Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013թ. հունիսի 21-ին կայացած նիստում քննարկվել է «Երևան ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին հարցը, հաղորդում են ՀԾԿՀ մամուլի ծառայությունից:
Քննարկելով վերը նշված հարցը` հանձնաժողովը սահմանել է` սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման մանրածախ ծառայությունների մատուցման սակագները, որոնց գումարային մեծությունը կազմում է 170,256 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն)` գործող 174,059 դրամ/խմ-ի փոխարեն (տարբերությունը` 3,8 դրամ):
Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի 2013թ. հուլիսի 21-ից:
Փետրվարի վերջին ՀԾԿՀ-ի ներկայացրած հայտով «Երևան ջուրն» առաջարկել էր 2013-2014 թթ. համար մայրաքաղաքի ջրամատակարարման և կեղտաջրերի հեռացման 1 խմ ծառայության սակագինը սահմանել 138,37 դրամ (առանց ԱԱՀ-ի)՝ ներկայիս 145 դրամի դիմաց (առանց ԱԱՀ-ի)։ Եթե հայտը ներկայացնելու պահին ընկերությունը հաշվարկային տարվա համար էլեկտրաէներգիայի սակագների փոփոխությամբ պայմանավորված ճշգրտման գործակից էր ընդունել 1,274-ը՝ հաշվի առնելով հուլիսի 7-ից վերջնական սպառողների համար էլեկտրաէներգիայի թանկացման հանգամանքը, ՀԾԿՀ-ն գործակից է ընդունել 1,712-ը։
Առաջին անգամ ՀԾԿՀ-ն Երևանում ջրամատակարարման և կեղտաջրերի հեռացման ծառայության սակագինը նվազեցրել է 2011թ.՝ 1 խմ-ի դիմաց 7 դրամով՝ մինչև Դ174,06։ «Երևան ջուրը» անցած տարի դիմել էր 1 խմ հաշվով սակագինը 2 դրամով բարձրացնելու հայտով, հանձնաժողովը մերժել էր հայտը՝ սակագինը թողնելով անփոփոխ։
Civilnet











