութերը ներկայացնել դատախազություն, կա՛մ հրապարակային ներկայացնել, որ այդ մեղադրանքները ճիշտ են, և դուք դրա համար պետք է պատասխանատվություն կրեք»,– շեշտեց վարչապետը։
Վերահսկիչ պալատը քաղաքական գնահատական չի տվել
Վերահսկիչ պալատը, արձագանքելով վարչապետին, օրվա երկրորդ կեսին հաղորդագրություն տարածեց. դրանում նաև շնորհակալություն էր հայտնվում վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ կառավարության նիստում Վերահսկիչ պալատի 2012թ. հաշվետվության հետ կապված հայտարարությունների համար։
«Վերահսկիչ պալատի նախագահը, ՀՀ Ազգային ժողովում խոսելով գնումների և շինարարության ոլորտներում առկա խնդիրների մասին, ասել է, որ 2013թ. պետական բյուջեի շինարարության և գնումների ոլորտներին է առնչվում ծախսային մասի մոտ 701 մլրդ-ը, որ շինարարության և գնումների ոլորտը համարվում է ռիսկային։ Սա ամենևին չի նշանակում 700 մլրդ-ի մսխում»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Վերահսկիչ պալատը համաձայնել է վարչապետի այն մտքին, որ իրավունք չուներ հանդես գալ քաղաքական հայտարարություններով։ Հաղորդագրությունում նաև մեջբերվել է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի 2013թ. հունիսի 18-ին Ազգային ժողովում ունեցած եզրափակիչ ելույթի այդ հատվածը, որում նա մասնավորապես ասել է (առանց խմբագրման). «Հիմա ըստ էության ես ուզում եմ խոսել մի քանի խնդիրների մասին, որոնք փորձել եմ համակարգել, որովհետև մոտ 50 պատգամավոր, 188 հարցի միջոցով փորձեցին վեր հանել այն եզրակացությունը, ինչը մենք ներկայացրել էինք Ազգային ժողովին, և շուրջ երեք տասնյակ ելույթներով փորձեցին տարբեր գնահատականներ տալ։ Իհարկե, ես զերծ եմ մնալու քաղաքական ենթատեքստ ունեցող գնահատականներից, զերծ եմ մնալու դրանց այլ որակումներ տալուց, որովհետև ես ասել եմ, որ ՎՊ հաշվետվությունը երբեք քաղաքական դաշտ չպետք է տանել, և այս առումով ինձ համար բացարձակ ընդունելի չի և, ավելին ասեմ, տարօրինակ է հատկապես մի քանի պատգամավորների կողմից հնչեցված որոշակի տերմիններ, որոնք բացարձակապես կապ չունեն այս հաշվետվության հետ: «Համատարած թալան», «ՎՊ-ն իր հաշվետվության մեջ փորձել է օգտագործել քաղաքական տերմիններ կամ ենթատեքստ է դրել»: Հաշվետվությունը ձեր սեղանին է, խնդրում եմ ցույց տալ, թե «համատարած թալան» արտահայտությունը որտեղ է օգտագործված, և քաղաքական ինչ գնահատականներ ենք մենք տվել: Չկա այդպիսի բան, և ինձ թվում է, որ որոշ տերմիններ օգտագործելուց հետո ոմանք փորձ են անում դրանք ուղղել, սա արդար չէ»։
Civilnet











